ԱՀԿ-ում հնարավոր են համարել «օմիկրոնից» հետո կորոնավիրուսի համավարակի ավարտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն հնարավոր է համարել, որ «օմիկրոն» շտամից հետո կորոնավիրուսի համավարակը կավարտվի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Հավանականություն կա, որ Եվրոպան շարժվում է դեպի համավարակի ավարտը, խոսքը ոչ թե կորոնավիրուսի ավարտի, այլ համավարակի ավարտի մասին է», – ասել է Կլյուգեն:

Ըստ նրա՝ երբ «օմիկրոնի» տարածումը նվազի, մի քանի շաբաթվա կամ ամսվա ընթացքում ձեռք կբերվի «գլոբալ իմունիտետ»՝ կա՛մ պատվաստումների, կա՛մ վարակի միջոցով:

«Մենք ենթադրում ենք, որ մի փոքր հանգստի շրջան կլինի նախքան տարեվերջ, երբ կորոնավիրուսը կվերադառնա», – ասել է Կլյուգեն։

Այնուամենայնիվ, ԱՀԿ-ում ոչ բոլորն են կիսում Կլյուգի տեսակետը: ԱՀԿ փորձագետ Մարիա վան Կերխովեի խոսքով՝ համավարակը չի ավարտվի «օմիկրոնի» անկմամբ, քանի որ վիրուսը շարունակում է մուտացիայի ենթարկվել, իսկ նոր տարբերակները կարող են է՛լ ավելի վտանգավոր լինել։

Աշխարհում վերջին երկու տարվա ընթացքում հայտնաբերված քովիդի դեպքերի թիվը գերազանցել է 350 միլիոնը։ Վիրուսը 5 միլիոն 600 հազարից ավելի մարդու կյանք է խլել։




Լրահոս