Ուկրաինայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն ԱՄՆ պետքարտուղարության կողմից Կիևում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետկանչումն անվանել է վաղաժամ։ Նա նշել է, որ վերջին օրերին անվտանգության իրավիճակում կտրուկ փոփոխություն տեղի չի ունեցել։
«Ռուսական ագրեսիայի նոր ալիքի սպառնալիքը կայուն է մնում 2014 թվականից ի վեր, իսկ պետական սահմանի մոտ ռուսական զորքերի կուտակումը սկսվել է անցյալ տարվա ապրիլին», – գրել է Նիկոլենկոն իր ֆեյսբուքի պաշտոնական էջում։
Նա շեշտել է, որ ԱՄՆ պետքարտուղարության որոշումը չի նշանակում, որ ամերիկյան դեսպանատան բոլոր աշխատակիցները կհեռանան Ուկրաինայից. դեսպանատունը կշարունակի իր լիարժեք գործունեությունը։
Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը դիվանագիտական ակտիվ դիրքորոշման և Ուկրաինայի պաշտպանական կարողություններն ուժեղացնելու համար։
Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղարությունը Ուկրաինայի ամերիկյան դեսպանատանն աշխատող ամերիկացիների ընտանիքներին կարգադրել է հեռանալ այնտեղից Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների վտանգի պատճառով։ Պետքարտուղարությունը նաև ոչ հիմական անձնակազմին թույլ է տվել կամավոր հեռանալ։ Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին նույնպես հորդորել են երկիրը լքել կոմերցիոն չվերթներով։