ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը որոշել է Հայաստանից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արքելք կիրառել: Այն ուժի մեջ կմտնի հունվարի 25-ից եւ կտեւի մինչեւ հունիսի 25-ը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է գունավոր մետաղների ջարդոնի եւ թափոնի արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու եւ հումքային բազայով  ապահովելու, ինչպես նաեւ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ: Դեռեւս 2021-ի հունվարին ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք էր սահմանվել սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնի եւ թափոնի արտահանման նկատմամբ, որի նպատակը եղել է տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունները՝ օգտագործելով սեւ եւ գունավոր  մետաղների ջարդոնը եւ թափոնը:

 

Մետաղների ջարդոնն ու թափոնները Հայաստանի համար հանդիսանում են ռազմավարական նշանակություն ունեցող հումք` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում բացակայում է սեւ մետաղների արդյունահանումը (չկան սեւ մետաղի բնական պաշարներ). ետալուրգիական եւ մտաղամշակման, ապա ջարդոնի ու թափոնի երկրորդային վերամշակմամբ կարելի է լրացնել այդ ապրանքների պակասը: Ինչ վերաբերում է տեղական ջարդոնի եւ թափոնի բացակայության պարագայում արդյունաբերական ձեռնարկությունների կողմից ներմուծված մետաղով աշխատելուն, ապա այս  դեպքում նշված ընկերությունների արտադրանքի ինքնարժեքը բարձրանում է մի քանի անգամ` դարձնելով ոչ մրցունակ վերջիններիս արտադրանքը։

Մետաղների արտահանման արգելքը կիրառելուց հետո զգալի աճել են մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները, մասնավորապես՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ս. թ. հունվարի-սեպտեմբեր ամիսներին միայն պողպատի ձուլագլանվածքների ծավալը կազմել է ավելի քան 70.000 հազ. տոննա, իսկ կանխատեսումները ցույց են տալիս, որ այս տարվա վերջ այն կգերազանցի 100.000 հազ. տոննան, ինչը, նախորդ տարվա համեմատ, մոտ 2 անգամ ավել է։

Միաժամանակ, մետաղների արտահանման արգելքի կիրառումը քննարկելիս մի շարք տնտեսվարողների մոտ մտավախություն էր առաջացել, որ տեղական ջարդոն ընդունող տնտեսվարողների մոտ կձեւավորվի մենաշնորհային կարգավիճակ եւ այն կբերի ջարդոնի ընդունման գների չհիմնավորված նվազեցմանը, սակայն փորձը ցույց է տալիս հակառակը. այսպես՝ նախորդ տարվա սեւ մետաղի ընդունումը եղել է 40.00 հազ. դրամ  (գումարած ԱԱՀ), իսկ այս տարի աճել է 60.000 (գումարած ԱԱՀ) հազ. դրամի։

Նախարարության կողմից հարցի առնչությամբ մշակված նախագծի նախնական տարբերակում նախատեսվում էր երկարաձգել գործող արգելքը եւս վեց ամիս ժամկետով, սակայն հետագայում հաշվի առնվել ՀՀ արդարադատության նախարարության դիտողությունը, որ երկարաձգումը եւս 6 ամսով խնդրահարույց է դառնում «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներին համապատասխանության տեսանկյունից, քանի որ վերջինս չի նախատեսում կարգավորում ժամանակավոր միջոցի ժամկետի երկարաձգման համար, փոխարենը թույլ է տալիս անդամ պետություններին երրորդ երկրների հետ առեւտրում միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ։

Ըստ էության,  ներկայացվող տարբերակը նույնաբովանդակ է եւ ըստ բովանդակության չի տարբերվում շահագրգիռ մարմիններին ներկայացրած նախագծից (որն ընդամենը նախատեսում էր գործող որոշման ժամկետի երկարաձգում) եւ կրկնում է արդեն իսկ գործող մայր որոշումը, սակայն սահմանում է նոր վեցամսյա ժամկետ (2022 թվականի հունվարի 25-ից եւ գործում է մինչեւ 2022 թվականի հուլիսի 25-ը), իսկ բովանդակային առումով լուծում է նույն խնդիրը:

Նշված տարբերակը ամբողջությամբ համապատասխանում է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 7-րդ հավելվածի 54-րդ կետի դրույթներով սահմանված պահանջներին։ Կարգավորման նպատակն է հումքային բազայի ապահովում եւ խնայողաբար օգտագործում, տեղական արտադրության զարգացում:

Ն. Պ.

 

 

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ

Փարաքար համայնքի բնակիչների 60 տոկոսը միացել է արտահերթ ընտրություններ անցակացնելու պահանջով ստորագրահավաքին։ Այս մասին կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ տեղեկացրին համայնքի բնակիչները։ Նրանք պահանջում են, որ կառավարությունը պատասախանի «Ապրելու երկիր» խմբակցության՝ հունվարի 3-ին կառավարությանը ներկայացրած պահանջին՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու հետ կապված։ Բողոքի ակցիայի մասանակիցները վկայկոչում էին «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքը, ըստ որի՝ եթե երկշաբաթյա ընթացքում համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա կառավարությունը նշանակում է արտահերթ ընտրություններ, եւ հիշեցնում էին, թե ինչպիսի խախտումներով է համայքի ղեկավար ընտրվել։ Բողոքի ակցիային մասանակցում էր նաեւ «Ապրելու երկիր» խմբակցության կողմից համայնքի ղեկավարի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը, որը պարզաբանել է, թե ինչու էր հայտարարել, որ ավագանու մանդատները վայր են դնում։ «Մանդատները վայր դնելու հետ կապված հայտարարությունը եղել է նրա համար, որ բախումներ չլինեն. մեզ ընտրած քաղաքացիները եւ չընտրողները հավաքված են եղել մի վայրում, որտեղ կարող էր տհաճ իրավիճակ լինել: Ես այդ արտահատությունը արեցի, որպեսզի համերաշխության ֆոն ստեղծվի այդ պահին»,-ասել է նա։ Վոլոդյա Գրիգորյանը մանրամասնել է, որ քանի որ դատարան են դիմել, ավագանու մանդատները վայր դնել չեն կարող, բացի այդ, համայնքի բնակիչները ակնկալում են, որ արդարությունը վերականգնվի։

 

 

 

621 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում հունվարի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 349 հազար 329 դեպք, որից 333 հազար 857-ը` առողջացած, 8026-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5927 բուժառու: Մեկ օրում կատարվել է 5838 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 621 նոր դեպք, առողջացել է 103 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 660 հազար 375-ի:

 

 

 

ԿՆՎԱԶԻ՞ ԽԱՂԱՏՈՒՆ ԳՆԱՑՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ

«Ուսումնասիրե՞լ եք համաշխարհային փորձը կամ գնահատական տրվե՞լ է, թե այս օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո որքանով կնվազի կազինո գնացողների, խաղադրույք անողների թիվը»,- ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ հարց ուղղելով Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին՝ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Ի պատասխան` Հայրապետյանը նշել է. «Բոլոր երկրների կարգավորումներով գովազդը նախատեսված է որպես առանձին կարգավորող միջոց, եւ ունեն գովազդի սահմանափակում իրենց օրենսդրությամբ։ Այն մարդը, որը պատահական կամ ոգեւորության ազդեցության տակ ներգրավված կլինի գովազդի մեջ, այդ մարդկանց հետ կպահենք այդ քայլից։ Այս սահմանափակումները, որ հիմա առաջարկում ենք, ունի Ֆինլանդիան, Լատվիան, Էստոնիան, Չեխիան, Վրաստանը ընդունեց վերջերս»։ Հայրապետյանի պատասխանին արձագանքելով` Գեղամ Նազարյանը հավելել է. «Խնդրում եմ անդրադառնալ մի հարցի եւս. այսօր Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կրում է ընկերություններից մեկի անունը, գովազդի մասին նախագծով դա կարգավորվո՞ւմ է, թե՞ ոչ։ Ես նաեւ առաջարկում եմ, որ թվերը ուսումնասիրեք, եւ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո կես տարվա կտրվածքով փորձենք հասկանալ՝ խաղադրույք անողների կամ կազինո գնացողների թիվը կրճատվել է, թե չի կրճատվել»։

 

 

 

ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

«Ադրբեջանական գերությունից վերադարձած եւ Հայաստանում կալանավորված Արեն Արամյանի խափանման միջոցի փոփոխության հարցով միջնորդություն ենք ներկայացրել դատարան»,-ասել է վերջինիս պաշտպան Արա Կարապետյանը։

«Առաջին ատյանի դատարան է միջնորդությունը ներկայացվել՝ նոր հանգամանքներ ի հայտ գալու հիմքով։ Մեզ տեղեկացրել են նախաքննության ավարտի մասին։ Բացի այդ, երեկ բժիշկները Արեն Արամյանին հայտնել են, որ եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ ամպուտացման գնան։ Սպասում ենք նաեւ բժշկական հետազոտության գրավոր պատասխանները ստանալուն։ Միջնորդել ենք նաեւ գրավը թույլատրելի ճանաչելու հարցով»,-ասել է նա։

Պաշտպանի խոսքով՝ ակնհայտ է, որ այս պահին զինծառայողի առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ, ավելին՝ հղի է ճակատագրական հետեւանքներով։ Նրա խոսքով` այժմ Արենը որեւէ վերականգնողական բուժում չի ստանում, բացի այդ, հոգեբանորեն էլ լավ վիճակում չէ։

 




Լրահոս