Կառավարության երեկվա նիստի մի մեծ հատված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նվիրել էր պարեկային ծառայությանը: Նրա խոսքով՝ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո իրենց համար սկզբունքային կարեւոր հարց է եղել Հայաստանում ժողովրդավարական իրավակարգի հաստատումը: Եվ այդ ճանապարհին կարեւորագույն բարեփոխումներից մեկը եղել է պարեկային ծառայության հիմնադրումը:
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ մեր աշխատանաքային վերջին հանդիպման ժամանակ ամփոփել ենք աշխատանքի արդյունքները: Ես կարծում եմ, որ այդ արդյունքներն արժանի են հրապարակման, որպեսզի մենք տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել:
Մասնավորապես՝ մենք աշխատանքը համեմատել ենք ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հետ, որը Երեւանի ճանապարհային ոստիկանությունն է, եւ փորձել ենք համեմատական տանել, թե ինչ արդյունքներ կամ ինչ արձանագրումներ կան:
l Օրինակ՝ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմված արձանագրություններ. նախորդ համեմատելի ժամանակաշրջանում այպիսի 565 արձանագրություն է կազմվել պաշտոնապես, պարեկային ոստիկանության կողմից՝ 1917, աճը՝ 3.5 անգամ կամ 239 տոկոս,
l հաշվառման համարանիշի հետ կապված արձանագրություններ. նախկինում Ճանապարհային ոստիկանության կողմից կազմվել է 953 արձանագրություն, պարեկային ոստիկանության կողմից՝ 3435, աճը՝ 3.5 անգամ կամ 260 տոկոս,
l ազդանշաններով կամ փարոսիկներով երթեւեկելու համար կազմված արձանագրություններ. նախկինում 2 այսպիսի արձանագրություն է եղել, պարեկային ոստիկանության կողմից կազմվել է 15, աճը՝ 7 անգամ կամ 650 տոկոս,
l առանց վարորդական վկայականի վարելու համար կազմված արձանագրություններ. նախկինում՝ 924 դեպք, պարեկային ոստիկանության կողմից՝ 4674 դեպք, աճը՝ 5 անգամ կամ 405 տոկոս,
l երկրորդ շարքում կայանելու համար կազմված արձանագրություններ. նախկինում՝ 1839 արձանագրված դեպք, պարեկային ոստիկանության կողմից՝ 8716, աճը՝ 4.5 անգամ կամ 370 տոկոս,
l մայթով երթեւեկելու կամ մայթում կայանելու համար. նախկինում 60 դեպք է արձանագրվել նույն ժամանակահատվածում, խոսքը հուլիս-հունվար ժամանակահատվածի մասին է, պարեկային ոստիկանության կողմից՝ 571 նման դեպք, աճը՝ 9.5 անգամ կամ 851 տոկոս,
l պարտադիր ապահովագրային պայմանագիր չունենալու համար կազմված արձանագրություններ, ընդ որում՝ այստեղ բարդություն կա նրանում, որ, գիտեք, որ նախկինում կտրոնները փակցվում էին ապակիներին, հետո այդ կարգավորումը դուրս եկավ, այսինքն՝ վիզուալ առաջին հայացքից դա ակնհայտ չի երեւում. նախկինում այդպիսի 614 արձանագրություն է եղել, պարեկային ոստիկանության կողմից ՝ 5476, աճը՝ 9 անգամ կամ 791 տոկոս,
l թաղանթապատված հողմապակիով երթեւեկելու համար կազմված արձանագրություններ. նախկինում 627 նման արձանագրություն, ներկայումս՝ 3085, աճը՝ 5 անգամ կամ 392 տոկոս»,-հայտնել է նա:
Նիկոլ Փաշինյանը նշել է նաեւ, որ այս տարվա հունվարի տվյալները համեմատելով նախորդ տարվա հունվարի առաջին 19 օրվա տվյալների հետ՝ պարզվել է՝ նախորդ տարի առանց ամրագոտի երթեւեկելու համար 504 արձանագրություն է կազմվել, իսկ պարեկային ոստիկանության կողմից՝ 854, աճը՝ 69 տոկոս: Հանցագործություն կատարելու կասկածանքով նախկինում Ճանապարհային ոստիկանության կողմից ոչ մի մարդ բերման չի ենթարկվել, իսկ պարեկային ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 875 մարդ։
Նշվել է նաեւ, որ պարեկային ոստիկանները բերման են ենթարկել այն անձանց, ովքեր խախտում կատարելուց հետո կաշառք են առաջարկել։ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը նշել է, որ 2021 թվականի վեց ամիսների ընթացքում արձանագրվել է կաշառք տալու 4 դեպք։ Վարչապետը հավելել է նաեւ, որ բոլոր այն դեպքերում, երբ բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամ, բարձրաստիճան պաշտոնյա պարեկային ոստիկանի կողմից ենթարկվել է օրենքով սահմանված ընթացակարգի, այդ պարեկային ոստիկանն արժանացել է խրախուսման՝ ոստիկանության պետի հրամանով: «Բոլոր դեպքերում, մենք չունենք այնպիսի մի դեպք, երբ պարեկային ոստիկանը ստանդարտից դուրս կամ նոր ստանդարտով գործողություն ծավալած լինի եւ խրախուսանքի չարժանանա»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ն.Հ.
ՏՈՒՅԺԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՎԵՐԻՆ ՇԵՄ
Հունվարի 20-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվող փոփոխություններով կսահմանվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից վարչական վարույթը կասեցնելու կամ երկարաձգելու իրավունքը, ինչպես նաեւ կհստակեցվի կասեցված կամ երկարաձգված վարչական վարույթներով վարչական տույժ նշանակելու ժամկետը: Մասնավորապես, առաջարկվել է սահմանել տույժի նշանակման վերին շեմ, ինչպես նաեւ քննարկել այս փոփոխությունները միայն հարկային կամ մաքային գործերով վարչական վարույթ իրականացնելու դեպքերում սահմանափակելու հարցը: Առաջարկություններն ընդունելի են եղել Կառավարության կողմից, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը լրամշակել ներկայացված առաջարկներով: Խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ քննարկված նախագիծը:
ԴԻՄՈՒՄ- ԲՈՂՈՔՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
2021 թվականին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների եւ սեփական նախաձեռնությամբ վարույթների թիվը կրկին աճել է՝ կազմելով 21181։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին դիմում-բողոքների թիվը կազմել է 5.214, 2016 թվականին՝ 5.113, 2017-ին՝ 6.417, իսկ 2018 թվականին այդ ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելացել է՝ դառնալով 10.744: 2019 թվականին՝ 13.140 դիմում-բողոք, իսկ 2020 թվականին՝ 14.780:
ՓԱԹԵԹ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել Բաքվին հայկական կողմի փոխանցած առաջարկությունների փաթեթի վերաբերյալ։ Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանին արված առաջարկությունները վերաբերում են սահմանին ստեղծված իրավիճակին: «Խոսքը հայելային տարբերակով զորքերի հետքաշման, սահմանի երկայնքով սահմանապահ զորքերի տեղակայման մասին է՝ հաշվի առնելով Խորհրդային Միության քարտեզը: Ինչպես նաեւ բարենպաստ պայմանների ձեւավորման մասին է, որը կնպաստի, որ կարողանանք սկսել դեմարկացիայի ու դելիմատացիայի գործընթացը»,-ասել է Արմեն Գրիգորյանը:
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
Հայաստանում հյուրանոցային ծառայությունների սակագներն աճել են: Պաշտոնական տվյալներով՝ աճը կազմել է 0.1 տոկոս: Հայաստանի վիճակագրական կոմիտեն մատուցված ծառայությունների ոլորտում արձանագրել է սակագների 0.4 տոկոս գնաճ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ բնակարանի նորոգման ծառայությունների գները եւս բարձրացել են: Այս թանկացմանը նպաստել է շինանյութի գների զգալի բարձրացումը: Տեղեկացնենք, որ 2021 թվականի հունվարի 1-ից արգելք էր սահմանվել թուրքական ծագման ապրանքների ներմուծման նկատմամբ: Իսկ ինչպես հայտնի է, շինանյութի մեծ բաժինը հայաստանցի առեւտրականները ներմուծում են հենց Թուրքիայից: Հենց այս որոշումը բացասական ազդեցություն ունեցավ շինանյութի ոլորտի վրա: Բայց միաժամանակ նշենք, որ այս տարվա հունվարի 1-ից հանվել է Թուրքիայից Հայաստան շինանյութի ներկրման արգելքը, ինչը նշանակում է, որ այս շուկայում առաջիկայում փոքր-ինչ գնային մեղմացում կնկատվի:
Օրինակ՝ վարսավիրանոցների եւ անձնական սպասարկման սրահների ծառայությունների սակագներն աճել են 0.2 տոկոսով: Տրանսպորտային ծառայությունների սակագներն աճել են 0.5 տոկոսով: Սա պայմանավորված է օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների գների 2 տոկոս թանկացմամբ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հանգստի կազմակերպման ծառայությունների սակագները բարձրացել են 2.6 տոկոսով: Մյուս կողմից՝ նկատենք, որ բժշկական, կրթության, կապի, իրավաբանական, հանգստի եւ մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների գների մակարդակը, 2021 թվականի նոյեմբեր ամսվա համեմատ, մնացել է անփոփոխ:
ՀՅԴ-Ն ԺՈՂՈՎԻ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՅԴ-ն պատրաստվում է կուսակցության ընդհանուր ժողովին, որտեղ պետք է որոշումներ կայացվեն ՀՅԴ մարտավորության, հետագա անելիքների, ինչպես նաեւ ԳՄ ներկայացուցչի մասով: Իշխան Սաղաթելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ժողովը մարտին է լինելու, օրը դեռեւս վերջնական չէ: Ըստ ՀՅԴ-ականների շրջանում քննարկվող տեղեկությունների՝ պետք է նաեւ հստակեցվեն խորհրդարանում իրենց առաջիկա անելիքները ու հետագա քայլերը: Նշվում է նաեւ, որ ՀՅԴ-ականներից շատերը կարծում են, որ պետք է առաջիկայում ավելի կոշտացնեն իրենց անելիքները խորհրդարական իշխանության հետ աշխատանքում, իսկ մի մասն էլ կառուցողական աշխատանքի կողմնակիցն է, ինչը պետք է քննարկվի ժողովի ժամանակ:
Չեն բացառում, որ այդ ժողովում ՀՅԴ գերագույն մարմնի անդամների լուրջ փոփոխություններ լինեն, ինչպես նաեւ ԳՄ ներկայացուցչի փոփոխություն: