Ո՞Վ Է ՄԱՀՎԱՆ ՑԱՆԿԸ ԹԱՔՑՆԵԼՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունը, չպահպանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի մեկամսյա ժամկետը, երեկ՝ հունվարի 18-ին (հանձնարարականը դեկտեմբերի 2-ին էր եղել), հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ «նախարարությունը շտկել է կորոնավիրուսից մահացածների տվյալների անհամապատասխանությունը»:

Նախարարությունը, սակայն, թվային պատկեր չի ներկայացնում՝ ինչ անճշտության մասին էր խոսքը, ինչը ոչ թե սոսկ թվեր են, այլ մարդկային կյանքեր ու ճակատագրեր:

Ըստ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի՝ խոսքն ավելի քան 700 մահվան դեպքերի անճշտության մասին էր, ինչը, փաստորեն, Ավանեսյանի համար «թվերի շտկում» է ընդամենը, կամ, Փաշինյանի ասած, +/- 700 մահ: ԱՆ-ն չի պարզաբանել նաեւ՝ ինչն է եղել փնթի աշխատանքի ու մահվան սխալ վիճակագրություն ներկայացնելու պատճառը: Ո՞վ է պատասխանատուն ու ի՞նչ պատիժ է կրելու թույլ տված կոպիտ սխալի համար: Ավանեսյանը մինչեւ վերջին պահը չի գաղտնազերծել նաեւ, թե ովքեր, ինչ մասնագետներ են ներկայացված եղել «թվերը շտկող» հանձնաժողովում: Հիշեցնենք՝ հոկտեմբերին, երբ խնդրի մասին բարձրաձայնում էր Թագուհի Թովմասյանը, Ավանեսյանը նշում էր, թե հանձնաժողովն արդեն իսկ ձեւավորվել ու քննում է անճշտությունները: Նմանատիպ պատասխան տիկին նախարարը նաեւ վարչապետ Փաշինյանին էր տալիս, բայց արդեն 2 ամիս անց: Ստացվում է՝ 2 ամիս շարունակ նա բոլորին համոզել է, թե մահվան թվերի անճշտությունն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել ու գործ է անում, սակայն մինչեւ այս պահն այդպես էլ չի հստակեցրել՝ հանձնաժողովն, ի վերջո, երբ ու ինչ կազմով է ստեղծվել ու գործել: Երկու գերատեսչությունների՝ Առողջապահության նախարարության ու Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տեղեկատվությունների հակասությունը նաեւ Գլխավոր դատախազությունն է ուսումնասիրում, ու երեկ տարածած հաղորդագրությամբ ԱՆ-ն, ասես գլխին գալիքը գիտակցելով, փորձում է կանխարգելել դատախազության կողմից մատնանշվելիք հավանական բացթողումներն ու հարցապնդումները:

Հարց է նաեւ, թե կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թվերի անճշտության մասին նախարարությունն ինչու չէր խոսում դեռ մեկ տարի առաջ, երբ 2021 առաջին ամսիներին ՊՎԾ-ն հրապարկել էր իր վիճակագրությունը, ու արդեն այդ ժամանակ հստակ էր՝ մահվան թվերի հետ ինչ-որ բան այն չէ:

 

 

 

 

Ուշագրավ իրավիճակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի մասով։ Բանն այն է, որ երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Նիկոլ Փաշինյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով վճռել է, որ խախտվել են Փաշինյանի ազատության եւ անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը եւ նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։ Նկատենք՝ այս գործը վերաբերում է այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Փաշինյանի ազատազրկմանը, որը տեղի է ունեցել 2008 թվականի ընտրություններից հետո, երբ նա աջակցում էր նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Հետաքրքիր է, որ երեքուկես տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունից հետո ՄԻԵԴ 2008 թվականի դեպքերին վերաբերող վճիռները ակտիվացել են։ ՄԻԵԴ-ից մի վճիռ էլ նախորդ տարվա սեպտեմբերին էր եկել՝ կրկին Փաշինյանի դիմումի հիման վրա, սակայն այս անգամ ֆինանսական պահանջ առկա չէր։ Նկատենք, որ «Մարտի 1»-ի գործով վերջին տարիներին իրենց օգտին վճիռներ են ստացել Սասուն Միքայելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Մուշեղ Սաղաթելյանը եւ, իհարկե, Նիկոլ Փաշինյանը։ Ու հիմա իսկապես հարց է առաջանում` ՄԻԵԴ-ի իրար հետեւից վճիռները ինչո՞ւ հիմա եղան։

 

 

 

ՀՀ գլխավոր դատախազության եւ Հակակոռուպցիոն կոմիտեի ջրերը մեկ առվով չեն հոսում, եւ հակասություններն արդեն տեղափոխվել են հրապարակային դաշտ: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ դատախազությունը պատերազմ է հայտարարել Հակակոռուպցիոն կոմիտեին: Բանն այն է, որ դատախազությունը նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործերով մեղադրանքները չի հաստատում եւ դատարան չի ուղարկում, այլ հետ է ուղարկում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին՝  նոր հանձնարարականներ տալով: Օրինակ՝ 1. Գլխավոր դատախազությունը վերացրել էր ՀՔԾ-ի (այսօրվա Հակակոռուպցիոն կոմիտեի) որոշումը՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու դեպքով, եւ ուղարկել է ՀՔԾ՝ կրկին քննություն իրականացնելու, որտեղ էլ արդեն հարուցվել է քրեական գործ։ Փաստ 2. նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ էր հայտարարել եւ այն ուղարկել էր Գլխավոր դատախազություն՝  հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: Դատախազությունից, սակայն, հայտնել էին, որ քրեական գործը չի հաստատել դատախազը եւ այն հետ է ուղարկել: Հիմա էլ հերթը հասել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: Գասպարյանի գործը Գլխավոր դատախազությունը համապատասխան ցուցումներով հետ է ուղարկել լրացուցիչ նախաքննության։  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են. «Դատախազի որոշումը գնահատում ենք անօրինական եւ չհիմնավորված»: Իսկ Դատախազությունն էլ Կոմիտեին փորձում է իր տեղը ցույց տալ. «Նախաքննական մարմինն ունի պարտավորություն ցանկացած պարագայում իրականացնելու օբյեկտիվ քննություն»: Ասել է թե՝ ստեղծվել է մի իրավիճակ, որ անգամ ստորադաս մարմինը, այս դեպքում՝ Կոմիտեն, գնահատական է տալիս վերահսկող կամ վերադաս մարմնի գործողություններին: Սա չլսված բան է եւ ունի խորքային պատճառներ, որոնց առաջիկայում կանդրադառնանք:

 

 

 

Չնայած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մեկ օր է, ինչ տեղադրված է Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում, սակայն արդեն հասցրել է այս պահի դրությամբ հավաքել 15 դեմ եւ հինգ կողմ ձայներ։ Ըստ նախագծի հիմնավորման՝ առաջարկվում է բարելավել համակարգը, անցնել ներառական համընդհանուր կրթության, նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը։ Իհարկե, առաջին հայացքից կարող է հիանալի նախագիծ թվալ, սակայն ինչպես միշտ է լինում, դրույթները մնում են թղթի վրա ու չեն իրականանում։ Նկատենք՝ այս նախագիծը չարչրկվածների թվին կարող ենք դասել , քանի որ այն «տարած֊հետ բերած» է, սակայն դրանից հետո էլ լավը չի դարձել։ Նշենք, որ այս նախագիծը ներկայացվել էր դեռ 2021 թվականի նոյեմբերին, եւ քննարկում էր տեղի ունեցել վարչապետի մոտ։  Ամենաքննադատվող կետերից մեկը մասնագիտական կրթություն չունեցող անձանց դասավանդելու թույլտվություն տալն է։ Ըստ նախագծի՝ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չհամալրվելու պարագայում այդ տեղի համար կարող է դիմել նաեւ մասնագիտական կրթություն չունեցող անձը։ Դիմողը պետք է անցնի ԿԳՄՍՆ-ի մշակած պետական ծրագիրը, որից հետո միայն մասնակցի մրցույթին։ Հավելենք նաեւ, որ, ըստ նախագծի, միավորային համակարգը կներդրվի միայն հինգերորդ դասարանի երկրորդ կիսամյակից, եւ ՀՀ դպրոցներում կլինի սիրողական մակարդակի կրթություն: Սա է հեղափոխական Հայաստանը:

 




Լրահոս