Կառավարությունը հավանություն չի տվել ԱԺ Հայաստան խմբակցության նախագծին, որով նրանք առաջարկում էին Հայաստանում նվազագույն աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ: Նշենք, որ այժմ նվազագույն աշխատավարձը կազմում է 68 հազար դրամ: Իսկ կառավարության կողմից մերժման հիմնավորումներից մեկն այն է, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի համաձայն՝ կառավարությունը մինչև 2026 թվականը քայլեր է ձեռնարկելու նվազագույն աշխատավարձը 85.000 ՀՀ դրամ սահմանելու ուղղությամբ։
Իհարկե, այս իշխանությունների կողմից ընդունված գործելաոճ է, երբ մերժվում է ընդդիմության նախագիծը, ապա որոշ ժամանակ անց այդ նույն նախագիծը ներկայացվում է հենց նրանց կողմից: Իսկ առավել տարածված պրակտիկա է, երբ իշխանությունները խոստանում են մի բան, սակայն արդյունքում անում մեկ այլ բան: Իսկ որ հանրությանը տված եւ չիրականացված խոստումները բազմաթիվ են, դա աներկբա է: Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի նախընտրական այս խոստմանը, թե մինչև 2024թ. Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու, այն կթանկանա ավելի քան 20 դրամով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց 2022-ի սակագների վերանայման՝ «Վեոլիա ջուր» ընկերության հայտը։ Սպառողները ջրի մեկ խորանարդ մետրի համար հունվարի 1-ից 200 դրամ են վճարում:
Ն.Հ.