ՍԵՐՈ՞ԲԸ, ԹԵ՞ ԾՆՈՂՆԵՐՆ ԵՆ ՄԱՆԿԱՊԻՂԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մանկապղծության մեջ մեղադրվող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանի մանկահասակ «զոհերի» մայրերը երկու «ձեռքով» պաշտպանում են իրենց զավակներին պղծողին: Նրանք «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցնում էին, թե իրենց երեխաների եւ  «բարերար» Սերոբ Տեր-Պողոսյանի միջեւ որեւէ սեռական կապ չի եղել: «Տուժած» տղաների մայրերը պնդում էին, որ իրենց որդիների մասին խոսակցությունները խաբեություն են, իսկ Սերոբ Տեր-Պողոսյանի մասին լուրերը` ուղղակի նախանձի հետեւանք:Սիրանույշ Չիտչյանը, ով աշխատում է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում  որպես բուժքույր,  արդեն երկու տարի է` ճանաչում է Սերոբ Տեր-Պողոսյանին եւ նրա տիկնոջը. «Ես հիացած եմ իրանց վերաբերմունքից, ինչ մնում է նրան, որ շանտաժ են անում, թե ծնողները կաշառվել են, ես ասում եմ, ձեռքս դնելով «Աստվածաշնչի» վրա, մենք որեւէ կաշառքի մասին չենք խոսացել, մեզ հետ նման խոսակցություն չի եղել, եւ մենք ասում ենք մեր սրտի մաքուր խոսքը` որպես մայր»:Մեր զրուցակիցը նշեց, որ իր որդին` 20-ամյա Գարիկ Դեժանովը, արդեն մեկուկես տարի է, ինչ ծառայում է ՀՀ զինված ուժերում. «Սերոբ Տեր-Պողոսյանն ուղղակի գումարով օգնել է չքավոր երեխաներին, ձեռք է մեկնել սոցիալապես անապահով մարդկանց: Երբ որ մարդիկ հացի փշրանք են ման գալիս, խղճի խայթով օգնել է, գումարը տվել է, ասել է տա՛ր տուն, թող մայրդ մի պարկ ալյուր առնի, որ սոված չմնաք: Ես էդ տված գումարներից տեղյակ եմ»:Տիկին Սիրանույշը վստահեցրեց, որ Սերոբ Տեր-Պողոսյանը, տեսնելով անապահով վիճակում գտնվող մարդկանց, միշտ գումարներ է տվել` 10, 20, 30 հազար դրամի չափով, որն իրենց նման անապահով վիճակում գտնվող մարդկանց համար մեծ գումար է: «Սերոբ Տեր-Պողոսյանն իմ երկու երեխաների կնքահայրն է, իրա էն մարդկային հարազատությունը մարդը չպետք է ուրանա, մենք ընտանիքներով ենք շփվել, ամեն ինչով օգնել ա: Անգամ որ հեռուստատեսությամբ էինք աստղերին տեսնում, ինքը կենդանի բերում էր, ո՞վ էր Ախթալայում Արամեին կամ մնացած երգիչներին տեսել, ամեն առիթվ էդ մարդը կանգնել, օգնել է մեզ»,-նշեց տիկին Սիրանույշը:Նա նշեց, որ պարոն Սերոբը 76 տարեկան է, եւ որպես բուժքույր հավելեց. «Իր բիոլոգիական խնդիրը ես գիտեմ, նրա մոտ արդեն բջիջները չկան, 50-ն անցից հետո արդեն մարդը կենսական պահանջից զրկվում ա, էդ ի՞նչ շանտաժ են անում, եթե լիներ առույգ մարդ, էլի ինչ-որ տեղ կմտածեինք…»: «Զոհերից» 16-ամյա Արսեն Ջահախաշվիլու մայրը` Գոհար Բաղադուրյանը,  նույնպես  ասաց, որ Սերոբ Տեր-Պողոսյանն իրենց  ամեն ինչով օգնել է: Նա պատմեց, թե ինչպես է ծանոթացել Տեր-Պողոսյանի հետ. «Տղուս տարել էին  Ծաղկաձոր, ըտեղ են ծանոթացել, հետո պարոն Սերոբը մեզ օգնել ա, իմ էրեխեքին ամուսնացրել եմ, էլի մեզ ամեն ինչով օգնել ա, ես ինքս եմ իմ բերանով խնդրել, օգնել ա ինձ, հիմա էլ խնդրում եմ էդ մարդուն հանգի՛ստ թողեք, մենք ամեն ձեւով կպայքարենք իրա համար»:Տղաների հետ սեռական հարաբերությունների հետ կապված տեղեկությունները տիկին Գոհարը հետեւյալ կերպ պարզաբանեց. «Այս երկրում լավ մարդը հիմնականում տեղ չի ունենում, ամեն դեպքում նախանձն ա, որ մի քանի ընտանիքների օգնել ա, ըստեղ նախանձն ա խոսում, ես կարամ ասեմ, որ աչք ունեն իրա հիմնարկի վրա, ուզում են էդ մարդի գործին խփեն»:Մե ր զրուցակիցը վստահեցրեց, որ իր որդուն բժշկական հետազոտության է ուղարկել եւ համոզվել, որ նման բան չկա. «Իմ տղան ինձ ասում ա, որ իրենք ֆուտբոլի թիմով գնացել են, ու պարոն Սերոբին էդտեղ ա տեսել, տղայիս էլ տենց  օգնել ա,   ասենք 20, ամենաշատը 40 հազար տվել ա, ասել քո կարիքների համար»:Սերոբի պաշտպաններից Դոնարա Խանդամիրյանի որդին 28 տարեկան է, ամուսնացած է, իսկ Սերոբ Տեր-Պողոսյանը նրա քավորն է: Մեր զրուցակցի խոսքով` իրենց քավորը շատ պատշաճ մարդ է եւ մանկապղծության հետ կապված   տեղեկություններն  ուղղակի ստոր սուտ են. «Ասում են` ծնողներին կաշառել են, նման բան չկա,  մենք ամբողջ ծնողներս բորբոքված ենք, սաղն էլ ուզում են, խոսեն, բողոքեն»: Մայրերը նշեցին, որ ուղղակի ամոթ է, որ իրենց զավակների մասին նման տեղեկություններ են տարածում` արատավորելով նրանց անուները: «Ժողովուրդ»-ի հետ զրուցեց նաեւ Ախթալայի ֆուտբոլային ակումբի մարզիչ Գագիկ Հախինյանը, ով  նշեց, որ իրենց հավաքականին հովանավորել է Սերոբ Տեր-Պողոսյանը եւ շատ բարեհոգի գործ է կատարել իրենց համար: Ծնողները հավելեցին, որ իրենք ներկա են լինում դատական լսումներին եւ այնտեղ եւս պնդում են, որ Տեր-Պողոսյանն իրենց հարազատի նման է վերաբերվել, իսկ իրենք դատական նիստերին գնում են իրենց մեքենաներով: «Մենք տաքսի ենք պատվիրում, գնում ենք, ամոթ է, որ ասում են` մեզ գումար են տվել, նման բան չկա, ասում են` 25 հազար ԱՄՆ դոլար կաշառք են տվել, եթե էդքան փող ուենայինք, սենց անապահով վիճակում չէինք լինի»,-եզրափակեցին մայրերը:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս