ՏՆՕՐԵՆ ՉԴԱՐՁԱԾ` ԱՇԽԱՏՈՂՆԵՐ ԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզխորհրդի նիստում մարզպետ Արմեն Ղուլարյանը հայտարարեց, որ առաջիկայում մարզի 10 դպրոցներում կանցկացվեն տնօրենի մրցույթներ: Մարզպետը  դպրոցների տնօրեններին թեեւ դժկամորեն, սակայն հայտնեց, որ  նրանց ղեկավարած կրթօջախների հաստիքացուցակներն ուռճացած են, բոլոր դպրոցներում կրճատումների կարիք կա: Բայց դա մարզպետի արտահայտած միակ դժգոհությունը չէր: Նա նաեւ տեղեկացրեց. «Մարդ կա` 2 օր է, ինչ պաշտոնակատար է աշխատում, սակայն 2 մարդ է  աշխատանքի ընդունել»: Ու քանի որ նոր ընդունված աշխատակիցները դրսից են, Արմեն Ղուլարյանը կասկած հայտնեց, որ դպրոցներում աշխատանքի ընդունվողները գուցե նոր տնօրենի բարեկամներն են: ՀՀԿ-ական մարզպետը դպրոցների ղեկավարներից պահանջեց նոր աշխատողներ ընդունելիս խորհրդակցել մարզպետարանի կրթության եւ ֆինանսական վարչությունների պետերի հետ: Բայց դժվար է ասել, թե ինչքանով այդ հորդորը կազդի համատարած երեւույթի վրա, քանի որ Տավուշի մարզի դպրոցների ղեկավարների մեծամասնությունը ՀՀԿ անդամներ են, իսկ մարզպետը` այդ կուսակցության  մարզային կառույցի ղեկավարը: Այսինքն` մարզպետը թաքուն «երես է տալիս» իր կուսակիցներին` թույլատրելով ինքնագործունեությունը, սակայն հրապարակային նախատում է:




Լրահոս