Հայ-ադրբեջանական սահմանի գյուղերի բնակիչների հարցերը շարունակում են չլուծված մնալ: Մասնավորապես բազմաթիվ խնդիրներ են հայտնաբերվել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հանձնարարությամբ աշխատակիցների՝ Սյունիք կատարած այցի ընթացքում: Կապանից դեպի 4 գյուղեր՝ Ագարակ, Խդրանց, Եղվարդ եւ Ուժանիս տանող ճանապարհի նկատմամբ Ադրբեջանն առանց որեւէ իրավական հիմքի վերահսկողություն է սահմանելու, եւ դրա հետեւանքով մարդկանց համար հումանիտար խնդիրներ են առաջ եկել։ Օրինակ՝ Եղվարդ գյուղի բնակիչները նշել են, որ գյուղում շեշտակի նվազել է ոչխարաբուծությունը այն պատճառով, որ զրկվել են արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից. այդ տարածքներն այժմ ադրբեջանական զինված ուժերի տիրապետության տակ են։ Բացի այս, արդեն 10 գլուխ խոշոր եղջերավորներ հայտնվել են սահմանից այն կողմ, եւ գյուղացիները գոնե մնացածը փրկելու համար կենդանիներին ախոռից դուրս չեն հանում։ 3 գլուխ խոշոր եղջերավորներ Ագարակ գյուղից են հատել սահմանը, իսկ Ուժանիս գյուղում, ճիշտ է, նման դեպք դեռ չի գրանցվել, սակայն մարդիկ վաճառում են անասունները. խոշոր եղջերավորները արդեն պակասել են 21-ով։ Ինչպես Սյունիքի այլ սահմանամերձ բնակավայրերի դեպքում, այստեղ էլ այլընտրանքային ճանապարհը լուծում չէ: Բացի անվտանգ ապրելու իրավունքից, այլընտրանքային ճանապարհի դժվարանցանելիության պատճառով խախտվում են տեղի բնակիչների կրթության, աշխատանքի, բուժօգնության եւ այլ իրավունքներ։ Օրինակ՝ եթե նախկինում գյուղացիները հեշտությամբ կարողանում էին հասնել Կապան քաղաք՝ աշխատանքի, ապա այժմ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով, իսկ եղանակային վատ պայմանների դեպքում՝ անանցանելիության պատճառով մարդիկ ստիպված բնակարան են վարձակալել։ Առկա են նաեւ բուժօգնության իրավունքի խախտման դեպքեր. թեեւ գյուղերն ունեն բուժհաստատություն, որտեղ համապատասխան առաջնային օգնություն է ցուցաբերվում (Եղվարդի եւ Ուժանիսի համար գործում է մեկ բուժհաստատություն Եղվարդ գյուղում), սակայն բուժօգնության ավելի լուրջ հարցերը չեն կարող լուծվել տեղում։ Մարդիկ լիարժեք բուժօգնություն ստանալու համար պետք է կրկին հասնեն Կապան քաղաք։ Այսպիսով, ադրբեջանական ծառայողների՝ հայկական գյուղերին այդքան մոտ տեղակայված լինելը, ամրացումները եւ նրանց կողմից միջհամայնքային ճանապարհների վերահսկողությունը խորացնում են մարդկանց իրավունքների խախտումները, խաթարում են նրանց բնականոն կյանքը: Հետեւաբար ինչպես արձանագրել է ԱԺ ՄԻՊ եւ ՀՀ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու համար, որպեսզի վերականգնվեն սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքները կամ դրանց մի մասը:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքն այս շաբաթ օրն է տեղի ունենալու՝ հունվարի 22-ին: Հարսանյաց արարողությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում է տեղի ունենալու: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Պապիկյանը հրավիրել է թե՛ խորհրդարանական, թե՛ գործադրի իր թիմակիցներին: Տեղեկացանք, որ պատգամավորներն ու կառավարական կաբինետի ներկայացուցիչներն իրենց զույգերի՝ կանանց ու ամուսինների հետ են հրավիրված: Մեր զրուցակիցը հերքեց տեղեկությունները, թե Պապիկյանը վերջերս օտարացել է թիմից ու ընտրյալ մարդկանց հետ է շփվում: «Չկա նման բան, Պապիկյանի անվան հետ կապվող տեղեկություններն ուրճացված են ներկայացվում: Ինչպես նախկինում էր շփվում, այնպես էլ հիմա է»,- ասաց նա: «Հարսանյաց արարողությունը Ստեփանավանի՞ց է մեկնարկելու՝ հայկական ավանդույթների համաձայն՝ զուռնա-դհոլով»,- հարցրեցինք մեր զրուցակիցին: «Չեմ կարծում: Ավելի ժամանակակից ոճով կլինի. զույգերը եկեղեցում միմյանց կհանդիպեն, ինչից հետո արարողությունն արդեն ռեստորանում կշարունակվի»,- հավելեց նա: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաեւ, որ Պապիկյանի հարսնացուն՝ Արմինե Մուրադյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի քենու դուստրն է:
«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը կարճել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Հիշեցնենք, որ 2020 թվականի ապրիլի 15-ին հայտարարություն տարածեց, որ քրեական գործերից մեկի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հայ առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին: Քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել արքեպիսկոպոս Կճոյանին, շուրջ 8 տարվա պատմություն ունի։ Խոսքը տարիներ առաջ բացահայտված, սկանդալային հայտնի գործերից մեկի՝ Կիպրոսի օֆշորային գործի մասին է, որի շրջանակներում նշվում էր նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը։ Գործարար Փայլակ Հայրապետյանը նրանց մեղադրում էր իրեն ունեզրկելու համար։ Այս գործով որպես մեղադրյալ էր ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանը, դատական նիստերից մեկի ժամանակ նշել էր, որ Նավասարդ Կճոյանն իր կնքահայրն է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը օֆշորային սկանդալի գործով մի քանի անգամ հրավիրվել է ԱԱԾ եւ առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչել իրեն՝ այն որակելով անհիմն եւ շինծու: Եվ, ահա, երկու տարի անց գործը կարճվեց:
Ծովագյուղ, Սեմյոնովկա համայնքների փաստացի խոշորացման ճակատագիրը դեռ շարունակում է անորոշ մնալ։ Նշենք, որ այս գյուղերի բնակիչները մեկ մարդու նման չէին մասնակցել դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին, քանի որ դեմ են համայնքների միացմանը, խոշորացմանը։ Ծովագյուղի բնակիչները հույս ունեն, որ իրենց համայնքին միանալու է միայն Սեմյոնովկա գյուղը, մինչդեռ իրավական գործընթացն անշրջելի է։ Երկու համայնքներն էլ խոշորացվել են ինքաբերաբար՝ մաս դառնալով Սեւան խոշորացված համայնքին, սակայն ավելի քան մեկ ամիս է, ինչ գյուղերը վարչական ղեկավարներ չունեն։ Այս հարցում կառավարությունը կարծես թե լուռ է։ Օրինակ՝ ծովագյուղցիները մասնավոր զրույցներում հպարտորեն հայտարարում են, որ իրենց գյուղի մասով «հատուկ որոշում է լինելու»: Համենայդեպս, այս ընթացքում որեւէ պաշտոնական հայտարարություն չկա։ «Ժողովուրդ» օրաթերթը, դիմելով կողմերին, հետաքրքրվեց, թե ի վերջո ինչ ճակատագիր է սպասվում այս գյուղերին։ Նախ զրուցեցինք Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանի հետ, որը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով. «Ոնց կորոշեն… Սպասում ենք, չգիտենք։ Հուսով ենք, որ լավ կլինի։ Գյուղապետարանը չի աշխատում, սպասում ենք որոշման»։ Սեւան խոշորացված համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը կարճ պատասխանեց հարցին՝ նշելով. «Այս պահին անորոշ է, սպասում ենք, տեսնենք, թե ինչ որոշում կլինի»։ Բոլորը շունչները պահած սպասում են, գյուղապետարանները տեւական ժամանակ է՝ չեն աշխատում, իսկ կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում։ Հարցին պատասխան ստանալու նպատակով դիմեցինք ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, որտեղից փոխանցեցին, որ իրավաբանորեն այդ երկու գյուղերը խոշորացվել են եւ ներառված են Սեւան համայնքի մեջ։ Ասել է թե՝ հարցի լուծման այլ տարբերակ չկա, մնում է՝ հաշտվեն: