«ԱՅՍ ԱՄԱՆՈՐԸ ՏԱՐԲԵՐՎԵՑ». ԳԵՎՈՐԳ ՄԿՐՏՉՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է իր ամանորյա հարցազրույցների շարքը հայ հայտնիների հետ: Այս անգամ մեր զրուցակիցը երգիչ Գեւորգ Մկրտչյանն է:

 

-Գեւո՛րգ, ինչպե՞ս եւ որտե՞ղ դիմավորեցիք 2022 թվականը:

-2022 թվականը, կարելի է ասել, գրեթե  մեքենայի մեջ եմ դիմավորել: Այնպես ստացվեց, որ դեկտեմբերի 31-ին պետք է երգեի կորպորատիվ միջոցառման, իսկ ժամը 24:00-ից հետո պետք է երգեի Ջերմուկի հյուրանոցներից մեկի ամանորյա միջոցառմանը: Երեկոյան ժամը 8-ին Երեւանից շարժվեցինք դեպի Ջերմուկ եւ 23:55 հասել ենք հյուրանոց եւ անգամ չենք հասցրել իրերը մեքենայից իջեցնենք: Շուտ մտել ենք ներս եւ սկսել ենք հետհաշվարկը:

-Ի՞նչ նվեր եք ստացել Ձմեռ պապիկից, եւ այս Ամանորն ինչո՞վ առանձնացավ Ձեզ համար։

-Այս տարի չեմ ստացել ոչ մի նվեր՝ բացառությամբ գործընկերներիցս մեկից, ում  նվերն Ինստագրամի սթորի բաժնում ցուցադրել եմ երկրպագուներիս: Բայց այս Ամանորը տարբերվեց նրանով, որ առաջին անգամ էր, երբ ինձ մոտ իսկապես տոն էր:

-Ամենամեծ դասը, որ ստացել եք 2021 թվականին:

-Միշտ ինձ մոտ սովորական օրերից Ամանորը ոչնչով չի տարբերվել, իսկ այս տարի իսկապես հանգստացա եւ նոր ուժերով վերադարձա աշխատանքի: Որոշել եմ հետագայում նույնպես, ինչպես այս տարի, Ամանորը նշել տանից դուրս եւ հետաքրքիր ձեւով անցկացնել:

-Արե՞լ եք այս տարի ինչ-որ բան առաջին անգամ եւ ի՞նչ:

-Այս տարի բացառություն էր նաեւ նրանով,  որ առաջին անգամ Ամանորը տանը չեմ դիմավորել: Երբեք դադարներ չվերցնել: Ես երկար դադար վերցրեցի ու հիմա հասկանում եմ, որ լրիվ անիմաստ էր որոշումս: Ես 10 ամսվա ընթացքում միայն նամակներ էի ստանում, թե ինչու նոր երգեր չեմ  ներկայացնում:

-Ո՞րն է եղել տարվա ընթացքում ձեր ստացած ամենաթանկարժեք նվերը:

-Կարծում եմ՝ մեքենաս, եթե ինքս ինձ նվեր անելը հաշիվ է:

-Ի՞նչ սպասելիքներ եւ պլաններ ունեք այս տարվա հետ կապված:

-Սպասելիքներս մեծ են: 2021 թվականն ինձ համար այդքան էլ հաջող տարի չէր: Կազմել եմ մեծ պլաններ, որոնք հերթով իրականացնում եմ:

Նշենք, որ օրերս՝ տեւական դադարից հետո, Գեւորգ Մկրտչյանը թողարկեց նոր երգ՝ «Յար ջան»:

«Ես անգամ մոռացել էի երգի մասին, երբ իմացանք՝ «Բարի լույս»-ի ամանորյա եթերին ներկա եմ լինելու. Արմանը առաջարկեց երգն այս տարբերակով պրեմիերա անել, չնայած որ երգի պրեմիերան երկու անգամ հետաձգվել է: Առաջին անգամ «Բարի լույս»-ի անձնակազմը դեռ արձակուրդի մեջ էր, չկարողացավ ուղարկել հոլովակը, իսկ երկրորդ անգամ հոգեվիճակս թույլ չտվեց: Պրեմիերայի նախորդ գիշերը ընտանիքիս անդամներից մեկը հայտնվել էր հիվանդանոցում, եւ ես չէի կարող այդ պահին պրեմիերայի մասին մտածել»,-մեզ հետ զրույցում պատմեց նա:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ

Բելգիական ճանաչված Le Vif Weekend առցանց պարբերականը հրապարակել է Հին հռոմեական ժամանակաշրջանի (Ք. ա. 754/753 – Ք. հ. 476) ժառանգությանը վերաբերող լավագույն ճարտարապետական հուշարձանների ցանկը: 51 ամենագեղեցիկ հուշարձանների թվում է նաեւ Գառնու հայկական հեթանոսական տաճարը, որը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի հովտում։

 

Գառնին ցուցակի 37-րդ տեղում է։

Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել է մեր թվարկության 1-ին դարում Հայոց Տրդատ Ա թագավորի կողմից։ Այն միակ հուշարձանն է, որը պահպանվել է Հայաստանի տարածքում եւ թվագրվում է հեթանոսության ու հելլենիզմի դարաշրջանով։ Պարբերականում հրապարակված ցուցակը գլխավորել է Հռոմի Կոլիզեյը` աշխարհի ամենամեծ ամֆիթատրոնը եւ աշխարհի յոթ ժամանակակից հրաշալիքներից մեկը:

Երկրորդ տեղում է հին հռոմեական երկնքի, լույսի եւ ամպրոպի աստված Յուպիտերին նվիրված տաճարը, որը սկսել էր կառուցվել հռոմեական կայսր Անտոնինոս Պիոսի օրոք եւ ավարտվել Ներոն կայսեր օրոք (Ք. ա. 37-68), գտնվում է հնագույն Բաալբեկ քաղաքում (ժամանակակից Լիբանան): Երրորդ տեղը զբաղեցրել է հռոմեական պանթեոնը կամ «Բոլոր աստվածների տաճարը», որը նվիրված է հին հռոմեական աստվածներին եւ կառուցվել է 1-ին դարում հռոմեական կայսր Հադրիանոսի հրամանով։

 

 

 

ՄԵՐԺԵԼ Է ԱՌԱՋԱՐԿԸ

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյան մերժել է «Էվերտոնի» առաջարկը՝ չցանկանալով գլխավորել լիվերպուլյան այդ թիմը: Անգլիական ակումբը գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է իսպանացի Ռաֆայել Բենիտեսին։ Ավելի վաղ Մոուրինյոն խոստովանել էր, որ մերժել է «Միլանին», քանի որ ժամանակին եղել է միլանյան «Ինտերի» գլխավոր մարզիչը։ Նա նաեւ ասել էր, որ երբեք չի գլխավորի նաեւ հռոմեական «Լացիոն»։ Պատճառը «Ինտերի» եւ «Ռոմայի» նկատմամբ հարգանքն է։

 

 

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՀԱՂԹԱՆԱԿԸ

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է ակումբի հաղթանակը Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում։ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում տեղի ունեցած եզրափակիչում «Ռեալը» 2։0 հաշվով հաղթել է անցած տարվա տիտղոսակիր Բիլբաոյի «Աթլետիկին» եւ 12-րդ անգամ նվաճել երկրի սուպերգավաթը։ «Այս տիտղոսը շատ մեծ նշանակություն ունի։ Վերջին շրջանում զգալի փոփոխություններ ենք ունեցել, եւ մենք բացում ենք նոր դարաշրջան Անչելոտիի հետ, որը մեզ շատ լավ է ճանաչում։ Մենք փոխել ենք պաշտպանութունը, եւ այն տվեց լավ արդյունքներ։ Մենք երջանիկ ենք եւ լի ենք լավատեսությամբ։ «Ռեալը» գլոբալ ակումբ է, ամբողջ աշխարհում կան մադրիդիստներ։ Ֆուտբոլը գլոբալ է, մեր ակումբը եւս գլոբալ է։ Անկասկած, «Ռեալն» աշխարհում ամենաշատ երկրպագուներ ունեցող ակումբն է»,- Պերեսի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։ Իսպանիայի սուպերգավաթում տարած հաղթանակներով ռեկորդակիրը «Բարսելոնան» է, որը 13 անգամ է նվաճել այս տիտղոսը։

 

 

 

ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼ

«Բարսելոնայի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն հրաժարվել է նոր պայմանագիր կնքել կատալոնական ակումբի հետ: 24-ամյա ֆուտբոլիստն ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ եւ անվճար կմիանա այլ ակումբի։ «Բարսելոնայում» կասկածներ ունեն, որ Դեմբելեն նախնական համաձայնության է հասել կա՛մ Թուրինի «Յուվենտուսի», կա՛մ էլ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Դեմբելեի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Լոնդոնի «Չելսին»։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Դեմբելեն մասնակցել է 6 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։

 

 




Լրահոս