ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հաննաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում:

 

Մասնավորապես, փոփոխություններից մեկով նոր հոդվածը կամրագրվի այսպես. «Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողներին հաշվարկվում է ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափերով»:

Իսկ չորրորդ նախադասությունում «ծառայողական բնակելի տարածությամբ ապահովելիս կամ բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում վճարելիս» բառերը փոխարինել «սույն մասով սահմանված ամսական դրամական փոխհատուցումը հաշվարկելիս» բառերով:

Բանն այն է, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց պայմանագրային զինծառայողներին վճարվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափերով:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ  հոդվածի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ զուտ օրենքի տեսանկյունից այս նորմը նախատեսվել է պայմանագրային զինծառայողներին սոցիալական երաշխիքներ ապահովելու նպատակով: Սակայն օրենքի կիրառման արդյունքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ: Մասնավորապես՝ զինծառայողները, որոնք, տարբեր պայմաններից ելնելով, երբեմն իրենց կամքից անկախ հաճախ իրենց վարձակալած բնակարանի համար պայմանագիր չեն կնքում: Վարձով բնակվում են այլ վայրում, որեւէ ծանոթ մարդ են գտնում, նրա հետ պայմանագիր կնքում, հարկերն իրենց կողմից վճարում եւ այդ փաստաթղթերը ներկայացնում համապատասխան հանձնաժողով՝ ստանալով վարձավճարի փոխհատուցում: Փաստացի ստացվում է, որ բնակելի տարածություն վարձակալելու համար փոխհատուցում ստացած զինծառայողները իրավական ակտերով սահմանված կարգը պահպանում են, ներկայացնում են նաեւ Կադաստրի կոմիտեից տեղեկանք՝ սեփականություն չունենալու մասին՝ բացառությամբ այն դրույթի, որ ապրում են ոչ թե պայմանագրի մեջ նշված հասցեում, այլ այնտեղ, որի տան տերը չի կնքել պայմանագիր:

Նշված խնդրահարույց դեպքերի հանգամանքները՝ որպես հանցագործության հատկանիշ, հիմք են հանդիսացել, եւ մի քանի տասնյակ պայմանագրային զինծառայողների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության տրամադրած վիճակագրության համաձայն՝ ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1138-Ն որոշմամբ հաստատված «Զինծառայողների եւ քաղաքացիական ծառայողների կողմից բնակելի տարածությունների վարձակալության համար դրամական փոխհատուցման վճարման» կարգը խախտելով՝ բնակելի տարածությունների վարձակալության պայմանագրեր ներկայացնելու եւ իրականում տվյալ բնակարաններում չբնակվելու պայմաններում դրամական փոխհատուցումներ ստանալու վերաբերյալ զինծառայողների կողմից խաբեության եղանակով խոշոր չափերի խարդախություն կատարելու փաստերի առթիվ մինչ օրս կայազորային քննչական բաժիններում քննվել են թվով 81 քրեական գործեր: Դրանցից 30-ի նախաքննությունն ավարտվել, եւ գործերի ընթացքը լուծվել է անհատական մոտեցմամբ, իսկ 51 քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

Նման դեպքերով քրեական գործերի հարուցումը պարտավորեցնում է պայմանագրային զինծառայողներին քրեական պատասխանատվությունից ազատվելու համար միանվագ վճարել ամիսներ կամ տարիներ շարունակ պետությունից ստացած եւ իրենց կացության համար ծախսած գումարները, որն այս ծանր սոցիալական պայմաններում զինծառայողների համար անհաղթահարելի դժվարություն է: Վերոնշված խնդիրների լուծման կապակցությամբ օրենսդրական փոփոխություն իրականացնելու անհրաժեշտություն են տեսել Պաշտպանության նախարարությունը եւ Զինվորական կենտրոնական դատախազությունը:

Այսպիսով,  նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռնվի պայմանագրային զինծառայողներին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում, առանց բնակելի տարածության վարձակալության եւ վարձավճարի չափի մասին համապատասխան պայմանագրեր եւ տեղեկանքներ ներկայացնելու, օրենքով սահմանված կարգով ստանալ դրամական փոխհատուցում:

Ն.Հ.

 

 

 

ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ԱՆԿԱՆԽԻԿ

Հայաստանում 2022 թվականի հուլիսի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով։ Գործող օրենքում համապատասխան փոփոխությունները հավանության են արժանացել հունվարի 18-ին Ազգային ժողովի նիստում։ Փոփոխությունների նպատակը կանխիկ դրամաշրջանառության նվազեցումն է։ Նախագիծը, մասնավորապես, նախատեսում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի տարածքում ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման եւ այլ գործարքների վճարումը կիրականացվի անկանխիկ եղանակով։ Գրավատները 2022 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 80 հազար դրամի չափով վարկերը քաղաքացիներին տրամադրեն բացառապես անկանխիկ եղանակով։ Ընդ որում, տվյալ շեմը տարեցտարի կնվազի, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից այն կհասնի 20 հազար դրամ ցուցանիշի։

 

 

ՀԱԿԱՍՈՒՄ Է

Նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններից Հայաստանը, ըստ Համաշխարհային բանկի, առաջին տեղն է զբաղեցրել գործազրկության ցուցանիշով։ Այս ցուցանիշը երկրում հասել է 20.21 տոկոսի։ Այս մասին Ազգային ժողովի նիստին Կենտրոնական բանկի փոխնախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Իսկ եթե գործազրկության մակարդակով մենք առաջին տեղում ենք, ապա ինչպե՞ս կարելի է խոսել այն մասին, որ մեր երկրի տնտեսական վիճակը միանգամայն ընդունելի է»,- տարակուսանք է հայտնել պատգամավորը։ Այս ամենը, Խաչատրյանի խոսքով, հակասում է գործող իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, որոնք նախկինում պնդում էին տնտեսության մեջ աննախադեպ հաջողությունների մասին։

 

 

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՎԱՐԻ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի Մոսկվայում բանակցություններ կվարի իրանցի գործընկեր Էբրահիմ Ռայիսիի հետ: «Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի ողջ համալիրը, այդ թվում՝ առեւտրատնտեսական ոլորտում համատեղ նախագծերի իրականացումը, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային արդիական հարցեր»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ: Նշվում է նաեւ, որ նախագահները կքննարկեն իրանական միջուկային ծրագրի իրականացման խնդիրը: Բացի այդ, Ռայիսին հունվարի 20-ին ելույթ կունենա Պետդումայի նիստում:

 

 

ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ԱՃ

Եվրոպայում գրիպով հիվանդացության աճի տեմպերն ավելացել են, ինչը կարող է վկայել երկարատեւ պանդեմիայի՝ գրիպի եւ COVID-19-ով հիվանդների միաժամանակյա բարձր մակարդակի մասին: Այս մասին գրում է Reuters գործակալությունը: «Գրիպի վիրուսի վերադարձը կարող է դառնալ հիվանդության վարակվածության երկարատեւ սեզոնի սկիզբ, որը կարող է շարունակվել մինչեւ ամառ»,- այս մասին հայտնել է Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) փորձագետ Պասի Պենտինենը։ Ինչպես նշվում է կենտրոնի հետազոտության մեջ, այս իրավիճակը կապված է Covid-19-ի ֆոնի վրա սահմանափակումների մեղմացումների հետ, որոնք նպաստում են գրիպի տարածումը: Բացի այդ, իրավիճակի վրա ազդում է նաեւ անցած ձմռանը գրիպի գրեթե իսպառ բացակայությունը։ Դրա պատճառով պատվաստանյութերը, որոնք ամեն տարի հարմարեցվում են շրջանառվող վիրուսին, կարող են այդքան արդյունավետ չլինել:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում նախորդ տարվա նոյեմբերից գրիպի հիվանդացության աճ է նկատվում: Առավել ակտիվ է A (H3N2) տեսակի վիրուսը: Հայաստանցի մասնագետների խոսքերով՝ գրիպի համաճարակի բռնկումը կապված է այն բանի հետ, որ 2020 թվականին հիվանդացության մակարդակը բավական ցածր է եղել:

 

 

 

ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՉԷ

Արցախի պաշտպանության բանակում փոփոխությունները 1-2 քայլով առաջ են այն վիճակից, որն այսօր ունենք Հայաստանում: Այս մասին նշել է Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Անկախ թերություններից, խնդիրներից, հնարավոր եղել է հետպատերազմյան շոկը հաղթահարել, ստեղծել պայմաններ, ինչը մեզ հնարավորություն կտա հետագայում անցնել վերափոխումների նոր գործընթաց: Այսօր բավականին ակտիվ գործընթաց գնում է Արցախում նաեւ տեղում ինքնակազմակերպելու առումով: Սա առջին փուլի համար բավարար է, բայց պետք է շարունակվի 2-րդ 3-րդ փուլով, իրական ռեֆորմներով ստեղծվի այնպիսի առողջ մարմին, որը հնարավորություն կունենա, անկախ Հայաստանի մոտեցումներից, ապահովել Արցախի անվտանգությունը: Առանց Պաշտանության բանակի գոյության, Արցախի հայկականությունը որեւէ ձեւով երաշխավորված չէ»,-ընդգծել է նա:

 




Լրահոս