ArmLur.am-ը հետաքրքիր զրույց է ունեցել է պարուհի Իռեն Ուլիխանովայի հետ, ով արդեն երկար է տարիներ է ինչ ապրում եւ շարունակում է ստեղծագործել ԱՄՆ-ում: Իռենի հետ խոսել ենք Ամանորի, 2021 թվականի կորուստների եւ ձեռքբերումների մասին՝ եւ ոչ միայն:
-Իռե՛ն, ինչպե՞ս եւ որտե՞ղ դիմավորեցիք 2022 թվականը:
-2022 թվականը դիմավորեցինք աշխատանքի վայրում: Վահագնը Նոր տարվա գիշերը աշխատում էր, դե՛ որտեղ նա այնտեղ էլ մենք: (Ժպտում է)
-Ի՞նչ նվեր եք ստացել Ձմեռ պապիկից, եւ այս Ամանորն ինչո՞վ առանձնացավ Ձեզ համար։
-Այս տարվա ամենամեծ նվերն այն է, որ սիրելի մարդկանցից ոչ մեկը չի պակասել եւ առողջ են բոլորը:
-Ի՞նչ սպասելիքներ եւ պլաններ ունեք այս տարվա հետ կապված:
-Յուրաքանչյուր տարի բոլորս էլ նպատակներ ենք դնում եկող տարվա համար, որպեսզի իրականացնենք մեր նպատակներն ու ծրագրերը, բայց այժմ այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ կարեւորագույն երազանք եւ նպատակ է լինել առողջ եւ մարդկային կորուստներ չունենալ:
-Մեր նախորդ հարցազրույցում նշել էիք, որ նոր անդամ ունեք տանը, ինչպե՞ս է նա զգում իրեն ձեր ընտանիքում, կապվածություն զգում ե՞ք՝ դեպի նա:
-Թեդդին մեր ծուռ բերանով սիրելի շունն է, լիարժեք եւ լիիրավ մեր տան անդամն է եւ սիրելին: Առանց նրա տխուր է:
-Հետաքրքիր է Իռեն, իսկ համալրում ընտանիքում 2022 թվականին հնարավո՞ր է:
– Անհնարին բան չկա: (ժպտում է նա)
-2021 թվականը հակասություններով լի տարի էր. երեք բառով նկարագրելու համար ի՞նչ բառեր կընտրեիք:
– Անորոշություն, կարոտ (քանի որ Հայաստան չեկա այս տարի), ապա՝ ձեռքբերումների տարի:
-Ո՞ր բառով կբնորոշեք ձեր նախորդ տարվա ընդհանուր հոգեվիճակը՝ ուրախություն, հետաքրքրասիրություն, ձանձրույթ, հոգնածություն….
-Կարոտ:
-Ո՞ւմ կամ ինչի՞ հանդեպ եք ամենից շատ ձեզ երախտապարտ զգում:
-Աստծո:
-Ամենամեծ դասը, որ ստացել եք 2021 թվականին:
-Գնահատել այն ինչ ունես: Յուրաքանչյուր օրը, բացվող առավոտը, լարված օրը: Աշխատանքից հոգնած երեկոները, եւ այդպես շարունակ կարող եմ թվել:
-Արե՞լ եք այս տարի ինչ-որ բան՝ առաջին անգամ, եւ եթե այո՝ ինչ:
-Covid-ի թեստ (ծիծաղում է):
-Ո՞րն է եղել տարվա ընթացքում ձեր ստացած ամենաթանկարժեք նվերը:
-Երկար սպասված «IrenDance studio»-ի համերգը, որը վերջապես կյանքի կոչեցի:
Զրուցեց ԼԻԴԱ ԵԻԱԶԱՐՅԱՆԸ
ՍԻԲԻԼԸ ԵՎ ԹՈՒՐՔ ԵՐԳՉՈՒՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳ ԵՆ ԵՐԳԵԼ
Ստամբուլում ապրող եւ ստեղծագործող երգչուհի Սիբիլը թուրքական հեռուստաալիքի եթերում թուրք երգչուհու հետ կատարել է հայկական «Բինգյոլ» ստեղծագործությունը:
Երգչուհի Սիբիլը կատարման տեսանյութը հրապարակել է համացանցում ու գրել. «Ամանորյա հաղորդման շրջանակում հյուր էի Arti հեռուստաընկերությունում, եւ թուրք երգչուհի Յասեմին Գյոկսուի հետ կատարել ենք հայկական «Բինգյոլ» ստեղծագործությունը: Հուսամ՝ ձեզ դուր կգա»:
Հաղորդման տաղավարում Սիբիլը կատարել է նաեւ Շիրազի խոսքերի հիման վրա գրված «Նամակ» երգը։
Սիբիլը ծնվել եւ ապրում է Ստամբուլում: Երգել սկսել է փոքր հասակից «Սուրբ Վարդանանց» երգչախմբում։ 2010-ի նոյեմբերին թողարկել է հայալեզու «Սիբիլ» ալբոմը, որտեղ տեղ են գտել «Տեր Ողորմեա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին եւ նոր մեռնիմ», «Նամակ» եւ այլ երգեր։ Վերջինս մեծ հաջողություն է ունեցել Թուրքիայում։ «Նամակ»-ի հիման վրա նկարահանված տեսահոլովակը նկարահանվել է Թուրքիայի ամենահայտնի պրոդյուսերներից մեկի աջակցությամբ եւ առաջին հայերեն տեսահոլովակն է եղել, որը ցուցադրվել է թուրքական պետական հեռուստատեսությամբ: 2012-ի ապրիլին Սիբիլը մրցանակի է արժանացել Մոսկվայում կայացած «Արմենիա» մրցանակաբաշխության ժամանակ, իսկ մեկ ամիս անց երգչուհուն Երեւանում շնորհվել է Ազգային երաժշտական մրցանակ։ Նա պարբերաբար համերգներով հանդես է գալիս Հայաստանում, համագործակցում տեղի արտիստների հետ:
ՓՐԿԵԼ Է ԿՅԱՆՔԸ
«Ալ-Ռայանի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը փրկել է «Ալ-Վակրու» թիմի մալիացի պաշտպան Ուսման Կուլիբալիի կյանքը Քաթարի առաջնության 13-րդ տուրի խաղում: Առաջին կեսում Կուլիբալին ուշագնաց է եղել: «Էվերթոնի» եւ «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը շտապել է օգնության՝ նախքան բժիշկները դուրս կգային խաղադաշտ: Ռոդրիգեսն ուղղել է 32-ամյա ֆուտբոլիստի գլուխը, որպեսզի նա կարողանա շնչել: Մալիացին տեղափոխվել է հիվանդանոց. հիմա նրա վիճակը կայուն է գնահատվում: Խաղից հետո լիգան հաստատել է, որ Կուլիբալին սրտի կաթված է ստացել: Ռոդրիգեսը 2021 թվականի սեպտեմբերից է հանդես գալիս «Ալ-Ռայան» ակումբում: Քաթարի ընթացիկ առաջնությունում նա 7 խաղի է մասնակցել, դարձել է 3 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ:
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալից» կրած 2-3 հաշվով պարտությունը։ «Կարծում եմ՝ «Բարսելոնան» շատ լավ խաղաց, բայց մենք չհաղթեցինք: Սա այն արդյունքը չէ, որը մենք սպասում էինք։ «Ռեալին» պարտվելը ցավալի է, բայց մենք մոտենում ենք հաղթանակներին. մեզ անհրաժեշտ է միայն վճռական քայլ անել։ Մենք ռիսկի դիմեցինք, անցանք գրոհի, բայց նրանք ընդհատեցին գրոհները, մեծ թվով խաղացողներով հակագրոհեցին ու գոլ խփեցին։ «Ռեալի» դեմ պայքարել այնպես, ինչպես մենք դա արեցինք, նշանակում է խաղադաշտից հեռանալ գլուխը բարձր պահած: Այս խաղում թիմը անակնկալի եկավ, բայց չնայած դրան՝ մենք շատ բարձր մակարդակով խաղացինք։ Վերադարձած խաղացողները շատ լավ խաղացին»,- ասել է Պիկեն Movistar-ին: