«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ»-ԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԲՆՕՐԻՆԱԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ շարունակվում էր «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի դեմ ուղղված նախկին հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության տնօրինության հայցը, որի ժամանակ հայցվորները երկու միջնորդություն ներկայացրին դատավորին, սակայն դրանց վերաբերյալ այդպես էլ կոնկրետ դիրքորոշում չարտահայտվեց:Աշխատակիցները դատարանում պնդեցին, որ իրենք իրենց աշխատանքի ժամանակ շատ բացահայտումներ են կատարել` կապված «Երեւան Ջուր»-ի հետ, որը, այսպես ասած, դուր չի եկել «Երեւան Ջուր»-ի ղեկավարությանը, ինչի պատճառով փորձել են իրենց «բերանները փակել», հաշվեհարդար են տեսել` աշխատանքից ազատելով: Ընդ որում, ազատել են առանց նախապես զգուշացնելու, ինչի պատճառով արդեն նախկին աշխատակիցները դատարանում պահանջում են փոխհատուցել իրենց կատարած աշխատանքի համար:Երեկ դատարանում հայցվոր կողմի իրավապաշտպան Տիգրան Հայրապետյանը երկու միջնորդություն արեց գործի առնչությամբ. նախ պահանջեց իրենց ներկայացնել այն փաստաթղթերի բնօրինակները, որոնք կապացուցեն, որ այդ 40 աշխատակիցներն ազատվել են աշխատանքից օրինական հիմքերով: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարոն Հայրապետյանը նշեց, որ դատարանն այդ միջնորդությանը հետեւյալ կերպ է պատասխանել. «Դատարանն ասաց, որ եթե բնօրինակները չլինեն, ապա դատարանը համապատասխան եզրահանգման կգա,  քանի որ ամեն մեկն իր պահանջի հիմքում դրած հանգամանքները պետք է ապացուցի, դատարանն էլ ասաց` եթե կլինեն բնօրինակները, ապա մենք այդ փաստը հաստատված կհամարենք, եթե չլինեն, հաստատված չենք համարի, ուղղակի դատարանն այդ առումով իր դիրքորոշումը չհայտնեց, ասեց, որ հետո կհայտնեն իրենց վերաբերմունքը»:Հայցվոր կողմը վստահ է, որ այդ բնօրինակներն իրականում չկան: «Հայցվորները վստահ են, որ ժողով չի եղել, նիստ չի հրավիրվել, արձանագրություն չի կազմվել, եւ մենք կասկածում ենք, որ ֆրանսիացիները կարող են հետին թվով իրենց ստորագրությունը դնել կամ ինչ-որ ֆիկտիվ ստորագրություն դնեն թղթի վրա, նման որոշում չկա»,-ասաց Հայրապետյանը: Նա նաեւ նշեց, որ «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն փորձում է այդ բնօրինակների բացակայությունը հիմնավորել այնպես, թե ինչ-որ պատվեր է եկել արտասահմանից, եւ այդ պատվերների կրկնօրինակները տարել են, թարգմանիչը թարգմանել է, եւ դա են ներկայացրել դատարան, սակայն, ըստ հայցվորների, դա իրենց պահանջած փաստաթուղթը չէ:Պատասխանող կողմի փաստաբան, նախկին սոցապնախարար Գեւորգ Պետրոսյանն ամբողջ դատավարության ընթացքում փորձում է Աշխատանքային օրենսգրքի հոդվածներ մեջբերելով «բացատրել», որ իրենք փաստաթղթերը ներկայացրել են դատարանին, որի հետ համամիտ չեն «Երեւան Ջուր» ՓԲԸ գլխամասային կառույցի նախկին աշխատակիցները: Նրանք «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեցին, որ պատասխանող կողմի փաստաբանը դատարանին թյուրիմացության մեջ է գցում. «Ամեն բառախաղով եւ ամեն կերպ, ինչ-որ ձեւով շեղել ու տանել այլ ուղղությամբ»:Իսկ պարոն Պետրոսյանը, ինչպես բոլոր դատական նիստերին, այս անգամ էլ շատ «չոր» պատասխանում էր հայցվորներին, իսկ պայմանագրերի բնօրինակի հետ կապված` նշեց, որ իրենք կարող են դիմել քաղաքապետարան եւ ստանալ այդ փաստաթուղթը: Իսկ «Ժողովուրդ»-ի հարցերին կպատասխանեն միայն գրավոր ձեւով:Դատավոր Էդիկ Ավետիսյանը լսեց երկու կողմերին էլ եւ ասաց, որ երկու շաբաթ հետո կկայանա հաջորդ դատական լսումը: ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս