ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի Վեդի համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը մարտի 27-ին սպասվող արտահերթ ընտրություններից առաջ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերում վարչական ղեկավարներ է նշանակել։ Այս նշանակումներով Գարիկ Սարգսյանը, ըստ էության, ազատել է դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքում իրեն պարտության մատնած համայնքապետերին։

 

Ուրցաձորի արդեն նախկին վարչական ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը ասել էր, որ որոշումն անօրինական է համարում։ «Ես օրինական ընտրված համայնքապետ եմ, ինքը՝ որպես համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ուզում է ազատել ինձ։ Գարիկ Սարգսյանի որոշումը որեւէ իրավական հիմք չունի։ Իմ լիազորություններն ավարտվում են 2023 թվականին, «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում նշված է, որ համայնքապետի լիազորությունները կարող են դադարեցվել համայնքի նոր ղեկավարի ընտրվելուց հետո, բայց քանի որ համայնքապետ չի ընտրվել, մեր լիազորություններն ուժի մեջ են։ Միայն համայնքի ղեկավարի լիազորությունների մեջ է մտնում ազատումներ եւ նշանակումներ անելը, ժամանակավոր պաշտոնակատարը դրա իրավունքը չունի»,- նշել էր Անդրեասյանը։ Ավելին, նա նշել էր, որ գնալու է համայնքապետարան եւ շարունակելու իր աշխատանքը՝ անկախ այն հանգամանքից, որ այնտեղ կարող է լինել Ուրցաձորի ղեկավարի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարը։ Եվ, ահա, այս ազատումից եւ արդեն նախկին համայնքապետի գործողություններից հետո Արարատի մարզում կրքերը նոր թափ ստացան:

Բանն այն է, որ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ ձերբակալվել է Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին: Ըստ ՔԿ հաղորդագրության՝ Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին ձերբակալվել է՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով: Նրա մեքենայում հայտնաբերվել է զենք եւ զինամթերք: Այս հայտարարությունից հետո Ռաֆիկ Անդրեասյանը հայտարարել էր՝ որդու ձերբակալությունը համարում է իր հանդեպ քաղաքական հետապնդման շարունակություն: Նախկին համայնքապետը պատմել էր, որ իրեն առանց ծանուցում տալու, ձեռքերը շղթայելով՝ բերման էին ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ ինքը բացատրություն չի տվել, դրանից հետո իրեն բաց են թողել:

«Ես ոստիկանական մեքենայի մեջ էի, դուրս էր գալիս, որի իմ որդին եկել է ինձ սպանելո՞ւ: Իմ աչքի առաջ 2 ջահել երիտասարդի` որդուս եւ իր ընկերոջը էդ կարգի ծեծի ենթարկել. ես նման բան իմ ապրած կյանքում չէի տեսել, նույնիսկ որ ադրբեջանցիներին գերի էին վերցրել, մերոնք ավելի լավ էին վարվել, քան մեր երիտասարդների հետ: Մի վերին աստիճանի այլանդակություն էր, մայրերին հայհոյելով՝ այնքան ծեծեցին, որ երկուսի քիթն էլ կոտրվել է, մարմնի վրա բազմաթիվ սալջարդներ կան: Այս ամենը ապացուցող ռենտգենը, ամեն ինչը կա: Իմ որդին նույնիսկ դիմադրություն ցույց չէր տալիս»,-ասել էր նա: Այսօր ադեն Քննչական կոմիտեն հայտնեց, որ նախկին համայնքապետի որդին կալանավորվել է: Ասել է թե՝ քաղաքական իշխանություններից հետո շարունակում են իրավապահ մարմինների միջոցով ճնշել հաղթած թեկնածուներին՝ կա՛մ նրան կալանավորելով, կա՛մ նրանց հարազատներին քննչական մարմիններ տանելով, իսկ, ահա, այս դեպքում արդեն հասան ընտանիք եւ կալանավորեցին նախկին համայնքապետի որդուն: Ստացվում է, որ Գարիկ Սարգսյանը (պաշտոնավարման ընթացքում «կոկորդիլոս» մականունը ստացած) որեւէ կերպ չի հաշտվում պարտության հետ եւ իրավապահների միջոցով գործընթաց է սկսել: Ուշագրավն այն է, որ համայնքի նախկին ղեկավարն ասում է, որ իր որդուն դաժանաբար ծեծել են, մինչդեռ նախաքննական մարմինը պնդում է, որ համայնքի նախկին ղեկավարի որդին է իր մեքենայով քշել ոստիկանական մեքենայի վրա: Հիշեցնենք, որ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ արդեն որերորդ դեպքն է գրանցվում մարզում, սակայն Փաշինյանի գլխավորությամբ իրավապահ մարմինները դրանք անտեսում եւ ընթացք չեն տալիս: Ավելին, Արարատի մարզպետ եղած ժամանակ Գարիկ Սարգսյանի, նրա թիմակիցների եւ «կանտովկան դզելուց» հրաժարված վարսավիրի միջեւ տեղի ունեցավ ծեծկռտուքը (որը հաստատել էր նաեւ վարսավիրի հայրը), եւ հասարակության տարբեր խմբերում քննարկվում էր նրա պաշտոնանկության հարցը. վերջինս հանգստից վերադարձել էր աշխատանքի եւ հենց նույն օրն ինքն իրեն 1 միլիոն դրամ պարգեւատրում էր դուրս գրել։

Ք. Մ.

 

 

 

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՆՎՃԱՐ ԾՐԱԳԻՐ

«Ակբա» բանկը Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ մեկնարկել է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2022-2023թթ. անվճար ծրագիրը: Հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները հնարավորություն կստանան բանկի եւ NABU-ի համատեղ ֆինանսական աջակցության միջոցով ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում եւ անհամեմատ մեծացնել արտադրանքի արտահանման հեռանկարները: «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի 2022-2023թթ. մրցույթին մասնակցելու համար հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչեւ սույն թվականի մարտի 10-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը:  «Ակբա» բանկի եւ NABU-ի կողմից 2015-2021թթ. ընթացքում իրականացված ծրագրերի շրջանակում  սերտիֆիկացվել է շուրջ 70 ընկերություն: Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու եւ ոլորտի արտադրողներին օժանդակելու նպատակով 2015թ.-ից մեկնարկել է «Ակբա» բանկի եւ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ «Օրգանական գյուղատնտեսական զարգացման» անվճար ծրագիրը:

 

 

 

ՄԻՊ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ Է ԿԱՌՈՒՑՎԵԼ

Դեռեւս 2019թ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին Երեւան քաղաքի թաղամասերից մեկից դիմել էին խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման նոր համակարգ կառուցելուն աջակցելու հարցով։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ բողոք ներկայացրած անձը նշել էր, որ ջրագծերի վնասման արդյունքում բնակիչներին մատակարարվում է անորակ ջուր, ձմռանը ջրագծերում ջուրը սառչում է, իսկ հետեւանքները վերացվում են բնակիչների կողմից։ Բնակելի տների ջրագծերի վերանորոգման կամ ջրամատակարարման նոր համակարգ կառուցելու առաջարկներով Պաշտպանը համապատասխան գրություններ էր հասցեագրել Ջրային կոմիտեին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությանը։ Պատասխաններ են ստացվել, որ կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված հատվածի բնակիչներին պատկանող ջրագծերը կառուցվել են առանց տեխնիկական նորմերի պահպանման, հիմնականում անցնում են տարածքի տնտեսություններին պատկանող հողամասերով եւ հանդիսանում են ներքին ցանց, որի սպասարկումը դուրս է «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության գործառույթներից։ Հետեւաբար, ջրագծերի վերակառուցումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ կատարված միացման փոփոխությունը, պետք է իրականացվի բաժանորդների միջոցների հաշվին։ Պաշտպանը խնդրի վերաբերյալ իրավասու մարմիններին է ուղարկել բազմաթիվ գրություններ, այդ թվում՝ Ջրային կոմիտե։ Մասնավորապես, պարզաբանումներ են պահանջվել փողոցի ջրագծերի վերակառուցման աշխատանքները նախատեսվող ներդրումային ծրագրերում ընդգրկելու վերաբերյալ։ 2021 թվականին Ջրային կոմիտե կրկին գրություն է հասցեագրել՝ կապված նշված բնակելի տների ջրամատակարարման խնդիրը Երեւանի ջրամատակարարման բարելավման ծրագրի շրջանակներում ներառելու եւ թաղամասում ջրամատակարարման խնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների հետ։ Պատասխան է ստացվել, որ բնակելի տների ջրամատակարարման բաշխիչ ցանցը վերակառուցվել է Երեւանի ջրամատակարարման բարելավման ծրագրի շրջանակներում եւ ներկայում բոլոր 19 բաժանորդների ջրամատակարարումն իրականացվում է նոր համակարգով։




Լրահոս