Չծառայել Արցախում, դիրքեր չբարձրանալ․ բանակը «պաշտելու» հայկական մոդելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց Բանակի հոբելյանական ծնունդը զինվորականները, սպայական կազմը, պետական այրերն ու պարզապես քաղաքացիները ոչ թե Հանրապետության հրապարակում՝ զորահանդեսով են տոնում, այլ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Լացի, կսկծի, աղոթքի ու խուլ ախերի մեջ է պարփակված հոբելյանական 30 տարվա արածն ու չարածը։

«Նոր պատերազմ, նոր տարածքներ» պաթետիկ ու բարձրագոչ կարգախոսը, որ բանակի պատասխանատուների շուրթերից վերջին 3 տարում չէր իջնում, ցավոք Եռաբլուրի վրա տարածվեց։

Բանակի մասին արտահայտվողների, կենաց ասողների, զինվորականների հետ դիրքերում լուսանկարվողների, դպրոցներում մի մատ երեխաների՝ զինվորական հագուստներով միջոցառումների, զինվորին կոնֆետներ ուղարկողների ու սոցիալական ցանցերում պաթոսային տրամաբանությամբ գրառումների պակաս չի եղել ու չկա նաև այժմ։ Ինչպես ամեն մի երևույթ, բանակը նույնպես՝ ձևի ու դիմացինին ու ցուցադրելու համար ենք սիրում։ Ոչ թե գիտակցում ենք, որ պարտավոր ենք պաշտպանել մեր երկրի սահմաններն ու մեկնել պարտադիր զինվորական ծառայության, այլ պարզապես «բանակ են տանում»։

Բանակն ու զինվորին սիրում, գնահատում անգամ նրանց աստվածացնում ենք միայն վտանգի ժամանակ, մնացած պահերին ամենաբարձր՝ պետական այրերի մակարդակով, սպաներին կարելի է վիրավորել, մեղադրել, բարձրաստիճան զինվորականներին, պատերազմի ժամանակ ավանդ ունեցածներին, մարդկային կյանքեր փրկած անձանց հասարակության երախը գցել ու թույլ տալ, որ բանակի մասին այսօրվա կենացասցները, բորենու նման հոշոտեն ուսադրի պատիվն ու արժեքն իմացողներին։

Facebook սոցիալական ցանցում զինվորական համազգեստով լուսանկարների տարափ է այսօր։ Բանակում զինվորական պարտադիր ծառայություն անցածները նախանձախնդիր մոլեռանդությամբ են պատմում բանակային օրերի մասին։ Որևէ մեկը զարմանալի համառությամբ չի հիշում սակայն, որ երկու տասնամյակից ավելի բոլորս այդ նույն համառությամբ ամեն ինչ արել ենք, որ մեր եղբայրները, հարազատներն ու որդիները «լավ տեղ ընկնեն», դիրքերում մարտական հերթապահություն չիրականացնեն, թեթև ծառայություն անցնեն, գումարի դիմաց հաճախակի արձակուրդ գնան, ու որ ամենացավալին է՝ ծառայությունն Արցախում չանցնեն։
Այս տարիներին մտածել ենք բանակի օրվա առթիվ միայն գեղեցիկ տեքստեր արտաբերել, պաշտոնյաները շոյիչ խոսքեր են ասել զինվորականների մայրերին ու կանանց, բանակում զինվորին տոնական ճաշ են մատուցել, դրանից սակայն եկող սերնդի՝ բանակում իրապես ծառայության անցնելու ու դրա պատիվ ունենալու ոգին չի բարձրացել։ Բանակի ստեղծումից կարճ ժամանակ անց, ցավոք, աստիճանաբար սկսել ենք հեռանալ դրա գաղափարախոսությունից։

Սևակ Վարդումյան




Լրահոս