Սկզբում չէի հաշտվում բառապաշարի, ժանրի, Ջուլիկի խալաթի հետ. Արաքսյա Մելիքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը վերջին շրջանում հանրությանը ներկայացավ նոր կերպարով՝ ամենառեյտինգային «Բլբուլյաններ» հեռուստասիթքոմում: ArmLur.am-ի հետ զրույցում Արաքսյան պատմել է Ջուլիկի կերպարի, ներքին հակասությունների եւ ոչ միայն:

«Երբ «Բլբուլյաններ» սիթքոմում նկարահանվելու առաջարակ ստացա ե՛ւ պլյուս ունեի, ե՛ւ մինուս: Ինչ առումով, որ ես ինքս միշտ քննադատաբար եմ մոտեցել հեռուստատեսային այդ ժանրին, բայց նաեւ հասկացա, որ սա մարտահրավեր էր ինձ, իսկ ես սիրում եմ նման մարտահրավերները, եւ որոշեցի, որ անպայման ինձ պետք է փորձեմ այդ ժանրում, եւ անկեղծ շատ սիրով եմ սկսել աշխատել: Անկեղծ կլինեմ, սկզբնական շրջանում կերպարիս հետ կապված հակասություններ ունեի: Երբ ինձ հրավիրեցին, ասացին, որ կա կնոջ երկու կերպար, մեկը՝ պճնամոլ, իսկ մյուսը ՝ դրա հակառակը՝ գյուղացի, հասարակ կին: Անկեղծ ասացի, որ առաջին կերպարի հետ կապ չունեմ, իսկ երկրորդ կերպարի հետ առավելեւս: Ռեժիսորը նույնպես համաձայնեց ինձ հետ, ասաց որ կնախընտրեր մի քիչ ավելի վատ արտաքինով լինեի, իսկ ես պատասխանեցի, որ խնդիր չունեմ կերպարանափոխվելու, խնդրեմ ինչպես կուզեք կարող եք կերպարանափոխել ինձ»,-պատմեց դերասանուհին՝ կատակով նշելով, որ եւ այսպես փոխադարձ միմյանց գովելով՝ մտել են նախագծի մեջ:

Արաքսյան մեզ հետ զրույցում անկեղծանալով ընդգծում է, որ սկզբնական նկարահանումներին մշտապես ներքին անհաշտության մեջ է եղել ինքն իր հետ, սակայն կարողացել է հաղթահարել այդ բարդ փուլը:

«Կարծում եմ ՝ նկարահանման առաջին երկու օրը ռեժիսորը «հիասթափություն» էր ապրում։ Առաջինը չէի հաշտվում բառապաշարի, ժեստերի, Ջուլիկի խալաթի հետ, եւ ներսից ինքս ինձ հետ կռվում էի: Եվ դա գալիս էր նրանից, որ ես իմ տեսակով բոլորովին կապ չունեի այդ կնոջ տեսակի հետ, դա փաստում են այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, եւ կարծում եմ հենց դա է կոչվում ստեղծագործել, հավաքել կնոջ մեջ այն բոլոր գեղեցիկ կետերը եւ փորձել ամբողջացնել: Դա իրագործելուն ինձ շատ են օգնում իմ սիրելի թիմն ու գլխավորապես ռեժիսորը: Ի դեպ, շատերից եմ լսում, որ իսկապես շատ են սիրում իմ կերպարը, եւ օրինակ ունենալով իմ առջեւ Գալյա Նովենցին, ով սովորական կնոջ կերպար էր խաղում, բայց մարդկանց կողմից ընդունված եւ շատ սիրելի էր»,-մեզ հետ զրույցում եզրափակեց դերասանուհին:

Լիդա Եղիազարյան




Լրահոս