Երեկ մամուլի ասուլիսով 2021թ.-ի Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գործունեությունը եւ կատարած աշխատանքներն ամփոփել է ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ Նա ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ Արցախը դեռեւս գտնվում է ծանր վիճակում, բայց կարող են փաստել, որ վերակակենդանացման բաժանմունքից տեղափոխվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունք։
«Գիտեք, որ արտաքին քաղաքական գերատեսչությունը իրականացնում է երկրի ղեկավարի արտաքին քաղաքականությունը։ Մեր ավանդական նպատակները մնացել են նույնը, դրանց գումարվել են այլ առաջադրանքներ։ Ընդհանուր առմամբ փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի պաշտպանենք մեր շահերը։ Կարեւորագույն գործառույթներից մեկը մեր տարբեր միջազգային ատյաններում մեր տեսակետը ներկայացնելն է։ 2021-ին ԵԱՀԿ-ում տարածել ենք 20 փաստաթուղթ, ՄԱԿ-ում՝ 15, ԵԽ-ում՝ 4 փաստաթուղթ։ ԱԳՆ-ն ընդհանուր առմամբ կատարել է 32 հայտարարություն եւ մեկնաբանություն, 88 պաշտոնական հաղորդագրություն. սա, կարծում եմ, բավականին ակտիվ գործընթաց է, որը իրականացրել ենք նաեւ ՀՀ մեր գործընկերների եւ Սփյուռքի կառույցների հետ համատեղ։ Բավականին ակտիվ աշխատել ենք սոցիալական ցանցերում։ Այս ընթացքում բավականին ակտիվ աշխատել ենք ոչ միայն տեղական, այլեւ միջազգային ԶԼՄ-ների հետ։ Հատուկ ուշադրություն ենք դարձրել Ադրբեջանի քաղաքականությանը, չի եղել գեթ մեկ զարգացում եւ քայլ, որը ԱԳՆ-ի կողմից համապատասխան գնահատականի չի արժանացել, անպատասխան չենք թողել որեւէ հարձակում մեր երկիրի դիվանագիտության վրա»,- նշեց նա։
Դավիթ Բաբայանը կարեւորեց շարունակական աշխատանքը նաեւ ՀՀ-ի եւ Սփյուռքի հետ։ «Մեր ավանդական հարցերը շարունակում են մնալ նույնը, դա հակամարտության կարգավորումն է, երկկողմ հարաբերությունների զարգացումը, Սփյուռքի գաղթօջախների հետ կապերի ամրապնդումը եւ այլն։ Դրանց գումարվել է մեզ համար նոր առաջադրանք. դա մեր աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն է, որպեսզի ցույց տանք աշխարհին, որ Արցախը կա, եւ մենք ենք տնօրինելու մեր ճակատագիրը»,-ասաց նա։ Նախարարը ներկայացրեց, թե ինչ հիմնական աշխատանքներ է իրականացնելու ԱԳՆ-ն 2022թ.-ին։
«Շարունակելու ենք համառորեն պաշտպանել Արցախի շահերը, անկախությունը եւ ինքնիշխանությունը, բոլոր միջոցներով ամրապնդելու ենք մեր միասնականությունը։ Մեզ համար, որպես կարեւորագույն ուղղություն, հանդիսանալու է Արցախի միջազգային ճանաչումը։ Ադրբեջանաղարաբաղյան կարգավորումը եղել է եւ կմնա մեր կարեւորագույն առաջադրանքներից մեկը։ 2020թ.-ից հետո առավել կարեւոր է դարձել մեր աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը։ Վարելու ենք նախաձեռնողական, համարձակ եւ թիրախային քաղաքականություն, միաժամանակ զուսպ, գովազդից զուրկ, տեղեկատվական բաղադրիչով արտաքին քաղաքականություն։ Մենք որդեգրել ենք շատ գործելու, քիչ խոսելու քաղաքականությունը»,-ասաց նա։ Անդրադառնալով պատերազմից հետո միջազգային մի շարք կառույցների ներկայացուցիչների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Արցախ չայցելելուն՝ Բաբայանը շեշտեց. «Բավականին երկար ժամանակ է, նրանք չեն այցելում Արցախ, վերջին անգամ այցելել են 2019թ.-ի վերջին։ Դրանից հետո եղավ համաճարակ, պատերազմ, որոնք, սակայն, տեխնիկական խոչընդոտներ են։ Առավել կարեւոր խոչընդոտ Ադրբեջանն է, որը փորձում է թույլ չտալ կամ բարդացնել նրանց այցելությունը տարածաշրջան։ Գիտեք, որ հանդիպում է տեղի ունեցել ԱՀ նախագահի եւ ՌԴ նորանշանակ համանախագահի հետ, ես նույնպես մասնակցել եմ այդ հանդիպմանը։ Մենք սա բարձր ենք գնահատում։ Անկեղծ քննարկումներ են տեղի ունեցել տարբեր հարցերի շուրջ։ Մի օր պետք է լինի նրանց այցելությունը տարածաշրջան, մանավանդ որ իրենք ուզում ենք։ Վերջերս տեսանք Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, եւ, ըստ այդ տրամաբանության, Մինսկի խումբը պետք է փակվի, բայց չեմ կարծում, որ համախաագահող երկրները տեղի կտան այդ շանտաժին»,- ասաց ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը
Ն.Հ.
