«Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը գնալով կատարելագործվել է:
-Մարդու իրավունքների պաշտպանները, թերեւս, բոլոր իշխանությունների ժամանակ թիրախավորված են եղել: Հիշենք Լարիսա Ալավերդյանին, Արմեն Հարությունյանին, Կարեն Անդրեասյանին եւ Արման Թաթոյանին, որը եւս իշխանությունների թիրախում է: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք մարդու իրավունքների պաշտպանության իսնտիտուտը կայացած է այնքանով, որ անձերի փոփոխությունը չի կարող ազդել համակարգի աշխատանքի արդյունավետության վրա:
-Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ամեն տարի գնալով կատարելագործվել է, եւ, իսկապես, մենք անընդհատ ունեցել ենք աճող դինամիկա: ՄԻՊ գրասենյակի իրականացրած ջանքերը կարելի է գնահատել այնքանով, որքանով մեր երկրում հնարավոր է աշխատել, որովհետեւ չեմ կարող արձանագրել, որ դեպի վատն ենք գնացել, այլ՝ հակառակը: Մարդու իրավունքների ներկա պաշտան Արման Թաթոյանը միակ պաշտոնյան ու պաշտպանն է, որը պաշտոնավարում է մինչեւ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը: Մյուս Բոլոր պաշտպաններին իշխանություններն իրենց պաշտոնավարման ժամկետից շուտ ուղարկեցին համապատասխան վայրեր՝ համապատասխան որակումներով: Անձերից շատ բան է կախված, որովհետեւ, եթե անձը ցանկանում է, որ համակարգը կայանա ու աշխատի, ապա ստացվում է: Եթե անձը չուզենա, ինչքան էլ համակարգը կայացած ու փորձառու լինի, չի կարող աշխատել: Ես այս առումով չեմ կարող ասել, թե մեզ ապագայում ինչ է սպասվում, միայն ափսոսում եմ այսօրվա Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բարձր հեղինակության ազդեցությունը՝ նաեւ միջազգային ատյաններում։ Ես կափսոսեմ, որ այդտեղ ունենանք նահանջ: Բայց իշխանության ձգտումները, որ բոլոր ոլորտներում պետք է տիրի բացարձակապես իշխանության քմահաճույքները, եւ իշխանությունը բոլոր տեղերում պետք է թելադրող լինի, սա, իհարկե, մտահոգիչ է: Մենք նաեւ տեսնում ենք՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ինչպիսի խնդիրներ են արձանագրվում ՏԻՄ-երից հետո՝ զանգվածային ձերբակալություններ, ծեծուջարդ, քաղաքացու քվեի հետ անհաշտ վերաբերմունք իշխանության կողմից. այս ամենը որեւէ լավ ազդակի մասին չի խոսում:
-ՄԻՊ-ի աշխատանքի ընթացքում տեսնում ենք դեպի սահմանամերձ գյուղեր այցելությունները ու մեր գերատեսչությունների՝ հատկապես Պաշտպանության նախարարության, հերքումները եւ այլն: ՄԻՊ-ի եւ պետական համակարգի միմյանց ժխտող իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում:
-Դա բացարձապես նորմալ չէ. ադրբեջանական ցանկացած գործողություն, ոտնգձություն, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի, ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումների վերաբերյալ: Իսկ մենք տեսնում ենք, որ ահաբեկչական գործողությունները շարունակվում են մինչ այս պահը: Այս պայմաններում զարմանալի է, որ պաշտպանության նախարարությունը փորձում է հերքել Մարդու իրավունքների պաշտպանին: Ես ԱԺ ամբիոնից եմ խոսել այս մասին եւ Պաշտպանության փոխնախարարին հարց ու պատասխանի ֆորմատով փորձել եմ «ստիպել», որպեսզի նա խոստովանի, որ ՊՆ-ն ստել է՝ հերքելով Արման Թաթոյանին: Ինչու, որովհետեւ նրանք խոսում էին իմ հայրենիքի՝ Գեղարքունիքի մարզի սահմանների մասին, եւ Ա. Թաթոյանը հայտարարեց, որ այնտեղ Ադրբեջանը իրականացնում է ինժեներական աշխատանքներ:Դա ակնհայտ էր. անզեն աչքով երեւացող բան է: Ակնհայտ տեսածը հերքելն ուղակի անհասկանալի է: Ի՞նչն եք հերքում:
Ն. ՊՈՂՈՍՅԱՆ
ԵՐԴՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ
Դեկտեմբերի 5-ին Թալինում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո համայնքը, թեև համայնքապետ ընտրել է, բայց ավագանին նիստ չի գումարել՝ ապահովելու ընտրված համայնքապետի երդմնակալությունը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, նշենք, այստեղ նույնպես ամեն ինչի գնով ու ատամներով պահելով իշխանություն ձևավորեց: Թալինի 21 հոգանոց ավագանիում ՔՊ-ն 10 ձայն ուներ, սակայն, թեկնածու Տավրոս Սափեյանի օգտին քվեարկել է նաև Կարեն Գրիգորյանը՝ «Հայք» խմբակցությունից, որը հետագայում հրաժարվել է մանդատից: Հետևաբար ՔՊ-ի 10 ձայնն այժմ բավարար չէ ավագանու նիստ հրավիրելու համար:
Թալին խոշորացված համայնքի ղեկավար ընտրված Տավրոս Սափեյանն այժմ մեղադրում է ավագանու ընդդիմադիր անդամներին՝ սաբոտաժ իրականացնելու մեջ: «Չենք պատրաստվում հանդուրժել այս սաբոտաժը։ Մենք տեր ենք կանգնում մեր քվեներին եւ պայքարում ենք ի բարօրություն ողջ համայնքի»,- ասում է նա: Նրա մեղադրանքներին ընդդիմադիրները դատարան դիմելով են պատասխանում՝ իրավապահ համակարգից ակնկալելով անվավեր ճանաչել Տավրոս Սափեյանի ընտրությունը:
Հիշեցնենք, որ ընտրության արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո Տավրոս Սափեյանն ու թիմակիցները, չգիտես ինչ հաշվարկներով, շամպայնով, ծափ-ծիծաղով հաղթանակ էին տոնում: Սակայն, ԿԸՀ-ի մանդատների բաշխումից հետո, ընդդիմադիր «Զարթոնք», «Հայք», «Մեր համայնք» կուսակցությունները հուշագիր էին ստորագրել՝ որպես համայնքապետի թեկնածու առաջադրելով Կարեն Գրիգորյանին՝ «Հայք» կուսակցությունից։ Սակայն նարընտիր ավագանու առաջին նիստին Կարեն Գրիգորյանը ինքնաբացարկ էր հայտնել եւ իր ձայնը տվել էր ՔՊ-ական Տավրոս Սափեյանին: Քվեարկության արդյունքում՝ Տավրոս Սափեյանն ստացել էր 11, իսկ ընդդիմադիրների մյուս թեկնածուն՝ Դավիթ Մանուկյանը՝ 10 ձայն:
Թալինի ընտրության ու դրան հաջորդ զարգացումների թնջուկը մինչ այս պահը շարունակում է անհասկանալի մնալ: Տավորս Սափեյանն ամեն գնով փորձում է երդվել ու գործի անցնել, ընդդիմադիրները դեռեւս համառորեն ու միասնական չեն ապահովում ավագանու նիստի քվորումը: Ի վերջո՝ ով տեղի կտա, կամ ով ում ինչպես ու ինչով կահաբեկի, կհամոզի, դեպքերն ու զարգացումները ցույց կտան:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ԴԻՄՈՒՄԸ ՀԵՏ Է ՈՒՂԱՐԿԵԼ
Վարչական դատարանը հետ է վերադարձրել Վարդենիսում ՔՊ-ի համայնքի ղեկավարի թեկնածու Արամ Մելքոնյանի դիմումը, որով վերջինս պահանջում էր չեղյալ համարել ավագանու առաջին նիստը: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց «Միասնական Վարդենիս» դաշինքից ավագանու անդամ ընտրված Դավիթ Շահնազարյանը: Նշենք, որ այդ նիստի ժամանակ «Ահարոն Խաչատրյան» դաշինքը համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրեց Ահարոն Խաչատրյանի թեկնածությունը, եւ վերջինս քվեարկությամբ ընտրվեց: Սակայն դրանից հետո Մելքոնյանը դիմել է դատարան՝ հենց այդ նիստը չեղյակ համարելու պահանջով. դատարանը հետ է վերադարձրել այն: Միեւնույն ժամանակ մենք տեղեկացանք, որ Արամ Մելքոնյանի կողմից նոր հայցադիմում է պատրաստվում՝ նույն պահանջով: Իսկ մինչ այդ, հենց համայնքապետարանի բակում հունվարի 4-ին երդվել էր Ահարոն Խաչատրյանը:
ՆՈՐ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է՝ նախորդ օրը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներին, որի հետեւանքով հայկական կողմն ունեցել էր զոհեր եւ վիրավորներ: Ադրբեջանի ղեկավարը պարզ տեքստով ասում է, որ վերազինում են բանակը՝ իրենց առջեւ դրված դրված հետագա խնդիրները լուծելու համար: Իհարկե, ասուլիսը չի անցել առանց տարածքային հավակնությունների մասին խոսելու: Նա խոսել է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին, որը պետք է անցնի Սյունիքով, բացի այդ՝ տարածքային հավակնություններ են ներկայացվել ՀՀ այլ տարածքների, մասնավորապես՝ Գեղարքունիքի եւ Երեւանի նկատմամբ՝ անվանելով դրանք «Ադրբեջանական տարածքներ»: Նա խոսել է նաեւ Զինված ուժերի հզորացման քայլերի մասին: Ալիեւը բավականին կոշտ է խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ապագայի մասին։ Նա պնդել է, որ Մինսկի խումբը պետք է ձեւավորի իր օրակարգը, չնայած՝ ինքը պատկերացում ունի, թե նրանք ինչով պետք է զբաղվեն եւ ինչով՝ ոչ։ Նրա խոսքով, Բաքվին բացարձակապես չի անհանգստացնում Մինսկի Խմբի գործունեության ցածր մակարդակը։ Ադրբեջանի նախագահի ասելով, ըստ իր տեղեկությունների՝ Մինսկի խմբի համանախագահների մոտ չկա նախկին միասնականությունը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ հայտարարել էր, թե հակամարտությունն այլեւս լուծվել է՝ վերջին պատերազմով, եւ հիմա ժամանակն է առաջ նայել։ Իսկ Միջնորդական խմբի երեք անդամները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Ռուսաստանը, պարբերաբար հայտարարում են, որ մի շարք խնդիրներ դեռեւս լուծված չեն, եւ անհրաժեշտ է շարունակել բանակցությունները հակամարտության համապարփակ կարգավորմանը հասնելու համար։