Հայաստանի պարեկային ծառայության աշխատակիցները լուրջ խնդիրներ են առաջացրել վարորդների համար: Վարորդները բողոքում են՝ պարեկներն եկել են ոչ թե իրենց կյանքը թեթեւացնելու, այլ՝ խիստ դժվարացնելու համար:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ պարեկային ծառայության աշխատակիցների կողմից կայացված տուգանքի մասին որոշումները վճարելուց հետո, վարորդը ստիպված է լինում գնալ նաեւ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: Այսինքն պարեկային ծառայությունը չի հետեւում՝ արդյոք վարորդը կատարել է տուգանքի վճարումը, թե ոչ, որոշումն անմիջապես ուղարկում է ԴԱՀԿ: Վարորդների խոսքով, «պարեկները փնթի են աշխատում եւ չեն պատվում»:
Քանի որ պարեկների որոշումից հետո, վարորդը ստիպված, վճարման անդորրագիրը ձեռքին, պետք է գնա Պարեկային կամ հարկադիր կատարումն ապահովող ծառայություններ, դիմում գրի, հերթ կանգնի, այդպես ծախսելով ֆինանս եւ ժամանակ, որպեսզի կալանքը հանեն իրենց վրայից։
Նման վիճակում հայտնված վարորդներից մեկը դժգոհում է՝ նշելով. «Ես էտ վիճակում հայտնված վարորդներից մեկն եմ, տուգանք, մի քանի օրից բանկով սաղ տեղը տեղին մուծել եմ, ու ԴԱՀԿ։ Մոտ 15 օր առաջ էլ դիմում եմ գրել, ոչ մի արդյունք, ընթացքի մեջ ա։ Ուռճացված, անիմաստ աշխատավարձ ստացող (ի դեպ, մեր մուծած հարկերից) պետական ապարատ ա, ի վիճակի չի նույնիսկ պարզագույն սկրիպտային խնդիրներ կատարել»։
Ի դեպ, այս խնդրի մասին բարձրաձայնել է նաեւ ՙՎարորդի ընկեր՚ ՀԿ-ն՝ նշելով. «Շատերը կհիշեն, որ ժամանակին ՃՈ կողմից գրված ակտերը քիչ չէ վճարում էինք, դեռ հետո էլ ստիպված վճարման կտրոնները տանում հանձնում էինք ՃՈ, այլապես որոշումները գնում էին ԴԱՀԿ։ Ճիշտ է, խնդիրը կար ու լուծումը երկար տևեց, բայց և այնպես լուծվեց ու դրանից հետո հազվադեպ կարելի էր հանդիպել նման դեպքերի: Բայց հիմա, թվային տեխնոլոգիաների, կառավարման ու մենեջմենթի դարում, մենք նորից հետ ենք գլորվում անդունդը։ Սա ուղղակի մեկ բառով կոչել երևի չի ստացվի, բայց մի քանի բառով կարելի է ասել թափթփված, բարձիթողի ու բառդակ վիճակ է պետական կառույցի ներսում»։
Նշենք, որ վարորդների իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունը դիմել է նաեւ ՀՀ Ոստիկանության Պարեկապահակային ծառայություն, սակայն այդպես էլ արձագանք չի ստացել:
Սյունէ Համբարձումյան