ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՄՈՒԼԸ՝ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային հանրությունը դրական է արձագանքում Մոսկվայում տեղի ունեցած հայ-թուրքական նոր երկխոսությանը: Մասնավորապես, հանդիպումներից հետո բազմաթիվ հայտարարություններ են եղել: Օրինակ՝ ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Պիտեր Ստանոն հայտարարություն է տարածել եւ նշել, թե ԵՄ-ն քաջալերում է Հայաստանին եւ Թուրքիային շարունակել ջանքերը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

 

«Եվրամիությունը ողջունում է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատելու, հատուկ ներկայացուցիչներ նշանակելու Թուրքիայի եւ Հայաստանի պատրաստակամությունը, – նշել է խոսնակը եւ հավելել:-  Եվրամիությունը խրախուսում է Թուրքիային եւ Հայաստանին հետագա ջանքեր գործադրել այս ուղղությամբ։ Հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած հետագա կոնկրետ քայլ լավ նորություն կլինի տարածաշրջանային կայունության, հաշտեցման ու տնտեսական զարգացման հեռանկարների համար»:

Նրա կողմից տարածված պաշտոնական հայտարարության մեջ նաեւ  նշվում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը առանցքային նշանակություն ունի այդ երկու երկրների հետ Եվրամիության հարաբերություններում։

«2014 թվականից ի վեր ԵՄ-ն ավելի քան 4,5 միլիոն եվրո է տրամադրել նախագծերին, որոնց նպատակն է հող նախապատրաստել հարաբերությունների կարգավորման համար մի շարք ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը եւ հաղորդակցության փոխանակումը: ԵՄ-ն պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել հարաբերությունների կարգավորմանն ուղղված հնարավոր լրացուցիչ քայլերին», – հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Պիտեր Ստանոն։

Բացի ԵՄ-ից, ՆԱՏՕ-ն էլ է ողջունել  Երեւանի ու Անկարայի հատուկ ներկայացուցիչների մոսկովյան հանդիպումը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզը Թվիթերում գրել է. «ՆԱՏՕ-ն սատարում է հարաբերությունների կարգավորումը, ինչը կարող է օգնել տարածաշրջանում կայունության հաստատմանը, եւ մենք քաջալերում ենք Անկարային ու Երեւանին շարունակել ջանքերը այս ուղղությամբ»:

Թուրքական մամուլը եւս դրական է ներկայացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը: Մասնավորապես, իշխանամետ  «Յենիշաֆաք», «Սաբահ», «Միլիյեթ», «Յենիչաղ» պարբերականների գլխագրերը արձանագրում են՝ 13 տարի անց սա Անկարայի ու Երեւանի առաջին հանդիպումն է:

Թուրքական պարբերականներն ընդգծում են՝ կողմերը պայմանավորվել են առանց նախապայմանների երկխոսել:

«Կարնեգի Եվրոպա» հիմնադրամի ավագ հետազոտող Թոմաս դե Վաալը, BBC-ի հետ զրույցում խոսելով հայ-թուրքական բանակցային նոր գործընթացի հեռանկարի մասին, նշել է, որ, ի տարբերություն կարգավորման նախորդ փորձերի, այս անգամ Թուրքիան ունի դաշնակից Ադրբեջանի համաձայնությունը: Նրա խոսքով՝ սահմանների բացումից ավելի շատ կշահի հայկական տնտեսությունը, քանի որ Հայաստանը ելք կունենա դեպի Սեւ ծով ու Եվրոպա: Թուրքական շուկան այդ ազդեցությունը շատ չի զգա, բայց Թուրքիան էլ կստանա ուղիղ կապ Ադրբեջանի հետ: Կա նաեւ Ռուսաստանի շահերի գործոնը՝ սահմանների բացմամբ Ռուսաստանն ու Թուրքիան էլ սովետական շրջանից հետո առաջին անգամ ինչ-որ իմաստով ուղիղ կապ կունենան:

Հավելենք, որ շուրջ մեկուկես ժամ տեւած բանակցություններից հետո Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունները նույն հայտարարությունն էին հրապարակել, որտեղ, մասնավորապես, ասված էր. «Դրական եւ կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԵՄ-Ի ԱՐՁԱԳԱՆՔԸ

ԵՄ-ն ողջունում է Թուրքիայի եւ Հայաստանի պատրաստակամությունը աշխատելու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եւ այդ նպատակով հատուկ բանագնացների նշանակումը։ Այս ուրբաթ հատուկ բանագնացների առաջին հանդիպումը կարեւոր քայլ էր. Եվրոպական միությունը հորդորում է Թուրքիային եւ Հայաստանին հետագա ջանքեր ներդնել այդ ուղղությամբ։ Հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած հետագա կոնկրետ քայլ լավ լուր կավետի տարածաշրջանային կայունության, հաշտեցման հեռանկարների ստեղծման եւ տնտեսական զարգացման վերաբերյալ։ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը առանցքային կարեւորություն է ներկայացնում ԵՄ-ի համար՝ երկու երկրների հետ ներգրավման տեսանկյունից։ 2014 թ?-ից ի վեր ԵՄ կողմից տրամադրվել է ավելի քան 4?5 մլն եվրո՝ աջակցություն ծրագրերին, որոնց նպատակն էր հող նախապատրաստել հարաբերությունների կարգավորման համար մի շարք ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը եւ հաղորդակցության փոխանակումը։

 

 

 

ՊԱՏՎԱՍՏՎՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ

Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 մլն 761 հազար 529 պատվաստում: Հունվարի 16-ի դրությամբ առաջին դեղաչափով  կատարվել է 973 հազար 944, իսկ երկրորդ դեղաչափով՝ 784 հազար 849 պատվաստում: Խթանիչ դեղաչափ ստացել է 2736 քաղաքացի: Հայաստանում հասանելի է «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդերնա» պատվաստանյութերը: Հասանելի է նաեւ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը, որը Հայաստանում նախատեսվում է կիրառել միայն խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստումներ իրականացնելու համար: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, շարժական կետերում: Կարող են պատվաստվել նաեւ օտարերկրյա քաղաքացիները:

 

 

 

ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ

«Բարեհամբույր ինքնահռչակված անձին պինդ ու ամուր նյարդեր եմ մաղթում, որովհետեւ, ցավոք, երկրի համար դժվար փուլում ինքն է ՀՀ ներկայացուցիչը Թուրքիայի հետ բանակցություններում»,- ԱԺ նիստում անդրադառձել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը ընդդիմությանն հասցեին սպառնալիքներ հնչեցրած ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ելույթին: «Կան կետեր, որոնք պարտավոր են պարզաբանել իշխանությունները։ Կառավարությունն ի՞նչ պատկերացում եւ տեսլական ունի բանակցությունների գնալիս։ Ռիսկերը հաշվարկե՞լ է։ Ցեղասպանության, ապաշրջափակման եւ «միջանցքի» հարցեր քննարկվե՞լ են Սերդար Քըլըչի հետ։ Պարզաբանեք այս հարցերը։ Ո՞ւմ վրա եք այստեղից հոխորտում»,- հավելել է նա:

 

 

 

ԱՆՎՃԱՐ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում կկատարվեն մի շարք փոփոխություններ: Մեզ հայտնի դարձավ, որ կսահմանվի նոր գերեզմանատների եւ գերեզմանների կառուցապատման եւ բարեկարգման տիպային ձեւերը հաստատելու պահանջը: Ավելին՝ կհստակեցվի հուղարկավորությունների իրականացման վայրերի շրջանակը (գերեզմանատեղի տրամադրումը): Բացի այս, կհանվի գերեզմանատներում վճարովի հիմունքներով հողատարածքի տրամադրումը։ Այսինքն՝ գերեզմանատներում հողատարածքը կտրամադրվի միայն անվճար հիմունքներով: ArmLur.am-ը տեղեկեցավ, որ տրամադրվող հողատարածքի չափերը կսահմանվեն հետեւյալ կերպ՝ մեկ գերեզմանի համար 2.5 քառակուսի մետր հողատարածք (2.5*1.0 մետր չափերով), իսկ ընտանեկան գերեզմանի համար՝ մինչեւ 12.5 քառակուսի մետր հողատարածք (2.5*5 մետր չափերով): Մեզ հայտնի դարձավ, որ կխստացվի գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրերից դուրս հուղարկավորության իրականացումը։ Գերեզման օգտագործողը իրավունք ունի իրեն հատկացված գերեզմանի սահմաններում կատարելու գերեզմանների, գերեզմանատեղերի բարեկարգման եւ տապանաքարերի, մահարձանների տեղադրման աշխատանքներ` համաձայնեցնելով գերեզմանատան տնօրինության հետ: Նշված աշխատանքների կատարումը չպետք է վնաս պատճառի այլ գերեզմանների, գերեզմանատան կառույցների: Պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:

 

 

 

ԱՏԵՍՏԱՏՆԵՐԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԵՆ

Հայաստանում առաջիկայում թղթային ատեստատներին կփոխարինեն QR կոդերը: Այսինքն՝ կթվայնացվի հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին տրվող ավարտական փաստաթուղթը: Ավելին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը որոշել է այս տարվա շրջանավարտներին ատեստատների փոխարեն տրամադրել էլեկտրոնային փաստաթղթեր` անհատական QR կոդերով։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախարարությունն այս մասին որոշման նախագիծը ներկայացրել է հանրային քննարկման: Այն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման էլեկտրոնային կայքէջում դիտվել է 6547 անգամ, նախագծին կողմ քվեարկել է 22, դեմ՝ 9 հոգի: ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ նախարարությունը որպես պատճառաբանություն նշել է՝ «Ավարտական փաստաթղթերը կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով՝ կրճատելով աշխատանքի համար ներգրավվող մարդկային ռեսուրսների ծավալը, ինչպես նաեւ պետական բյուջեի միջոցներից ատեստատների գնման համար հատկացվող ֆինանսավորումը»: Ըստ նախարարության՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին ավարտական փաստաթուղթ տրամադրելու նպատակով իրականացվող աշխատանքները պահանջում են մեծ ջանքեր, մարդկային ռեսուրսներ եւ ժամանակ: Աշխատանքների իրականացման ընթացքում չեն բացառվում անճշտություններն ու վրիպումները: Ի դեպ, նախագծի քննարկման ժամկետը մինչեւ հունվարի 29-ն է, որից հետո այն կներկայացվի կառավարության հաստատման:

 




Լրահոս