Դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին Հայաստանի 36 խոշորացված համայնքներում։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ՔՊ) առաջադրվել էր դրանցից 35-ում. բացառություն էր կազմում Սեւան խոշորացված համայնքը։ Այս համայնքներից 24-ում իշխող ուժը հաղթեց մրցակիցներին, ընդ որում՝ 15-ում հավաքեց ընտրողների ձայների կեսից ավելին եւ առանց դժվարության հնարավորություն ստացավ ստանձնել համայնքի կառավարումը։
Մնացած տեղամասերում ՔՊ-ն պարտվել է, կամ էլ դրա հաղթանակը միանշանակ չի եղել (հավաքել է 50%-ից քիչ ձայն եւ կարող է ղեկավարել՝ կոալիցիա կազմելով)։ Ընտրություններին հաջորդած իրադարձությունները ցույց են տալիս, որ մի շարք համայնքներում պարտված իշխանությունը ձերբակալությունների, սպառնալիքների կամ սաբոտաժի միջոցով փորձում է խոչընդոտել նոր համայնքային իշխանությունների ձեւավորմանը։
«Քաղաքացիական պայմանագիրը» 50%-ից քիչ ձայներ է ստացել 21 համայնքներում, որոնցից առնվազն 6-ում ոչ իշխանական կառավարում ձեւավորելուն խոչընդոտել է կամ փորձել է խոչընդոտել կալանավորումների, սաբոտաժների, ստվերային պայմանավորվածությունների կամ սպառնալիքի միջոցով։
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանին
-Պարո՛ն Բաքոյան, այն համայնքներում, ուր ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել, իշխանությունները ցանկանում են գերակայություն հաստատել: Սա ի՞նչ ձեռագիր է. ամեն գնով փորձում են ունենալ սեփական թեկնածուին եւ սեփական թեկնածուին առաջ տանել:
-Թույլ տվեք չհամաձայնել Ձեր կարծիքի հետ, եւ վառ ապացույցն ասածներիս այն է, որ կան համայնքներ, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի հաղթել: Օրինակ՝ Վեդիի հարցը չլուծվեց, կլինեն նոր ընտրություններ, եւ դա նորմալ է:
-Օրինակ՝ Վարդենիսում, Վանաձորում, Թալինում այնպիսի իրավիճակ է, երբ ՔՊ-ն փորձում է ուժի միջոցով հարցեր լուծել:
-Տեսե՛ք, ունենալով մեկ կամ երկու դեպք եւ դա վերագրելով քաղաքական ուժին, որ դա այդ քաղաքական ուժի ձեռագիրն է, կարծում եմ, որ տեղին չէ կամ առնվազն սխալ է: Եթե մենք խոսում ենք, օրինակ, Թալինի մասին, ապա այնտեղ նորմալ պրոցեսներ են տեղի ունեցել, եւ այդ նորմալ պրոցեսների արդյունքում այնտեղ համայնքի ղեկավար է ընտրվել, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն է եղել: Եթե Վարդենիսում, օրինակ, ունենք այլ խնդիր, ապա դա չի վերագրվում քաղաքական կուսակցությանը կամ քաղաքական կազմակերպության ձեռագրին: Դրանք կարող են լինել տեղային խնդիրներ, եւ դրանք, ի վերջո, ունենում են լուծումներ:
-Թալինում, ասում էին, ճնշումներ են եղել: Դրանց մասին շատ է խոսվում:
-Առնվազն ծիծաղելի է, որ համարում ենք, որ ուժի ձեռագիր կա այստեղ: Եթե այդ տրամաբանությամբ գնանք, ապա այդ խնդիրն ավելի հեշտ լուծելու համար մինչեւ ընտրություններն այդ հարցերը կլուծվեին, եւ արդյունքում ընտրություններից հետո կունենայինք ցանկալի արդյունք, եթե այդ տրամաբանության մեջ ենք մենք գնում: Մենք նման խնդիր մեր առջեւ չենք դրել եւ նման խնդիր էլ չունենք, որ այդ ճանապարհով գնանք:
-Պարո՛ն Բաքոյան, նաեւ փոքրամասնություն եք ներկայացնում խորհրդարանում, եւ մինչեւ ընտրությունները նշվում էր, որ այս խոշորացման մոդելը զրկում է նրանց իրենց սեփական թեկնածուն ունենալուց: Այդ խնդիրն ինչպե՞ս լուծվեց:
-Տեսե՛ք, իմ կարծիքն ու դիրքորոշումը հայտնել եմ, մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել եւ դրանց արդյունքում եկել ենք այն կետին, որ ազգային փոքրամասնությունների համայնքները պետք է առանձին միավորվեն ու գնան ընտրությունների, եւ ստացվել է դա: Ես այդպես մտածում էի, եւ այդ ճանապաչհով մենք գնացել ենք: Ազգային փոքրամասնության, մասնավորապես՝ եզդիական համայնքի երկու ընտրություն ենք ունեցել, երկու խոշորացվող համայնքներ են եղել, եւ այդ համայնքները առանձին եզդի թեկնածուներ են ունեցել, եւ այդ ընտրությունները տեղի են ունեցել: Այդ խնդիրը լուծվել է:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԱԼԻԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այդ մասին հայտնել են ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից Մինսկի խմբի համանախագահների գործունեության մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունների առնչությամբ:
«ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունը չի կարող մեկնաբանել Ադրբեջանի նախագահի հրապարակային հայտարարությունները: Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը եւ երախտագիտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի, նրա համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի աշխատանքին»,-հայտնել են ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախորդ շաբաթ ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում սպառնացել էր ճնշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվելու փորձերը: Ալիեւը, մասնավորապես, ասել էր. «Նրանք [համանախագահները] չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է: Մենք ենք լուծել այս խնդիրը նրանց փոխարեն»: Ադրբեջանի նախագահը նաեւ պնդել էր, թե եթե հակամարտող կողմերից մեկը ասում է, թե հիմնախնդիրը լուծված է, ապա «միջնորդության տեղ այլեւս չկա»:
Ադրբեջանի կողմից 2020 թվականին սանձազերծված 44-օրյա լայնածավալ պատերազմից հետո Ալիեւը բազմիցս հանդես է եկել նմանատիպ հայտարարություններով՝ պնդելով՝ իբրեւ թե ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է լուծված, այլ, առհասարակ, «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն գոյություն չունի, եւ հետեւաբար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց էլ չկա:
Այդուհանդերձ, չնայած Ադրբեջանի նախագահի պնդումներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունները (Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, ԱՄՆ) եւ Մինսկի խմբի համանախագահները թե՛ առանձին եւ թե՛ համատեղ բազմաթիվ հայտարարություններով շեշտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ եւ տեւական կարգավորման անհրաժեշտությունը՝ կողմերին կոչ անելով վերսկսել խաղաղ բանակցությունները համանախագահների հովանու ներքո: Եվ միջազգային ողջ հանրությունն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափին եւ համանախագահների աշխատանքին:
ՄԻՋԱԴԵՊԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Հունվարի 14-ին ArmLur.am-ը հրապարակել էր, որ Աբովյան փողոցում մի երիտասարդ ծեծի է ենթարկել մի տղամարդու: ArmLur.am-ի թղթակիցը մոտեցել է ծեծված տղամարդուն՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել: Եվ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ ArmLur.am-ի հրապարակումնից հետո տեղի ունեցած միջադեպին իրավապահները ընթացք են տվել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17.30-ին, Աբովյան փողոցի 42 հասցեի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Վահե Աբովյանը բռունցքով հարվածել է Երվանդ Դերտլյանի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Նույն օրը՝ ժ.20.30-ին, Վ. Աբովյանը իրենց շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն եւ բաց թողնվել: Դերտլյանը հրաժարվել է հաղորդում տալուց: Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր:
ԵՆԹԱԴՐՅԱԼ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ՓՆՏՐՈՒՄ ԵՆ
Շուրջ 4 ամիս է անցել, սակայն իրավապահները մինչ օրս չեն գտել ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի որդու եւ նրա ընկերոջ վրա կրակած անձին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին կրակոցներ էին հնչել Երեւանում՝ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ: Ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ, կրակոցներ են հնչել: Կրակել էին Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի որդու՝ Սերգեյ Մելիքյանի վրա եւ եւս երկու անձի վրա, ինչի հետեւանքով դեպքից մեկ օր անց վիրավորներից մեկը մահացավ հիվանդանոցում. Շուրջ 4 ամիս է՝ իրավապահները փնտրում են պատգամավորի որդու եւ նրա ընկեների վրա կրակած անձին:
Գրել էինք, որ գործով քննվում է մեկ վարկած: ArmLur.am-ի տեղեկություններով` նախաքննական մարմնում կա մեկ վարկած, որ կրակոցներ իրականացրած անձը, որին իրավապահները փնտրում են, վերոնշյալ օրը նախկին պատգամավորի որդու եւ նրա ընկերոջ հետ եղել է Երեւանի EVN սրճարան-ակումբում: Ակումբում սկսվել է վեճը, որը շարունակվել է փողոցում, ու այս ամենից հետո հնչել են կրակոցներ: