ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ՝ ԿՐԵՄԼՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության դատախազության 300-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին Հայաստանից երկու հոգի են հրավիրված եղել՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Հիշեցնենք, որ հայրենի իրավապահները Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում են հայտարարել արդեն շուրջ 2 տարի, եւ, ահա, նրան հրավիրում են Կրեմլ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախկին ու ներկա պաշտոնյաները Կրեմլում մասնակցել են նաեւ առավել փոքր ձեւաչափով կազմակերպված ֆուրշետ-հյուրասիրությանը, որտեղ ընդամենը մի քանի տասնյակ մարդ է մասնակցել: Ստացվում է՝ Կոստանյանը, չունենալով որեւէ պաշտոն, ունի նույնքան հեղինակություն, որքան ՀՀ գործող գլխավոր դատախազը: Այս իրողությունը ուշագրավ է ոչ միայն այն հանգամանքով, որ ՀՀ-ից ընդամենը երկու դատախազներ են մասնակցել իրավապահ այդ կառույցի հիմնադրման 300-ամյակին, այլ այն, որ Գեւորգ Կոստանյանը ՌԴ-ում ոչ մի օր չի եղել հետախուզման մեջ. Մոսկվան հրաժարվել է հետախուզել նրան: Հիշեցնենք՝ միջազգային քրեական ոստիկանությունը՝ Ինտերպոլը, եւս հրաժարվել էր հետախուզում հայտարարել Կոստանյանի նկատմամբ՝ հարուցված քրգործի նյութերը համարելով անհիմն: Փաստորեն, ե՛ւ ՌԴ-ն ե՛ւ Ինտերպոլը համարել են Կոստանյանի նկատմամբ կատարվողը քաղաքական հետապնդում: Թերեւս, դրա համար էլ, ոչ միայն Կրեմլ են հրավիրել նրան, այլեւ՝ 300-ամյակի աննախադեպ միջոցառումներին, ինչը հատկանշական է եւ գնահատական՝ առաջադրված մեղադրանքին:
Հիշեցնենք նաեւ, որ ամիսներ առաջ, էլի Կրեմլում, Կոստանյանը դստեր հետ մասնակցում էր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը եւ նստած էր առաջին շարքում, որը ցուցադրվում էր ՌԴ Առաջին հեռուստաալիքով: Ինչպես մի առիթով տեղեկացրել էինք՝ այժմ Կոստանյանը ՌԴ դատախազության ակադեմիայում դասավանդում է՝ վերապատրաստելով ՌԴ դատախազներին:
Փաստորեն, Գեւորգ Կոստանյանը կարողացավ ե՛ւ ՌԴ, ե՛ւ միջազգային մակարդակով ապացուցել, որ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը անհիմն եւ ապօրինի է:

 

 

 

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, երեկ խորհրդրաանում խնջույք են կազմակերպել: Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ական պատգամավորները նշել են Վայոց ձորի նախկին պարզպետ, այժմ պատգամավոր Տրդատ Սարգսյանի ծննդյան տարեդարձը: Թեեւ նրա ծննդյան տարեդարձը հունվարի 19-ին էր, սակայն այդ օրը համընկել էր կառավարության հետ ԱԺ պատգամավորների հարցուպատասխանի, հետեւաբար իրենց քաղաքական թիմի ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարան այցելելու հետ, դրա համար Տրդատ Սարգսյանի ծննդյան տոնը երեկ են նշել: Ու չնայած մեր թղթակիցը տեսել է խնջույքին մասնակից պատգամավորներից մի քանիսին (վերջինը՝ Հռիփսիմե Գրիգորյանն էր), սակայն հոբելյար Սարգսյանը մեզ հետ զրույցում շտապեց հերքելտեղեկությունը։ «Ոչ, չեմ նշել, ձեր տեղեկությունները սխալ են»,- ասաց նա: Իրականությունը, բնականաբար, այդ հերքումից չի փոխվում, եւ նրանց հա-հա, հի-հի-ները լսելի էին շատ հեռվից անգամ: Նկատվեցին նաեւ գինովցած պատգամավորներ, որոնք չին կարողանում նիստերի դահլիճ գնալ: Նրանց անունները առայժմ չենք հրապարակում՝ հուսալով, որ կուղղվեն: Հավելենք, որ ԱԺ աշխատակազմը երեկ շրջաբերական էր իջեցրել՝ հորդորելով ԱԺ մտնող աշխատակիցներին ալկոհոլ, թմրանյութ կամ հոգեմետ այլ ազդեցության տակ ԱԺ վարչական շենքում չլինել, հակառակ դեպքում «կասկածյալները» կտարվեն ալկոհոլի կամ թմրայութի ազդեցությունը ստուգող կառույց՝ ընդհուպ հարկադրանքով:

 

 

 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի՝ համակարգում իրականացրած պաշտոնանկությունների մասին մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է: Ըստ տարբեր որակումների՝ Բադասյանը, հրաժարվելով առավել երկարամյա, փորձառու աշխատակիցներից, կարդային ջարդ է իրականացնում ՝ աշխատանքից ազատելով, օրինակ, Մաքսային վարչության բաժնի պետ Արամ Ազարյանին, որն, ի դեպ, Արթուր Վանեցյանի մորեղբայրն է: Աշխատանքից ազատվել էր նաեւ ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանի որդին` Արմեն Նանյանն ու այլք: «Ոչ թե կադրային ջարդ, այլ կադրային քաղաքականություն»,- պաշտոնանկություններն այսպես էր մեկնաբանել Բադասյանը՝ հավելելով, որ իր վարած քաղաքականության հիմքում մեկ սկզբունք է ընկած՝ նախապատվությունը տրվում է այնպիսի աշխատակիցներին, ովքեր իրենց գործում համապատասխան ներուժ ունեն: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ ՊԵԿ տարբեր վարչության ու բաժնի պետերի պաշտոնանկությունների պատճառներից է նաեւ այն, որ վերջիններիս առաջարկվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ դառնալ ու պահպանել պաշտոնը: Տեղեկությունը մեզ հետ զրույցում ՊԵԿ նախագահ Բադասյանը ժպիտով հերքեց. «Մաքսային ու հարկային ծառայողներին դարձնել ՔՊ անդա՞մ… Ծիծաղելի է»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը նկատում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սելֆի արած կամ հեղափոխական ամբիոն բարձրացած քննիչները բարձր պաշտոններ են ստանում: Խոսենք փաստերով. օրերս Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության պետի տեղակալ Կամո Սահակյանին նոր պաշտոն տվեցին՝ նշանակելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչության պետ: Իսկ ինչո՞վ հայտնի դարձավ նա: Փաշինյանը 2020 թվականի հունվարի 15-ին պաշտոնատար անձանց գաղտնալսման գործով հրավիրվել էր Կոմիտե՝ հարցաքննության, որտեղ քննիչ Կամո Սահակյանի հետ սելֆի էր արել: Իսկ, ահա, մյուս քննիչը հայտնի Նավոյանն է: 2018թ. հեղափոխական հանրահավաքների ժամանակ Հանրապետության հրապարակում հարթակ բարձրացավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ կապիտանը, որը, իր խոսքում դիմելով հավաքվածներին, նշեց. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր ասում՝ ձեր ցավը տանեմ»։ Ապա հավելեց, որ չի կարող անտարբեր մնալ երկրում կատարվող իրողություններին եւ ժողովրդի հետ է: Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո Նավոյանը նշանակվեց ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ:




Լրահոս