Հայաստանում արդյունաբերության ոլորտում աճ է արձանագրվել 2.7 տոկոսով, այսինքն՝ հունվար-նոյեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճն ու արտահանման տեմպի դրական շարժը պայմանավորված են հանքարդյունաբերության ոլորտի ակտիվությամբ:
Ճիշտ է, անցյալ տարվա հունվար-նոյեմբերին հանքագործական արդյունաբերություն եւ բացհանքերի շահագործման մասով 2021 թվականին, 2020 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, չնչին անկում ունենք՝ 0.4 տոկոսի չափով, բայց մասնագետները վստահ են, որ այս ցուցանիշը 2022 թվականին զգալի աճ կարձանագրի: Օրինակ՝ 2020 թվականի 11 ամիսներին այս ոլորտում արձանագրվել է 12.7 տոկոսով, իսկ մետաղական հանքաքարի արդյունահանման մասով 2020 թվականի 11 ամիսներին աճը կազմել է 12.8 տոկոս: Ի դեպ, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում անկում է արձանագրել՝ կազմելով 1.2 տոկոս, բայց հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի շահագործման այլ ճյուղերի մասով գրանցվել է 19.1 տոկոս աճ: Հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության մասով աճը կազմել է 29.8 տոկոս: Ասել է թե՝ ընդհանրապես ՀՀ-ում արդյունաբերության աճը հնարավոր է եղել ապահովել հանքարդյունաբերության հաշվին:
Ինչպես հայտնի է, հայաստանյան տնտեսության հիմնական շարժիչ ուժը տարիներ շարունակ եղել է հանքարդյունաբերությունը, որի հաշվին հաջողվել է նախկին իշխանություններին դրական ցուցանիշներ արձանագրել: Բայց, արի ու տես, Հայաստանի տնտեսական կյանքում թավշյա հեղափոխությւունից հետո եւս ոչինչ չի փոխվել: Այս պատկերը շարունակվել է նաեւ 2018 թվականից հետո: Այսինքն՝ տնտեսության շարժիչ ուժը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության դեպքում էլ կրկին հանքարդյունաբերությունն է:
Փաշինյանի թիմի մեծ հատվածը բնապահպան-ակտիվիստներ էին, պայքարում էին հանքերի շահագործման դեմ: Չմոռանանք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանին, որը 2012 թվականին ակտիվ պայքարում էր Թեղուտի հանքի շահագործման դեմ: Դեռ այն ժամանակ ասում էին, գոռում, որ պետք է պահպանենք մեր բնապահպանությունը, օրինակ՝ Թեղուտի հանքի պաշտպանության նպատակով պառկում էին գետնին ու ասում էին, որ հանքարդյունաբերությունը չպետք է լինի Հայաստանի տնտեսության գերակա ճյուղ:
Նա, հիշեցնենք, «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ էր: Անգամ այդ օրերին Նազարյանը Թեղուտից բերել էր Թեղուտի մեղրը եւ առանց միջնորդավճարների վաճառում էր Երեւանում:
Հիշեցնենք նաեւ նույն Լենա Նազարյանի խոսքերը, որոնք նա ասել է դեռեւս 2012 թվականին. «Կապիտալը մնում է հանքատիրոջը, իսկ գյուղացիները ճորտեր են՝ ծառահատներ ու հանքափորներ: Բացի այդ, եթե մարդ ապրում է աղտոտված շրջակա միջավայրում, ապա դա նշանակում է, որ նա աղքատ է: Ես համոզվեցի, որ կառավարությունը (չունենամ ես սենց կառավարություն) դիտավորյալ չի զարգացնում տարածաշրջանը, որ մարդիկ կախված լինեն հանքի շահագործումից…»:
Ինչպես ասում է Լենա Նազարյանը, «չունենամ ես սենց կառավարություն», ու շարունակենք: Հիշենք Հայաստան Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը նա արել է հեղափոխությունից հետո՝ «տնտեսական որեւէ շահ չի կարող գերակա լինել մեր առողջության ու շրջակա միջավայրի նկատմամբ»: ՔՊ-ական մյուս կանայք՝ Մերի Գալստյանը, Մարիա Կարապետյանը մեկ անգամ չէ, որ խոսել են հանքերի շահագործման վատ հետեւանքների մասին:
Իսկ հիմա ստացվում է, որ հենց ժամանակին հանքարդյունաբերության դեմ պայքարող քաղաքական ուժի օրոք հանքարդյունաբերությունը մեր տնտեսությունում ոչ միայն գերակա ճյուղ է, տնտեսության շարժիչ ուժն է, այլեւ կառավարությունը համարվում է խոշոր հանքարդյունաբերող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» 15 տոկոս բաժնետերը:
Բայց չէ՞ որ հեղափոխություն էիք անում նման երեւույթները վերացնելու համար, իսկ մենք՝ միամիտներս, հավատում էինք ձեզ, որովհետեւ դուք խոստանում էիք՝ այս երկրում սկզբունք է փոխվել:
Ս.Հ.
ԿԻՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ՝ ՏՆՕՐԵՆ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2021թ. դեկտեմբերի 24-ին որոշում է ընդունել Վարդուշ Ներսիսյանին Աղավնավանքի միջնակարգ դպրոցի տնօրեն նշանակելու մասին։ Աղավնավանքը նախկինում եղել է ադրբեջանցիներով բնակեցված, հետո այն բնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցներով։ 1966թ. ծնված Վ. Ներսիսյանը նախկինում ավարտել է տեխնիկում, 2006-ին ընդունվել է Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղ։ Վ. Ներսիսյանը 2004-2013թթ. ղեկավարել է Աղավնավանք համայնքը, եղել է Տավուշի մարզի վերջին կին ղեկավարը, ով համայնքի ղեկավար է աշխատել: Վ. Ներսիսյանը հայտնեց, որ Աղավնավանքի դպրոցի տիպային շենքում սովորում է 42 աշակերտ, ինքը չի դասավանդում, զբաղվում է միայն դպրոցի տնօրենի վարչական գործերով։
ԺԱՅՌԵՐԸ՝ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԳԼԽԻՆ
Այրում քաղաքում միջպետական ավտոճանապարհից վերեւ հառնող ժայռերը դամոկլյան սրի նման կախված են ճանապարհի վրա։ Ժայռերի արանքում խոր ճեղքեր կան, ինչը ավելի իրական է դարձնում նրանց պոկվել-գլորվելը։ Ավելի քան մեկուկես տարի առաջ Այրումի համայնքապետարանը դիմեց ԱԻՆ, նախարարությունից եկան, ուսումնասիրեցին, գնացին, ճանապարհի վրա կախված ժայռերի վտանգը վերացնելու համար գործնական քայլեր չձեռնարկեցին։ 2011թ. սեպտեմբերի 30-ին այդ տեղանքից ոչ հեռու՝ միջպետական ավտոճանապարհին, փլուզում էր եղել, այդ մասին գրեցի հանրապետական մամուլում։ Փոխանակ ԱԻՆ-ից ժամանեին, միջպետական ավտոճանապարհը փակեին, երթեւեկը շրջանցիկ ճանապարհով կազմակերպեին, ոչինչ չձեռնարկեցին։ Մի քանի օր անց՝ 2011թ. հոկտեմբերի 2-ին, այդտեղ մեծ փլուզում եղավ, 5 հոգի մնացին հողի եւ քարի կույտերի տակ, շատ ամիսներ անց նրանց դիակները հանեցին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԼԻՑԵՆԶԻԱ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ
Հայաստանի կառավարության օրենսդրական նախաձեռնությունը վերաբերելու է միայն հանրապետական օդանավակայանների տարածքում գտնվող տաքսի ծառայություններին։ Այս մասին «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։ Փոփոխությունների համաձայն՝ Հայաստանի օդանավակայաններում գործելու են միայն սպիտակ գույնի տաքսիներ՝ գործարանային վառելիքային համակարգով։ Այսինքն՝ համակարգը չպետք է վերասարքավորված լինի բենզինի փոխարեն գազի օգտագործման համար։ Բացի այդ, դրանց արտադրության թիվը չպետք է գերազանցի 7 տարին։ Բացի այդ, տաքսիների վրա պետք է տեղադրված լինեն համապատասխան տարբերանշաններ, իսկ կողքին՝ «Aerotaxi» գրություն։ Տրանսպորտային միջոցների վարորդները, որոնք կհամապատասխանեն նորմերին, կստանան «A» դասի լիցենզիա, որի տարեկան տուրքը կկազմի 200 հազար դրամ։ Տուրքի այսքան մեծ չափը պայմանավորված է Երեւանից օդանավակայան տեղափոխման բավական բարձր սակագներով, իսկ ուղեւորները որպես ավելի մատչելի այլընտրանք կկարողանան օգտվել միկրոավտոբուսներից, որոնք կանոնավորապես երթեւեկում են օդանավակայան-Հանրապետության հրապարակ երթուղով։ Նշված պահանջները խախտելու եւ լիցենզիա չունենալու դեպքում տաքսու սեփականատերերից կգանձվի 50 հազար դրամ տուգանք։ Իսկ սովորական տաքսիները կտուգանվեն միայն այն դեպքում, եթե զբաղեցնեն լիցենզավորված մեքենաների կայանատեղիներն օդանավակայանում։ Այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ոչ անմիջապես, այլ խորհրդարանում դրանց ընդունումից եւ պաշտոնական հրապարակումից կես տարի հետո։
ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետի հրամանով՝ 2022թ. հունվարի 17-ից արգելվել է Չեխիայի Հանրապետության Ուստեցկի երկրամասից եւ Լեհաստանի Հանրապետությունից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային եւ ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ եւ քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային եւ ստվարաթղթե պալարային տուփերի եւ միջադիրների ներմուծումը: Արգելանքը սահմանվել է՝ հիմք ընդունելով այդ երկրների նշված վարչատարածքներում արձանագրված թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը: