Երեկ Արմեն Սարգսյանը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, թե հրաժարական է տալիս իր պաշտոնից: Տեքստում ի թիվս այլ հարցերի, նա ընդգծել է, որ ապրում ենք մի իրականությունում, որտեղ նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա: Իրականություն, երբ նա չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար:
Այսպիսով, ինչ է սպասվում ՀՀ նախագահի հրաժարականից հետո.
ՀՀ Սահմանադրության Հոդված 126-ում ասվում է.
Հանրապետության նախագահի արտահերթ ընտրությունը
Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, եւ ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:
Հոդված 125. Հանրապետության նախագահի ընտրության կարգը
1. Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից:
2. Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, եւ ոչ ուշ, քան երեսուն օր առաջ:
3. Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը: 107 պատգամավոր ունեցող խմբակցությունում այս թիվը 27-ն է, այսինքն թեկնածու կարող է առաջադրել նաեւ ընդդիմությունը:
4. Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը (81 ձայն): Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը (64 ձայն) : Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
Այսինքն, ամենաուշը երեսունհինգ օր անց պետք է անցկացվի ՀՀ նախագահի նոր ընտրություն, սակայն առաջին փուլով անցնելու համար իշխանություններին նաեւ ընդդիմության ձայներն են պետք:
Ն. Հ.