ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է ուղարկել Հանրային հեռարձակողի խորհրդին, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին, ինչպես նաեւ Հանրային հեռուստաընկերություն՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իրավապաշտպան միակ պետական հաստատության գործունեության լուսաբանումը «Լուրեր» թողարկմամբ արգելափակելու եւ մարդու իրավունքները, օրենսդրությունն ու միջազգային պահանջները խախտող քաղաքականության, պետության պարտավորությունները չկատարելու վերաբերյալ պարզաբանումների պահանջով։
«2021թ. դեկտեմբերի 28-ի ծավալուն հայտարարությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել էր շուրջ 5 ամիսների նպատակային մշտադիտարկման արդյունքները՝ շեշտելով, որ Հանրային հեռուստաընկերությունը, լինելով ՀՀ կառավարության կողմից հիմնադրված, իր «Լուրեր» թողարկումներում շարունակում է առավելագույնս անտեսել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակումները՝ երկրում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունների վերաբերյալ, գործում է՝ Պաշտպանի գործունեության եթեր հեռարձակելն առավելագույնը բացառելու սկզբունքով։ Այս հայտարարությունից հետո վիճակը նույնն է ու նույնիսկ ավելի է վատացել: Խոսքը վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի բազմաթիվ հայտարարություններ, վերլուծություններ, զեկույցներ ու հանրային իրազեկման աշխատանքները հանրությանը հասանելի չդարձնելուն, մարդկանց իրենց իրավունքներին վերաբերող հարցերը, խնդիրների լուծման առաջարկները հանրությունից թաքցնելուն՝ սկսած վիրավորանքի ու ատելության դեմ պայքարից, կանանց ու երեխաների, բանտերում ու հոգեբուժարաններում մարդկանց իրավունքներից մինչեւ սահմանային բնակիչների անվտանգություն:
Հատկապես «փակ» է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման եթերն այն հայտարարությունների համար, որոնք վերաբերում են սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը, ադրբեջանական անօրինականություններին ու նրանց հեռացնելու՝ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկներին:
Սրանով ոչ միայն չի խթանվում ճիշտ հանրային դիսկուրսը եւ քաղաքացիների վերահսկողությունը պետության նկատմամբ, այլ նաեւ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում մարդկանց չի ներկայացվում, թե մարդու իրավունքների տեսանկյունից ադրբեջանական զինված ծառայողներին ինչ եղանակներ կան հեռացնելու ՀՀ գյուղերի մոտից ու ճանապարհներից: Չի զարգացվում քննարկում այն մասին, որ մարդու իրավունքներն ու անվտանգությունը իրար լրացնող երեւույթներ են: Սրան էլ ավելանում է այն, որ քիչ չեն հարցերը, որոնք Սահմանադրության եւ օրենքների ուժով գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի բացառիկ իրազեկման տիրույթում. այսինքն` որեւէ այլ աղբյուրից այդ տվյալները ստանալ հնարավոր չէ: Արդեն տեւական ժամանակ լուսաբանման անտեսումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հնարավորություն չի տալիս արդյունավետ աշխատանքներ տանել նաեւ համակարգային խնդիրների լուծման հարցերում: Այսինքն՝ ակնհայտ է, որ այս կերպ խոչընդոտվում է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական առաքելությունը: Այս քաղաքականությամբ խախտվում են «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ԵԽԽՎ, ԵԽ նախարարների կոմիտեի, ԵԱՀԿ-ի եւ մի շարք այլ միջազգային պահանջներ: Ոտնահարվում է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու, խոսքի ազատության եւ մի շարք այլ սահմանադրական դրույթներ: Անտեսվում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լուսաբանումն ու բարձր հանրային հասանելիությունը երկրի ժողովրդավարության կարեւոր ցուցիչ է եւ ընկած է հաստատության միջազգային ակրեդիտացիայի հիմքում: Այսինքն՝ խոսքը ինստիտուցիոնալ վերաբերմունքի մասին է: Հաշվի առնելով վերոնշյալը՝ մանրամասն հարցեր են առաջադրվել յուրաքանչյուր իրավասու մարմնի՝ իր իրավասությունների մասով։ Հանրային հեռարձակողի խորհրդին ուղղված գրությամբ՝ հատուկ շեշտվել է, որ բարձրացված մտահոգությունները հիմնավոր կերպով չփարատելու դեպքում Պաշտպանի մշտադիտարկման արդյունքների հաշվառմամբ՝ ստեղծված ու շարունակվող մտահոգիչ իրավիճակն ընկալվելու է որպես Հանրային հեռարձակողի խորհրդի եւ Հ1-ի համաձայնեցված քաղաքականության արդյունք: Առկա օբյեկտիվ գործոններն արդեն իսկ ստեղծում են նման հիմնավոր ենթադրություն:
Ստացվում է` «դաս» է տրվում Մարդու իրավունքների պաշտպանության միակ ազգային սահմանադրական մարմնին՝ առ այն, որ հաստատության նկատմամբ քաղաքական կամ Կառավարության վերաբերմունքը փոխվելու դեպքում փոխվելու է նաեւ Կառավարության կողմից հիմնադրված հեռուստաընկերության վերաբերմունքը՝ լուսաբանումները դադարեցնելու առումով եւ օրենսդրությունը ոտնահարելու հաշվին: Մինչդեռ, հաշվի չի առնվում նաեւ, որ մարդու իրավունքների խնդիրները օբյեկտիվ լուսաբանելը, հանրային դիսկուրսը, այդ թվում՝ քննադատական տեղեկություններով խթանելը պետության պոզիտիվ պարտավորությունն է, որ այս դեպքում պարտավոր է ապահովել Հանրային հեռուստաընկերությունը եւ Հանրային հեռարձակողի խորհուրդը»:
Ն. Պ.
ԱԼԻԵՎԸ ՀԱՆԳԻՍՏ Է
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտնել է. «Իլհամ Ալիեւն իր վերջին ճեպազրույցում, թեպետ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների տարբեր բլոկներին, Արցախի հիմնախնդրին, սակայն, ակնհայտ է, որ նրա՝ լրատվամիջոցների հետ հրատապ ռեժիմով հանդիպում անցկացնելու պատճառը, Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններն էին։ Իր խոսքում Ալիեւը բավականին երկար, բոլոր մանրամասներով անդրադարձավ Ադրբեջանում իրականացվող փոփոխություններին, կադրային վերափոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին։ Ալիեւը բավականին մանրամասն խոսեց երկրում նկատվող թանկացումների մասին, փորձեց հիմնավորել գնաճը, ինչպես նաեւ՝ խոստացավ, որ սոցիալական ծրագրեր է իրականացնելու։ Ալիեւն ի սկզբանե փորձում է կանխել Ադրբեջանում հնարավոր քաղաքական ճգնաժամը, որի հիմքերը տարբեր գծերով համեմատելի է Ղազախստանում առկա իրավիճակին։ Հենց միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանի մեծ թվով քաղաքացիներ մասնակցել են տարբեր երկրներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների, եւ նրանցից շատերն այս պահին Ադրբեջանում են, կամ այն, որ բազմիցս խոսվել է տարբեր ծայրահեղական խմբերի ակտիվ կամ պասիվ բջիջների առկայության մասին այդ երկրում, արդեն բավական է ցանկացած պահին պայթյուն առաջացնելու համար։ Սրան եթե գումարենք մի քանի կլանի ձեռքում կուտակված երկրի հարստությունը, հասարակության ծայրահեղ բեւեռացումը, երկրի ոչ համաչափ զարգացումը, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Ալիեւն իսկապես մտածելու եւ խորը մտահոգությունների մեջ ընկնելու պատճառ ունի։ Միակ հարցը, որով նա հանգիստ է, դա իր կողքին Հայաստանի՝ նման որակի իշխանություն ունենալն է, որը նրան թույլ է տալիս ոչ միայն կոմֆորտ լինել, այլ՝ ցանկացած իրավիճակում, քաղաքական կամ քարոզչական նպատակներից ելնելով, վիրավորել, նվաստացնել ու դա մարսել։ Հայաստանի այս իշխանությունը «նվեր» է ցանկացած երկրի համար, ով ստանալիք ունի մեր տարածաշրջանում եւ ցանկանում է «պոկել» առավելագույնը»։
ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ 5 ԴԵՊՔ
Մեկ օրում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում գրանցվել է կենցաղային վտանգավոր քիմիական նյութերից թունավորման 5 դեպք: Այդ մասին ասված է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի Ֆեյսբուքի էջում: «Հարգելի ծնողներ, ձեր ուշադրությունը եւս մեկ անգամ ուզում ենք հրավիրել կարեւոր խնդրի վրա, որը լուրջ սպառնալիք է դառնում երեխաների առողջության համար: Չափազանց ուշադիր լինել վտանգավոր քիմիական նյութերն օգտագործելիս, քանի որ հենց այդ ընթացքում դրանք կարող են երեխաներին հասանելի դառնալ: Խիստ վտանգավոր են սրտային եւ ճնշում կարգավորող դեղերը, քնաբերները, հակադեպրեսանտները, հոգեմետ դեղերը, ցավազրկողները, հակադիաբետիկ դեղերը, կոլխիցինը եւ այլն: Երեխաները հիմնականում հակված են ուտելու քաղցրացված դրաժեները կամ օշարակները եւ դրանք կարող են ընդունել մեծ քանակներով, որը չափազանց վտանգավոր է: Հիշեցնում ենք, որ բարեհաջող ելքը մեծապես պայմանավորված է ժամանակին դիմելով եւ մասնագիտական օգնություն ցուցաբերելով»,- նշված է գրառման մեջ։
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ Է
Հայաստանի կառավարությունը վերջապես կողմնորոշվել է ծաղկաձորյան գերթանկարժեք «Գոլդեն Փելես» հյուրանոցի հարցում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ պետական գույքի կառավարման կոմիտեն հրավիրում է բոլոր սուբյեկտներին` մասնակցելու հյուրանոցի օտարման մրցույթին: Մրցույթը կանցկացվի փետրվարի 10-ին: Ավելին, ArmLur.am-ը տեղեկացավ, որ հյուրանոցով այս ընթացքում ակտիվ հետաքրքրվող գնորդներ կան: Մինչեւ վերջ կգնան արդյոք, ցույց կտա ժամանակը:
Ի դեպ, մրցույթի տարվող գույքի համար առաջարկվող գինը չպետք է փոքր լինի ՀՀ կառավարության կողմից սահմանված նվազագույն արժեքից: Իսկ պետության կողմից սահմանված գինը կազմում է 5 մլրդ 602 մլն 293 հազար դրամ: Բայց հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարում գույքի գնահատված արժեքը կազմել է 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ։ ArmLur.am-ը պետական գույքի կառավարման կոմիտեից հետաքրքրվեց՝ ինչն է պատճառը, որ 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամից հյուրանոցի արեժքը գնահատվել է 5 մրդ 602 մլն 293 հազար դրամ:
Մեր հարցին ի պատասխան՝ կոմիտեից փոխանցեցին, որ հյուրանոցի գույքի, համարների մի հատվածը, քիչ թե շատ, շահագործվել է: Սա է գնի նվազման պատճառը: Հիշեցնենք, որ 2020 թվականին, երբ Covid-19-ը մուտք գործեց Հայաստան, կորոնավիրուսով հիվանդներին եւ կոնտակտավոր անձանց պահում էին այս հյուրանոցում: Բացի այս, գույքի մի մասը ժամանակավորապես բնակեցված է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով տեղահանված Արցախի քաղաքացիների կողմից: Սակայն ArmLur.am-ին Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը փոխանցեց, որ արցախցի ընտանիքներն արդեն դուրս են եկել հյուրանոցներից եւ բնակություն են հաստատել այլ վայրերում կամ հետ են վերադարձել Արցախ:
Մրցույթի հաղթող է ճանաչվում լավագույն պայմաններ առաջարկած եւ ըստ կշռային գործակիցների՝ առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը։ Հավասար պայմանների դեպքում՝ նախապատվությունը տրվում է գույքի համար բարձր գին առաջարկած մասնակցին: Մրցույթի հաղթողը գույքի մրցույթի արդյունքում ձեւավորված օտարման արժեքը պետք է վճարի 5 տարվա ընթացքում՝ հավասարաչափ: Իսկ ժամանակացույցը հետեւյալն է՝
1-ին վճարում՝ մրցույթի արդյունքների մասին արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում, 2-րդ վճարում՝ ոչ ուշ, քան 2023 թվականի հուլիսի 1-ը, 3-րդ վճարում՝ ոչ ուշ, քան 2024 թվականի հուլիսի 1-ը, 4-րդ վճարում՝ ոչ ուշ, քան 2025 թվականի հուլիսի 1-ը, 5-րդ վճարում՝ ոչ ուշ, քան 2026 թվականի հուլիսի 1-ը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