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը հրաժարական է տվել: ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկությունը Յոլյանն անձամբ հաստատեց: «14 տարի է ոլորտում եմ, որից 5 տարին պալատն եմ նախագահում, պաշտոնավարման քիչ՝ մեկ տարուց էլ պակաս ժամանակ էր մնացել, ու ընտանեկան, անձնական, այլ ծրագրերի հետ կապված գործեր կան, որոնցով այս պահին զբաղվելն ավելի կարեւոր ու առաջնահերթ է»,- մեզ հետ զրույցում ասաց նա: «Վաստակած հանգստի եք գնում»,- նկատեցինք: «Այլ ծրագրերի հետեւից գնալն ու դրանք կյանքի կոչելը հանգստի մեկնել չէի անվանի»,- նշեց Լեւոն Յոլյանը: Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը հրաժարական է ներկայացրել: Մեր ունեցած տեղեկություններով՝ այս պաշտոնում նրան կփոխարինի պալատի անդամ Եղիշե Սողոմոնյանը: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իշխանության կողմից պալատը նախագահելու առաջարկ դեռեւս չի ստացել: «Չեմ կարող հիմա ասել՝ եթե նման առաջարկ լինի, կընդունեմ, թե ոչ: Եթե առաջարկեն, կմտածեմ»,- նշեց Սողոմոնյանը: Եղիշե Սողոմոնյանը, որ ամիսներ առաջ ընտրվեց Վերահսկիչի անդամ, Ազգային ժողովի նախորդ՝ 7-րդ գումարման պատգամավոր էր: Նա պատգամավորի քվոտա ստացել է «Առաքելություն» կուսակցությունից:
ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՑ
Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացրել է փետրվարի 2-ից Հայաստանի հետ ավիահաղորդակցություն սկսելու մասին: «Ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ կսկսվի փետրվարի 2-ից, իսկ Իրաքի հյուսիսի (Էրբիլ) հետ՝ հունվարի 24-ից»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
ԸՆՏՐՎԵՑ
Խորհրդարանը Հովհաննես Խաչատրյանին ընտրեց Կոնտրոնական բանկի նախագահի տեղակալ: Վերջինիս թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Հովհաննես Խաչատրյանն ընտրվեց 65 կողմ, 5 դեմ ձայներով:
ՊԵՍԿՈՎԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է
Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Պուտինին եւ Զելենսկուն արված առաջարկի վերաբերյալ հարցին: Պաշտոնական Կրեմլը ողջունում է ցանկացած երկրի ջանքերը՝ ուղղված Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղարը։ Պեսկովը հիշեցրել է, որ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ հիմնական տարաձայնությունները կապված են ուկրաինական կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարման ձգձգման հետ։ «Եթե մեր թուրք գործընկերները կարողանան ազդել ուկրաինացիների վրա եւ մղել նրանց նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ապա դա կարելի է միայն ողջունել»,- հավելել է Պեսկովը։ Հիժեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Թուրքիա՝ երկու երկրների միջեւ առկա տարաձայնությունները հարթելու:
ՇԱՏ ԵՆ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎՈՒՄ
Հայաստանում սկսել են շատ ամուսնալուծվել: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա 11 ամիսներին գրանցվել է ամուսնալուծության 4 հազար 69 դեպք: 2020 թվականի նույն ժամանակահատվածում այս թիվը կազմել է 2866: Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում 1203-ով ավելացել են ամուսնալուծության դեպքերը: Մեզ հայտնի դարձավ, որ ավելացել է նաեւ ամուսնացող զույգերի թիվը: Պաշտոնապես, մեր հանրապետությունում անցյալ տարվա 11 ամիսներին ամուսնության 15 հազար 902 դեպք է գրանցվել, մինչդեռ 2020 հունվար-նոյեմբերին ամուսնացել է 10 հազար 769 մարդ: Ի դեպ, նշենք, որ ամենաշատ ամուսնալուծությունները գրանցվել են Երեւանում: Հաջորդը Կոտայքի մարզն է, Արմավիրը, Շիրակը: Նշենք, որ Լոռու մարզը ամուսնալուծությունների թվով եւս առաջատար դիրքերում է: Ըստ մասնագիտական որոշ շրջանակի՝ վաղ տարիքում ամուսնության դեպքերը, երբ կինն ու տղամարդը չեն պատկերացնում, թե ում հետ են ամուսնանում եւ ինչ սպասումներ ունենան ապագա կողակցից, ժամանակի ընթացքում կարող են հանգեցնել հիասթափության եւ ամուսնալուծության: Մասնագետների մի շրջանակ էլ գտնում է, որ ընտանեկան բռնությունների պատճառով է, որ ավելանում են ամուսնալուծությունները:
ՆՈՐ ԱՆՁ՝ ՓԵՍԱՅԻ ՊԱՇՏՈՆԻՆ
Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 14-ին որոշում է ստորագրել, որում նշվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Անրի Վարդանյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»: Հիշեցնենք, որ Անրի Վարդանյանը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Ջհանգիրյանի փեսան է, զբաղեցրել է Երեւան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնը: Պաշտոնից ազատվել էր շուրջ երկու ամիս առաջ եւ նշանակվել Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ, սակայն դատելով իրավիճակից՝ նրա եւ կոմիտեի նախագահի ջրերը մեկ առվով չհոսեցին, եւ նա լքեց այդ պաշտոնը: Եվ, ահա, Ջհանգիրյանի փեսայի թափուր պաշտոն տեղում նոր անձի են նշանակել: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Սահակյանը 2022 թվականի հունվարի 19-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչության պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից: