Վրաստանի երեք խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութայիսիում և Բաթումում, այսօր բողոքի ցույցեր են անցկացվել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, գրում է Aliq Media-ն։
Մայրաքաղաքում ցուցարարները հավաքվել են Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովի (GNERC) դիմաց։ Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները և քաղաքացիական ակտիվիստները պահանջում են վերադարձնել մինչև 2015 թվականը գործող սակագները։
Բաթումիում ցուցարարները հավաքվել են Աջարիայի կառավարության շենքի մոտ։ Ցուցարարները եկել էին պաստառներով՝ «2012թ.՝ 1կՎտ հոսանք 11 թեթրի, 2022թ.՝ 1կՎտ 26.5 թեթրի», «Ապրիր այս ճշմարտությամբ», «Գործիր» գրություններով։ Քութայիսի քաղաքում ցույցը տեղի է ունեցել քաղաքապետարանի մոտ, որտեղ հավաքվել են ընդդիմադիր «ՄԱՇ» կուսակցության ներկայացուցիչներն ու նրանց համախոհները։ «Միացյալ ազգային շարժում» խմբակցության նախագահ Գիգա Շուշանիայի խոսքով՝ տեղական իշխանությունները մտածում են միայն իրենց բարեկեցության մասին և թքած ունեն բնակչության կարիքների վրա։
Հիշեցնենք, որ Վրաստանում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է 2021 թվականի հունվարի 1-ից։ Կախված սակագնային ծրագրերից՝ թանկացումը տատանվել է 15%-ից 24%-ի սահմաններում։ Թբիլիսիի համար մինչև 101 կՎտժ սպառման նվազագույն սակագինը կազմում է 18,041 թեթրի, մինչև 301 կՎտժ՝ 22,053, 301-ից բարձր՝ 26,537 թեթրի։ Մարզերի համար մինչև 101 կՎտժ սպառման նվազագույն սակագինը կազմում է 17,731 թետրի, մինչև 301 կՎտժ՝ 21,707, 301-ից բարձր՝ 26,227 թեթրի։