«Բոլոր եվրոպական երկրներում, որտեղ կառավարման համակարգը խորհրդարանական բնույթի է, այնտեղ իշխանությունների փոփոխման ճկունություն կա. Իտալիայում 8 ամիսը մեկ վարչապետ էր փոխվում: Ես կարծում եմ՝ այս ռիսկից ելնելով, հանրային տրամադրությունների ընկալումներից ելնելով՝ իշխանությունները փորձելու են այդ ճկունությունը վերացնել. գերնպատակը դա է»,- ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխություններ իրականացնելու իշխանությունների մտադրությանը: «Եթե նույնիսկ իրենք որոշեն անցնել կիսանախագահական կառավարման համակարգի, նպատակն իրական հենց դա է լինելու, որովհետեւ կիսանախագահականը չունի այդ ճկունությունը: Իրականում այս Սահմանադրությունը մարդու իրավունքների, պետական կառավարման տեսանկյուններից բավականաչափ դրական կարգավորումներ ունի: Իհարկե, թերություններ էլ ունի, բայց ոչ մի Սահմանադրություն չկա աշխարհում, որ թերություն չունենա: Այս իշխանությունները, որոնք մասնագիտացած են Սահմանադրությունը խախտելու, նրա նորմերն անտեսելու մեջ, իրե՞նք պետք է լինեն Սահմանադրություն բարեփոխողը: Սահմանադրություն խախտողների հետ Սահմանադրություն քննարկելը տրամաբանական դեֆիցիտ է ունենալու»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ Սահմանադրական փոփոխությունների նպատակը լինելու է այն, որ Նիկոլ Փաշինյանը դառնա նախագահ:
Արամ Վարդեւանյանը համոզմունք է հայտնել, որ Սահմանադրությունը փոխելու օրակարգն իրականում իշխանություն պահելու, հնարավոր ռիսկեր չեզոքացնելու օրակարգն է իր մեջ պարունակում. «Այստեղ նպատակը ոչ թե սահմանադրական կարգավորումների բարելավումն է, նոր երաշխիքների ապահովումն է, այլ իշխանության մնալը: Դուք տեսնում եք, թե այսօրվա կարգավորումներն իրենք ոնց են խախտում, ձեւախեղում»:
Անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների խորհրդում ընդգրկված անձանց՝ ընդդիմադիր պատգամավորն ասել է. «Եթե իշխանություններն իրական սահմանադրական բարեփոխումների նպատակ ունենային, այդ գործընթացում կներգրավեին լավագույն մասնագետներին, որոնք Հայաստանի Հանրապետությունում կան, բայց չափորոշիչները, որոնք իրենք դրել են, վերաբերում են, օրինակ, այնպիսի իրավիճակի, որ կարող է այդ հանձնաժողովում որպես մասնագիտական դիրքորոշում ներկայացնող անձ լինի մեկը, որը մագիստրոսի կոչում է ստացել արտերկրում: Օրինակ, Ռուսաստանում մագիստրոսի կոչում ստանալը բավարար է լինելու, որ նա լինի սահմանադրության էքսպերտի կարգավիճակով հանդես եկող անձ: Սա ցույց է տալիս, որ նպատակը լրիվ այլ է: Նպատակը շատ պարզ է. նոր պաշտոն ստանալու հարցն է, նոր լիազորություններ ստանալու հարցն է եւ խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում պաշտոնից զրկվելու ռիսկը չեզոքացնելն է»:
Նա նաեւ խոսել է Վեդիում կայացած ընտրություններին: Ըստ պատգամավորի՝ այդ ընտրությունների օրինակը կարող է լինել դասագրքային օրինակ, թե ինչպես է ժողովրդավարության սկզբունքը, մեղմ ասած, ոտնահարվում: «Վեդիի բնակիչներն ասացին՝ X անձին չեն ուզում տեսնել համայնքի ղեկավար: Այդ X անձը եւ իր թիմակիցները որոշեցին սաբոտաժի ենթարկել ընտրության արդյունքները եւ դրանից հետո գործադիր իշխանությունը այդ նույն X անձին նշանակեցին պաշտոնակատար: Վանաձորի օրինակը կա, երբ ընտրված համայնքի ղեկավարին կալանավորում են, որ չմասնակցի նիստին, եւ այդ ձայնը չհաշվարկվի»,-ասել է նա:
Ն. Պ.
2 ԱՆՁ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական եւ դատավարական այլ գործողությունների, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ին պատկանող արտադրամասում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Այս մասին փոխանցում է Քննչական կոմիտեն:
Հիշեցնենք, որ 2021թ. դեկտեմբերի 22-ին՝ ժամը 22:00-ից 22:30-ն ընկած հատվածում, առերեւույթ հանցագործություն կատարած անձինք ուրիշի գույքը հափշտակելու նպատակով ինքնաշեն եղանակով պատրաստված աստիճանով եւ տեխնիկական միջոցների կիրառմամբ բարձրացել են Երեւան քաղաքի Մասիս փողոցում գտնվող հիշյալ ընկերությանը պատկանող արտադրամասի պարսպի վրա եւ կտրելով այնտեղ առկա փշալարերը՝ ապօրինի մուտք են գործել նշված արտադրամասի տարածք, մտել մասնաշենք եւ մետաղյա լինգի գործադրմամբ ընկերության աշխատակցի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով դրամարկղից վերցրել են առանձնապես խոշոր չափերով՝ 15.000.000 ՀՀ դրամի գումար եւ դիմել փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքնում Երեւան քաղաքի 30-ամյա եւ 34-ամյա երկու բնակիչ բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Վերջիններս ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին եւ ձերբակալվել՝ ավազակություն կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է:
ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԻՆ՝ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունն ընդլայնվում է, նախատեսվում է ծառայության ապահովում մարզային մայրուղիների վրա: «Մեր բոլոր մայրուղիներում արդեն որոշակի պարբերականությամբ ծառայություն է իրականացվելու: Մենք վստահ ենք լինելու, որ կոնկրետ կիլոմետրի վրա ունենք վերակարգ, եւ անհրաժեշտության դեպքում կոնկրետ վայրում կլինի պարեկային ոստիկանության ներկայացուցիչ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանի խոսքով՝ պարեկային ծառայության ոլորտում աշխատելու պահանջարկը բավական մեծ է: Կոնկրետ Երեւանում մեկ տեղի համար մոտ 10 դիմում են ունեցել:
ԱՊՕՐԻՆԻ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դատապարտյալի կողմից առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով երկու մեղադրյալի մասով նախաքննությունը: Պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Պարզվել եւ հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 31-ամյա դատապարտյալն իր ծանոթի՝ Արմավիրի մարզի բնակչուհու միջոցով փորձել է առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերել առանձնապես խոշոր չափերի հասնող «Ացետիլացված ափիոն» եւ խոշոր չափերի հասնող «Հաշիշ» տեսակի թմրամիջոցներ: Մասնավորապես պարզվել է, որ դատապարտյալի ծանոթը քննությամբ դեռեւս չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել եւ պիցցայի մեջ թաքցրել է 3,82 գրամ հաստատուն քաշով «Ացետիլացված ափիոն» եւ 6,09 գրամ հաստատուն քաշով «Հաշիշ» տեսակի թմրամիջոցներ, որոնք Երեւան քաղաքի՝ տաքսի ծառայություն մատուցող բնակչի միջոցով փորձել է փոխանցել դատապարտյալին:
Վերջինս իրեն փոխանցված հանձնուքը փոխադրել եւ փորձել է ՔԿ հիմնարկի սննդի կետի միջոցով փոխանցել դատապարտյալին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ նշված թմրամիջոցները հայտնաբերվել եւ վերցվել են աշխատակիցների կողմից հանձնուքի զննության ժամանակ: Դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Արմավիրի մարզի բնակչուհուն՝ 38-34-268-րդ հոդվածի 3-րդ մասով: Վերջիններիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթ, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Թմրամիջոցներն Արմավիրի բնակչուհուն իրացրած անձի մասով նախաքննությունը շարունակվում է:
ԱՆՕՐԵՆ ԵՆ ՊԱՀԵԼ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է. «Ստացանք Արմեն Չարչյանի գործով մինչգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության պատճենը, ըստ որի՝ Արմեն Չարչյանի մոտ փորձաքննության ընթացքում իրականացված հետազոտություններով պարզված ախտորոշումը համապատասխանում է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման՝ որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին եւ այդպիսով խոչընդոտում է նրա որպես խափանման միջոց ընտրված կալանքի համար: Վերը նշվածով եւս մեկ անգամ փաստվեց, որ Արմեն Չարչյանին 2021 թվականի հունիսի 23-ից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 10-ը կալանքի տակ պահելն եղել է ապօրինի»։