ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը:
Ըստ նախկինում ընդունված օրենքի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված է կուսակցությունների ֆինասնական գործունեության վերահսկողության և կուսակցությունների հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործառույթներ: Եվ այժմ այդ գործառույթներն իրականացնելու համար փոփոխություններ են անհրաժեշտ կատարել:
«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքը նախատեսում է նվազեցնել պետական ֆինանսավորումը, եթե կուսակցությունն իր գույքի վարձակալությունից, բանկային ավանդից, իր կողմից հիմնադրված զանգվածային լրատվության միջոցի կամ հրատարակչական կազմակերպության գործունեությունից ստանում է եկամուտներ՝ իրենց փոխանցված այդ եկամուտների չափով, իսկ այդ եկամուտների չափը պետական ֆինանսավորման ծավալը գերազանցելու դեպքում նախատեսվում է պետական ֆինանսավորման դադարեցում։ Պետական ֆինանսավորման նվազեցման և դադարեցման հիմքերի առկայության վերաբերյալ որոշում է ընդունում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է վերապահված նաև պետական նպատակային ֆինանսավորում տրամադրելու հիմքերի առկայության ստուգումը, որի հիման վրա կուսակցությունը կարող է ստանալ նպատակային ֆինանսավորում։
«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում կատարվող փոփոխության համանմանությամբ, առաջարկվում է նախընտրական հիմնադրամին նվիրատվություն կատարող ֆիզիկական անձանց անհատական տվյալների ցանկում ավելացնել նաև հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը:
Ներկայումս «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի անցումային դրույթներով կուսակցությունների հայտարարատու պաշտոնատար անձանց համար նախատեսված է մինչև 2022 թվականի մարտի 31-ը 2021 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու պահանջ։ Առաջարկվում է այդ ժամկետը հետաձգել մինչև 2022 թվականի մայիսի 31-ը, ինչպես նաև հայտարարագրման պահանջը տարածել կուսակցության միայն մշտապես գործող ղեկավար մարմինների անդամների վրա։
Ն.Հ.