ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հրաժարական տվեց: Հրաժարականի հրապարակումից հետո՝ 1 շաբաթվա ընթացքում, Արմեն Սարգսյանը կարող է ետ վերցնել հրաժարականի դիմումը, իսկ եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

 

Այս հարցի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:

-Պարո՛ն Համբարյան, նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել է հրաժարական եւ դժգոհել, թե չունի լիազորություններ, եւ սահմանադրական նոր փոփոխություններ են պետք, որ նախագահի խոսքը արժեք ունենա: Ինչպե՞ս եք գնահատում նրա հրաժարականն ու հայտարարությունը:

-Նախ սկսենք հայտարարության բովանդակությունից, որ շատ տարօրինակ է, որ Սարգսյանը, չորս տարի նախագահ լինելով, նոր է հասկացել, որ իր լիազորությունները սահմանափակված են: Ինքը ի սկզբանե, ենթադրում եմ, գիտեր, թե ինչ պաշտոն է ստանձնում, եւ այժմյան իր  բացատրություններն այդ մասով, թե լիազորություն չունի կամ Անգլիայի թագուհու կարգավիճակ է կրում, շատ զավեշտալի են: Նա չպետք է այդպիսի բացատրություն  տար: Իսկ ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա գաղտնիք չեմ բացի եւ կասեմ, որ նա, նախորդ տարվանից սկսած, ակտիվ հանդիպումներ է ունեցել տարբեր շրջանակների հետ, այդ թվում՝ Գյումրիում, եւ չի թաքցրել, որ եթե լինեն սահմանադրական փոփոխություններ, ինքն ակտիվ կմասնակցի նախագահական ընտրություններին: Եթե դիտարկենք այն կոնտեքստում, որ սահմանադրական փոփոխություններ հայտարարվելուց հետո եղավ հրաժարականը, սա սպասելի էր: Կա մեկ այլ պատճառ եւս, որ նա հրաժարական տվեց: Ես կարծում եմ՝ նա տեղյակ է, թե ապագայում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ինչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել Հայաստանի թշնամական վերաբերմունք ունեցող երկրների, այդ թվում՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, եւ ցանկանում է գոնե հիմա հեռանալ, չնայած ասոցացվում է այս իշխանությունների հետ:

-Տեսակետ կա, թե Նիկոլ Փաշինյանի ճանապարհն է հարթում, որ սահմանադրական փոփոխություններից եւ կառավարման համակարգի փոփոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու հնարավորություն ունենա:

-Դա վարկած է, որի հետ ես համաձայն չեմ: Արմեն Սարգսյանը հենց ինքն է ցանկանում դառնալ ՀՀ նախագահ: Ես ինքս մասնակցել եմ նրա հետ հանդիպմանը, եւ նա պարզ ասաց, որ սահմանադրական փոփոխություններից հետո ցանկանում է լինել ՀՀ նախագահ: Դա եղել է մեկ տարի առաջ Գյումրիում, գաղտնի չի եղել, ներկա են եղել տարբեր շրջանակների մարդիկ՝ մտավորականներ, բժիշկներ: Այդ հանդիպման ժամանակ է նա պարզ ասել իր դժգոհությունը կարգավիճակի մասով եւ կրկին պատասխանը ստացել է, որ գիտեր, թե ինչ պաշտոն է զբաղեցնում: Նա ասել է, որ եթե ապագայում տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ, ապա ինքը չի բացառում, որ իր թիմը կկազմի եւ ակտիվորեն կմասնակցի քաղաքական գործընթացների: Արմեն Սարգսյանն ունի անծայրածիր փող, որն ամենակարեւորն է Հայաստանում քաղաքականություն մտնելու համար: Չի բացառվում, որ հիմիկվանից ինքը ցանկանում է իրեն տարանջատել այս իշխանությունից եւ մասնակցել ընտրություններին: Նա մանրամասն նշում էր, թե ինչպես է պատկերացնում տնտեսության զարգացումը եւ այլ հարցեր: Ես չեմ կարծում, թե Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի համար ճանապարհ է հարթում, քանի որ նա անծայրածիր հնարավորություններ ունի:

-Այսինքն՝ քաղաքականության էջը չի փակում:

-Չեմ կարծում, նա երբեք էլ քաղաքականությունից դուրս չի եղել՝ նաեւ Լոնդոնում բնակվելով: Նա շատ մարդկանց հետ ընկերական հարաբերություններ ունի եւ դրանով հանդերձ մշտապես քաղաքականության մեջ է:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԵՆ ԸՆՏՐԵԼ

Երեկ  տեղի է ունեցել Վանաձորի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ/13416/05/21 վարչական գործով պատասխանող Վանաձոր համայնքի շահերը ներկայացնելու համար Վանաձորի ավագանու ներկայացուցչին լիազորելու հարցն էր։

 

Նիստին ներկա էին «Մամիկոն Ասլանյան դաշինք», «Հայրենիք» եւ «Ապրելու երկիր» խմբակցությունների 18 ավագանու անդամները: 16 կողմ եւ 2 դեմ ձայներով ավագանին ներկայացուցիչ լիազորեց փաստաբան Արտակ Ոսկանյանին:

Նշենք, որ Վանաձոր համայնքի ավագանին, հիմք ընդունելով «Տեղական ինքանկառավարման մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածը, հանդես էր եկել 2022 թվականի հունվարի 24-ին՝ ժամը 11.00-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում ավագանու արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ:

Հիշեցնենք նաեւ, որ ՏԻՄ ընտրություններից մեկուկես ամիս անց էլ Վանաձոր խոշորացված համայնքում տեղի չի ունեցել նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ժամանակ պետք է ընտրվեր համայնքապետ։ Առաջին նիստին ընդառաջ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը։ Այժմ խոշորացված համայնքը ղեկավար չունի։

Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։

Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբաններն էլ պնդում են՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Ս.Հ.

 

 

ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ՝ ՆԱԽԱԳԱՀ

Armlur.am-ը իշխանական, արտախորհդարանական տարբեր ուժերից տեղեկություններ է ստանում այն մասին, որ ՀՀ նախագահի իշխանության հավանական թեկնածուն «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն է: Նկատենք, որ Մարուքյանը վերջերս ավելի է մտերմացել իշխանության տարբեր ներկայացուցչիների հետ, անգամ երեկ ներկա է գտնվել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանեկան արարողությանը: Armlur.am-ը փորձեց տեղեկությունները ճշտել ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանից, սակայն նա ասաց, թե այժմ հարցազրույց չի տալիս, ու հրաժարվեց մեկնաբանել մեր լուրը: Հավելենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը արդեն «թեկնածու է առաջադրել»: «Ես գտնում եմ, որ Էդմոն Մարուքյանը կարող է այդ պաշտոնում լավ աշխատել՝ հաշվի առնելով նրա լեզուների իմացությունը, դիվանագետների հետ շփման, դրսում հավուր պատշաճի Հայաստանը ներկայացնելու փորձը… Մարուքյանի ռեսուրսն այս շրջանում չօգտագործել ուղղակի չի կարելի՝ Հանուն Հայաստանի… Դեռ չեմ խոսել իր հետ այդ մասին։ Չգիտեմ էլ՝ ինչ է մտածում… Բայց շփման փորձ չունեցող, գոնե անգլերեն լեզվին վարժ չտիրապետող որեւէ քաղաքացու թեկնածություն չպետք է քննարկվի այդ պաշտոնի համար»,- գրել է պատգամավորը՝ իր կուսակցության առաջնորդին «առաջադրելով» ՀՀ նախագահի պաշտոնում:

 

 

Ո՞Վ ԿԴԱՌՆԱ

Արմեն Սարգսյանը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ որոշել է հրաժարական ներկայացնել ՀՀ նախագահի պաշտոնից։ Այս տեղեկությունը տարածելուց հետո համացանցում արդեն հետաքրքրվում են, թե ով կփոխարինի Արմեն Սարգսյանին այս պաշտոնում. «Համաձայն Սահմանադրության 144 հոդվածի՝ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչեւ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը։ Իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետության նախագահի պարտականությունները կատարելիս Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել է առավել շատ ձայներ, իսկ ձայների հավասարության դեպքում՝ տարիքով ավագը: ԱԺ փոխնախագահ ընտրվելիս Ռուբեն Ռուբինյանը ստացել է 70, Հակոբ Արշակյանը 71, իսկ Իշխան Սաղաթելյանը՝ 64 կողմ ձայներ, հետեւաբար մինչեւ Հանրապետության նոր նախագահի ընտրությունը ԱԺ նախագահի պաշտոնում մեր երկիրը խայտառակելու գործը պետք է շարունակի Հակոբ Արշակյանը»:




Լրահոս