ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զոհվել է 335, վիրավորվել՝ 6100 մարդ. քանի պատահար է գրանցվել Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն ավելացել է, աճել է նաեւ զոհերի ու վիրավորների թիվը: Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների տվյալները: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախորդ տարվա 11 ամիսներին մեր երկրում արձանագրվել է 4204 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 335, վիրավորվել՝ 6100 մարդ:

Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը կազմել է 3560, զոհերի թիվը՝ 297, իսկ վիրավորվել են 5186-ը: Պաշտոնապես, նախորդ տարվա 11 ամիսներին ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է 18.1 տոկոսով:

Ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը նախորդ տարվա նոյեմբերին պակասել է հոկտեմբեր ամսվա համեմատ. 2021 թվականի նոյեմբերին մեր հանրապետությունում արձանագրվել է 381 ՃՏՊ, որի հետեւանքով զոհվել է 29, վիրավորվել՝ 502 մարդ: Իսկ ահա հոկտեմբեր ամսին ՃՏՊ-ների քանակը կազմել է 387, որի հետեւաքնով զոհվել է 33, վիրավորվել 519 մարդ: Մասնագետների խոսքով, տեղի ունեցող վթարների զգալի մասը վարորդների ոչ պրոֆեսիոնալ վարման հետեւանքն է, քանի որ նրանցից շատերը պարզապես չեն տիրապետում երթեւեկության տարրական կանոններին:

Ս.Հ.




Լրահոս