Այսօր՝ հունվարի 21-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Երևանի Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանում ուղևորափոխադրում իրականացնող 37 տրանսպորտային միջոցում։ Հայտնաբերվել է 1 խախտում, որի հիմքով կազմվել է վարչական արձանագրություն։
Այս մասին տեղեկանում ենք ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնական կայքէջից:
Հավելենք, որ հունվարի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետների կողմից մշտադիտարկվել է Էրեբունի և Նուբարաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Ավան և Նոր Նորք, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններով ուղևորափոխադրում իրականացնող ընդհանուր 205 տրանսպորտային միջոց։
Դիտարկման արդյունքում հանրային տրանսպորտում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 18 դեպք, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
Նշենք, որ վերահսկողական աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին։