ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել Բաքվին հայկական կողմի փոխանցած առաջարկությունների փաթեթի վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանի կողմից Ադրբեջանին արված առաջարկությունները վերաբերում են սահմանին ստեղծված իրավիճակին:
«Խոսքը հայելային տարբերակով զորքերի հետքաշման, սահմանի երկայնքով սահմանապահ զորքերի տեղակայման մասին է՝ հաշվի առնելով Խորհրդային Միության քարտեզը: Ինչպես նաև բարենպաստ պայմանների ձևավորման մասին է, որը կնպաստի, որ կարողանանք սկսել դեմարկացիայի ու դելիմատացիայի գործընթացը»,-ասաց Արմեն Գրիգորյանը:
ԱԽ քարտուղարը տեղեկացրեց, որ Բաքվին ուղղված առաջարկները գրավոր են ներկայացրել ու դեռ գրավոր արձագանք չեն ստացել: «Ոչ թե այժմ սահմանին գոյություն ունեցող զորքերի տեղակայմամբ ենք գործընթաց սկսում, այլ հիմքում դնում ենք Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցող քարտեզը և զորքերը հայելային տարբերակով հետ են քաշվում: Սահմանագծման, սահմանազատման գործընթացի դեպքում որևէ համայնք, Հայաստանի տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող»,-ասաց Արմեն Գրիգորյանը:
Անդրադառնալով լրագրողի այն հարցին, որ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները՝ Արմեն Գրիգորյանը նշեց, որ այս հարցը բարձրացնում են միջազգային գործընկերների հետ քննարկումներում։ Հայկական կողմն ակնկալում է, որ Ադրբեջանն ամբողջովին կկատարի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները: