ՊԱՀԵՍՏԱՊԵՏ ԽԱՉԻԿՆ ՈՒ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորում շատերին հայտնի պահեստապետ Խաչիկը, ով մի շրջան նաեւ տնօրեն է աշխատել, Արթուր Բաղդասարյանի փառապանծ թիմից է, «Օրինաց երկրի» էլիտայի անդամ, որովհետեւ շատ մեծ ծառայություններ է մատուցել թանկագին Վահանիչին եւ աչքի ընկել հատկապես հաճոյանալու անօրինակ ցույցերով, որոնք էլ Վանաձորի բազմաբնակարան շենքերից մեկի առաջին հարկում իր ամրոց-«կաբինետը» սարքած Խաչիկ Հարությունյանին բերեցին ու հասցրեցին Ազգային Ժողով:Երեւի մանկուց երազելով բյուրոկրատ դառնալ` Հարությունյանը կուսակցության մարզային կառույցի գրասենյակում առանձնացրել էր իր սենյակը, քարտուղարուհի նստեցրել, ընդունելության ժամեր սահմանել… Անչափ կարեւոր տեսք ընդունելով` այս մարդն ընդամենը զբաղված էր յուրատեսակ կուսակցական խառնակչությամբ, շարքից հանում էր բոլոր նրանց, ովքեր կարող էին աչքի ընկնել ու իրենց աշխատանքով դուր գալ շեֆին, ում աչքը մտնելու համար անգամ ամենաքստմնելի զրպարտություններով էր զբաղվում: Երբ թանկագին Վահանիչը դեռ թամբի վրա էր եւ օգտվելով ԱԺ նախագահի լիազորություններից` կուսակցապետական այցեր էր կատարում մարզեր, Խաչիկ Հարությունյանը որոշել էր ամբաստանել կուսակցական պաշտոնաթերթի գլխավոր խմբագրի տեղակալին`  ՕԵԿ նախագահին ասելով, թե իբր թերթի ներկայացուցիչը Վանաձոր չի եկել, բայց ընդարձակ ռեպորտաժ է տպագրել շեֆի այցի ու հանդիպումների մասին… 1981թ. ավարտելով Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղը եւ ստանալով ճարտարագետ-շինարարի մասնագիտություն` Խաչիկ Հարությունյանը, առանց բանակում ծառայելու, 3 տարի աշխատել է Կիրովականի թիվ 2 ճանապարհաշինարարական վարչությունում որպես ճարտարագետ, իսկ 1984-ին աշխատանքի է անցել Սննդառում` որպես ավագ ճարտարագետ, տեխնիկական բաժնի պետ, գլխավոր ճարտարագետ, փոխտնօրեն: Ուշագրավն այն է, որ պաշտոնական այս վազքը նա կատարել է տասնմեկ տարվա ընթացքում` կարողանալով հարմարվել վարչաձեւի փոփոխությանը, նոր իշխանություններին: Թե լիովին քայքայված Սննդառում փոխտնօրենի ինչ պարտականություններ է կատարել` ոչ ոք չգիտի, որովհետեւ, ըստ էության, 1992թ-ից ի վեր այս կառույցը գրեթե գոյություն չի ունեցել: Խաչիկ Հարությունյանի համար բարեբեր էին հետաղետյան տարիները, երբ տնօրինում էր քաղաք բերվող սննդամթերքների «ճակատագիրը», որոշում, թե ինչպես պետք է բաշխվեն դեֆիցիտ համարվող մի շարք սննդամթերքներ: Այստեղ լավ «չաղանալուց» հետո 1995-ին նախկին կոմունիստ Խաչիկ Հարությունյանը նշանակվեց «Առեւտրի եւ սպասարկումների պետական փակ բաժնետիրական ընկերության» գլխավոր տնօրենի տեղակալ, իսկ 5 տարի անց` 2000թ., արդեն դարձավ «Հայանտառ» ՓԲԸ «Դսեղի անտառտնտեսության» տնօրեն: Մեկ տարին էլ բավական էր, որպեսզի Խաչիկ Հարությունյանն իր մասնակցությունն ունենար շրջակա անտառների «քաչալացմանը»: Բայց դե «չես բռնվել, գող չես»` ասում է ռուսական առածը, սակայն ում համար պարզ չէր, որ հատկապես Դսեղի անտառտնտեսությունն այն կարեւոր օղակներից մեկն էր, որը նպաստում էր ապօրինի ծառահատումներին: 2001թ-ից կորցնելով եկամտաբեր պաշտոնները` Խաչիկ Հարությունյանն անցավ դասախոսական աշխատանքի: Իր կենսագրության մեջ, սակայն, նա այս մասին չի գրել: Նա 2007-ից խորհրդարան չեկավ, այլ սպասեց, մինչեւ Արթուր Բաղդասարյանը փող չունեցող, սակայն իր ինտելեկտով կուսակցության վերնախավին գերազանցող պատգամավոր Արտաշես Ավոյանին տանի ԱԽ, որպեսզի 2008-ի ապրիլի 23-ին` իր նախկին կուսակցության առաջնորդ Լենինի ծննդյան օրվանից մեկ օր անց, մտնի խորհրդարան: Եւ այսպես, Հարությունյանը երկու ամիս սուսուփուս տեղ զբաղեցրեց ՕԵԿ-ի շարքում, իսկ ահա հունիսի 17-ին նշանակվեց ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Մի հանձնաժողով, որը երեք տարվա ընթացքում 10-ից ավելի փոփոխություններ է ներկայացրել օրենքներում, եւ բոլորն էլ հետաձգվել են: Ներկայացնենք դրանցից մի քանիսը. անասնաբուժության մասին, տոհմային անասնաբուծության մասին, մեղվաբուծության մասին, անասնակերի մասին… Դեռեւս 2009թ., հետեւելով իր կուսակցության «ոսկե օրենքին»` պոպուլիզմին, հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը հայտարարել էր. «Եթե հետագայում կլինեն գործառույթներ, որոնք իրենց մեջ պարունակելու են  ռիսկեր, որոնք վնասելու են Սեւանին, ապա մենք միանշանակ դեմ ենք դրան: Սեւանի մասին օրենքի 10-րդ հոդվածը միանշանակորեն արգելում է Սեւանի անմիջական գոտում նման կառույցների հիմնադրումը»: Նա նկատի ուներ Սեւանի շրջակայքում հանքարդյունաբերական ձեռնարկությունների ստեղծումը, որը կատարվեց: Բայց պարզվեց, որ Խ.Հարությունյանը ոչ թե այդ խնդրով էր զբաղվում, այլ ամեն ինչ անում էր, որպեսզի կուսակցության ղեկավարությունը Սեւանի ափին օբյեկտներ հիմնի, տարածքներ ձեռք բերի: «Մենք եւ մասնավորապես Արթուր Բաղդասարյանը չենք իջնում այդ մակարդակին եւ չենք մանրանում ուղղակի: Մենք վեհանձն ենք տվյալ դեպքում, մասնավորապես Արթուր Բաղդասարյանը»,-ՀԱԿ-ՕԵԿ հարաբերությունների մասին մի ասուլիսում հայտարարել է այժմ արդեն երկխոսող դարձած Խաչիկ Հարությունյանը: Այս մարդը պարզապես չգիտի վեհանձն բառի բացատրությունը եւ իր անգրագիտությունը մատուցում է որպես կուսակցությանը բնորոշող դրական հատկանիշ: ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս