ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու կորոնավիրուսի թեստավորման գները չեն էժանանում. ինչ գներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կորոնավիրուսի թեստավորման գները չեն էժանանում: Շատերի մոտ տպավորություն է ստեղծվում, որ բժշկական լաբորատորիաներին հրահանգված է բարձր պահել թեստավորման արժեքը:

ArmLur.am-ը փոքրիկ հարցում անցկացրեց՝ զանգահարելով բուժհաստատություններ, լաբորատորիաներ եւ հետաքրքրվեց, թե որքան է կազմում թեստավորման արժեքը: Տեղեկացնենք, որ թեստավորման գներն այսօր մեր հանրապետությունում սկսում է 8000 դրամից եւ հասնում մինչեւ 15000 դրամի:

Օրինակ, «Վարդանանց» բժշկական կենտրոնում եթե նախորդ տարվա հոկտեմբերի վերջին թեստավորման գինը 9000 դրամ էր, ապա այն այժմ արժե 9500 դրամ: Ի դեպ, նույն բուժհաստատության, բայց «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված լաբորատորիան առաջարկում է 7000 դրամով թեստավորվել, բայց փոքր-ինչ այլ պայմաններով. եթե առավոտյան մինչեւ 09:30 եք մտադիր թեստավորվել, ապա պատասխանը կստանաք երեկոյան՝ 19.30-ին, իսկ 09:30-ից հետո թեստավորվելու դեպքում պատասխանի մասին կտեղեկանաք հաջորդ օրը առավոտյան: «Պրոմ-Տեստ» լաբորատորիան թեստվորման գին սահմանել է 15000 դրամ եւ այն նախորդ տարվանից մինչ օրս այդպես էլ փոփոխության չի ենթարկվել:

«Նոր-Մեդ» բուժկենտրոնից մեզ փոխանցեցին, որ թեստավորման արժեքը կազմում է 8000 դրամ, բայց օդանավակայանի իրենց մասնաճյուղում այն 7000 դրամ է, իսկ պատասխանը ստացվում է 10-12 ժամվա ընթացքում: «Դիագեն Պլյուս»-ում թեստավորման գինը կազմում է 9000 դրամ:

Տեղեկացնենք, որ հունվարի 22-ից նոր սահմանափակումներ են ուժի մեջ մտել. ժամանցի, սննդի հանրային վայրեր այցելելիս պետք է ցույց տալ Covid-19-ի դեմ պատվաստման QR կոդը կամ թեստի բացասական արդյունք։ Եւ սա չպատվաստված քաղաքացիներին ստիպում է շտապել լաբորատորիա եւ թեստավորվել:

Այսինքն, այս օրերին կորոնավիրուսի թեստավորման գները շարունակում է մնալ հանրությանը հուզող հարցերից մեկը: Իսկ հյաստանյան բուժհաստատությունները համառորեն չեն նվազեցնում դրանց գները: Եւ չնայած սրան՝ չկա որեւէ պետական կառույց, որը կկարողանա ազդել լաբորատորիաների կողմից գին սահմանելու հարցում: Չէ որ ամիսների առաջ հայտնի դարձավ, որ պետության կողմից գնված թեստերի արժեքը տատանվում է 850 դրամից մինչև 3000 դրամի սահմաններում: Ստացվում է, որ բուժհաստատությունները շարունակում են գերշահույթ ստանալ՝ քաղաքացիների հաշվին:

Ս.Հ.




Լրահոս