ԱԱԾ ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆԻ ՄԱՀՎԱՆԻՑ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2 տարի առաջ՝ այս օրը՝ հունվարի 17-ին, ԱԱԾ տնօրենի կինը ամուսնու դին հայտնաբերել էր տանը՝ հրազենային վնասվածքով: 38-ամյա Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերվել էր մայրաքաղաքի Պարույր Սեւակ փողոցի վրա գտնվող նորակառույցներից մեկում: Գեորգի Կոտոյանի դիակի դիմաց հայտնաբերվել էր 35 հատ կրակված պարկուճ եւ 6 հատ գնդակ, հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 7 հատ պարկուճ, 1 հատ գնդակ, իսկ հյուրասենյակի հարեւանությամբ գտնվող խոհանոցի հատակին հայտնաբերվել է եւս 3 գնդակ: Հյուրասենյակում՝ Գ. Կուտոյանի աջ ոտքի ուղղությամբ՝ հատակին, հայտնաբերվել է Glock տեսակի ատրճանակ առանց փամփուշտի: Եվ այս զենքով էլ ԱԱԾ նախկին տնօրենը ինքնասպան էր եղել, իսկ զենքը նվեր էր ստացել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարի կողմից: Հյուրասենյակում գտնվող բազմոցի (որի վրա հայտնաբերվել է դիակը) դիմային պատին, որը հանդիսանում է հյուրասենյակի եւ խոհանոցի բաժանարար պատը, հայտնաբերվել են 41 վնասվածքներ, այդ թվում՝ միջանցիկ: Ասել է թե՝ ԱԱԾ նախկին տնօրենը այդ քայլին գնալուց առաջ կրակել էր պատերին, որից հետո ցավալի է, բայց, ըստ նախնական վարկածի, ինքն իրեն զրկել էր կյանքից: ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան փաստով քրեական գործը հարուցվեց ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնել, եւ գործը քննվեց ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում:

 

 

 

Մեկ տարի քննեցին

Ի՞նչ պարզվեց։ Կոմիտեի՝ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գ. Կուտոյանը 2019 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ վերադառնալուց հետո, ժամանակավորապես բնակվել է հայրական տանը, սակայն ժամանակ առ ժամանակ այցելել է Պարույր Սեւակի փողոցում գտնվող, իրեն պատկանող բնակարան: Միաժամանակ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2019 թվականի դեկտեմբերի վերջերին Գ. Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ ալկոհոլ օգտագործելուց հետո օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի եւ խոհանոցի բաժանարար պատին: Հետագայում, Գ. Կուտոյանի խնդրանքով, վերջինիս կինը կրակված պարկուճները եւ հայտնաբերված գնդակները հավաքել եւ դրել է հյուրասենյակի՝ բազմոցի դիմաց գտնվող սեղանին: Քննությամբ տվյալներ են ստացվել նաեւ այն մասին, որ Գ. Կուտոյանը 2020 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, հայրական տան մոտակայքից՝ Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայից վարձակալած տաքսիով ուղեւորվել է Պարույր Սեւակի իրեն պատկանող բնակարան՝ նախապես ընտանիքի անդամներին տեղեկացնելով հիշյալ բնակարանում երկու-երեք օր հանգստանալու իր մտադրության մասին: 2020 թվականի հունվարի 17-ին Գ. Կուտոյանի հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել վերջինիս հետ, գնացել են նշված բնակարան, որտեղ Գ. Կուտոյանի կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է նրա դին:

Այն, ինչ ներկայացրեց նախքննական մարմինը, որեւէ կերպ չփարատեց այն կասկածները, ու ամենագլխավոր հարցը մնաց անպատասխան՝ ինչու: Ինչո՞ւ պետք է ԱԱԾ նախկին տնօրենը գնար այդ քայլին, նրան ստիպեցի՞ն ինքնասպան լինել, թե՞ ԱԱԾ նախկին տնօրենը որոշեց գնալ այդ քայլին եւ այդկերպ լռել, կամ գուցե նրան կոնկրետ սպանել են եւ հետքերն էլ թաքցրել: Վերջինիս ինքնասպանությունից մեկ տարի անց նախաքննական մարմինը հայտարարեց. .«Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցվել է Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, այն է՝ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ»:

Նախաքննական մարմնի կողմից գործի կասեցումը ավելի կասկածները խորացրեց: Նախքննական մարմնի կողմից կատարված քննությունը եւս չի կարողացել հիմնավորի, որ նա ինքնասպան է եղել, եւ միգուցե մի օր ի հայտ գան այնպիսի հանգամանքներ, որոնց արդյունքում դեպքը միգուցե բացահայտվի, եւ ի վերջո հասկանանք, թե ինչ կատարվեց եւ ինչու:

Փաստ է մեկ բան՝ Գեորգի Կուտոյանը չէր անցնում ո՛չ Քննչական կոմիտեի, ո՛չ Հատուկ քննչական ծառայության, ո՛չ էլ Ազգային անվտանգության ծառայության վարույթներում քննվող քրեական գործերով, ուստի ԱԱԾ տնօրենի ինքնասպանությունը  դեռ մնում է առեղծված:

Թավշյա հեղափոխությունից հետո այս դեպքը միակ առեղծվածային մահվան դեպքը չէր նախկին պաշտոնատար անձանց մեջ: Անցած տարի սեպտեմբերին Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվեց ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

Հարությունյանը «Մարտի 1»-ի գործով առանցքային վկա էր: Նրա մահվան դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու հատկանիշներով, որը եւս կասեցվեց: Իսկ նոյեմբերին Մոսկվայում մահացած էին գտել Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանին: Ըստ իրավապահների՝ ոստիկանության նախկին պաշտոնյայի, ինչպես նաեւ նրա մորեղբոր մահը վրա էր հասել գազի պայթյունի հետեւանքով։ Կարապետյանը եւս «Մարտի 1»-ի քրեական գործում վկայի կարգավիճակ ուներ: 49-ամյա Կարապետյանը ոստիկանության համակարգում էր 1990-ականներից, 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զբաղեցրել է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության խորհրդային բաժնի պետի պաշտոնը։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍ Է ՀԱՍՑՐԵԼ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ Արագածոտնի մարզի 28-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի հունվարի 16-ին, որով տեղեկացվել է, որ «Ձախից պարանոցի առաջկողմնային մակերեսի թափանցող վերք շնչափողի վնասումով, հարակից հյուսվածքների ենթամաշկային էմֆիզեմա» ախտորոշմամբ «Արշտարակ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ավան գյուղի 28-ամյա բնակիչը: Պարզվել է, որ նույն օրը հիշյալ գյուղում ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն է առաջացել վերոնշյալ երիտասարդի եւ նրա համագյուղացու միջեւ, որի ժամանակ վերջինիս հետ դեպքի վայրում գտնվող 29-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 28-ամյա երիտասարդի պարանոցին՝ պատճառելով մարմնական վնասվածք, եւ դիմել փախուստի: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Օրեր առաջ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նոյեմբերյան բնակավայրի Տերյան փողոցի տներից մեկում գող կա: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 03.10-ի սահմաններում 24-ամյա երիտասարդը ցանկապատի վրայով մտել է նշված առանձնատան պատշգամբ։ Նրան նկատել է տանտիրոջ դուստրը եւ հայտնել հորը: Նա էլ հետապնդել է երիտասարդին, ապա իր անվամբ հաշվառված որսորդական ակոսափող հրազենից մեկ անգամ կրակելով՝ մարմնական վնասվածք է պատճառել նրան: Տուժածը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: 59-ամյա տղամարդը, հրազենով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, ապա ներկայացվել տարածքային նախաքննական մարմնին եւ ձերբակալվել: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

 

 

ՄԱԼՈՒԽՆԵՐԸ ԳՈՂԱՑԵԼ Է

Վանաձոր քաղաքի 32-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի ընթացքում  Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի տարածքում գտնվող, Փուչիկներ կոչվող տեղանքի հենակետում անցկացված զորավարժությունների ընթացքում կորցրած դրամապանակը փնտրելու նպատակով 2021 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, իրեն պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքից ուղեւորվել է դեպի Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի հիշյալ տարածք, որտեղ փնտրել է դրամապանակը, այն չգտնելով՝ տունդարձի ճանապարհին,՝ Փուչիկներ տեղանքի հենակետի շենքից դեպի դաշտամիջյան տարածք գնալով, ծառի վրա նկատել է փաթաթված մալուխ, մեքենայից վերցրած հարթաշուրթով կտրել է մալուխի ծայրերը, որից հետո քաշել եւ իջեցրել է Նոյեմբերյան զորամասի Փուչիկներ կոչվող տեղանքի հենակետի կապն ապահովող շուրջ 100 մետր Պ-270 տեսակի եւ էլեկտրաէներգիա ապահովող շուրջ 70 մետր մալուխները, տեղափոխել Վանաձոր քաղաք եւ հանձնել գունավոր մետաղների ընդունման կետում՝ զորամասին պատճառելով 190000 դրամի վնաս։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով։ Այս գործով դատավարությունը նշանակված է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում. դատական նիստերին մասնակցելու, Վանաձորից Բերդ հասնելու համար վանաձորցին  ծախսեր է անելու։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

«ՓՆԹԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ»

«Հերթական անգամ Հայաստանի իշխանությունները գաղտագողի՝ հայ ժողովրդի թիկունքում գործողություններ են իրականացնում»,- ԱԺ-ում հայտարարել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Այստեղ ե՛ւ Ռուբեն Ռուբինյանը, ե՛ւ Հակոբ Արշակյանն ասացին՝ դե Չավուշօղլուն առաջարկեց, մենք էլ արձագանքեցինք: Ոչ, դեկտեմբերի 13-ին Թուրքիայի խորհրարանի լիագումար նիստում Չավուշօղլուն ասել է՝ մենք շուտով հատուկ ներկայացուցիչներ կնշանակենք փոխադարձության սկզբունքով: Իրար հետ համաձայնեցված են եղել: Եթե Թուրքիայի հայտարարությունից հետո են մերոնք որոշել բանագնաց նշանակել, բա ո՞նց եղավ, որ նույն օրը հայտնի եղավ, որ Ռուբեն Ռուբինյանն է, բա ո՞նց եղավ, որ մի քանի ամսվա ընթացքում արդեն հստակ էր, որ Ռուբեն Ռուբինյանն է բանագնացը: Ամբողջ այս գործընթացում թուրքերն են եղել թելադրողը, Չավուշօղլուն ասում է սա, մերոնք արձագանքում են, Չավուշօղլուն ասում է նա, մերոնք արձագանքում են, բայց, կրկնում եմ՝ մինչեւ հիմա փաստաթուղթ չկա Ռուբեն Ռուբինյանի նշանակման հետ կապված: Գործընթացը փնթի է կատարվում, փնթի մինչեւ վերջ», -հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպմանը:

 

 




Լրահոս