Ազգային ժողովում վաղը՝ հունվարի 25-ին, լսումներ տեղի կունենան։ Թեման կրթությունն է, նախաձեռնողը՝ խորհրդարանական ընդդիմությունը։
Պատգամավորների հրավերով, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրյալ ուսուցիչները, դպրոցի տնօրենները, կրթության փորձագետներն ու ոլորտի այլ մասնագետները կքննարկեն «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, որոնք ԱԺ-ն արդեն իսկ ընդունել է առաջին ընթերցմամբ։
Օրենքի լրամշակված տարբերակի հետ կապված մասնագետներն ու փորձագետները մի շարք անհամաձայնություններ են հայտնել, բայց ամենաքննարկված ու քննադատված դրույթը դպրոցի կառավարման մոդելի փոփոխությանն է վերաբերում։
Ըստ նոր կարգի՝ դպրոցը երկու տնօրեն է ունենալու։ Նրանցից մեկը պատասխանատու է լինելու կրթության բովանդակության, մյուսը՝ վարչական-տնտեսական հարցերի համար։
Օրենքի այս դրույթն իսկապես պարզաբանման կարիք ունի, քանզի հստակ չէ՝ երկու տնօրեններից որն ինչ կարգով է ընտրվելու և ո՞ւմ է հաշվետու լինելու։
Սևակ Վարդումյան