ԴԵղատներում «Պարացետամոլ»֊ի դեֆիցիտ է․ այն գտնելը՝ «հրաշք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե որոշել եք ջերմիջեցնող «Պարացետամոլ» գնել, ապա չեք գտնի. հայաստանյան դեղատներում «Պարացետամոլի» դեֆիցիտ է: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ գրել էր, որ նշված դեղամիջոցի գինը պահանջարկի ավելացմանը զւգահեռ զգալի բարձրացել է. որոշ դեղատներում այն վաճառվում է 130 դրամով, որոշներում՝ 140 կամ 200 դրամով: Քիչ չէ, որ տնտեսվարողներն անհիմն բարձրացրել են դեղամիջոցի գինը, հիմա էլ այն չկա: Երեկ ArmLur.am-ի թղթակիցը թվով վեց դեղատուն այցելեց՝ «Պարացետամոլի» համար, սակայն որ դեղատուն մտանք, մեզ աշխատակիցն ասում էր, որ «վերջացել է, չկա»: Վերջապես մի դեղատնից գտանք « Պարացետամոլ»՝ 130 դրամով: Ի դեպ, այս դեղատանը ևս դեղամիջոցը վերջացել էր, բայց տնօրենին հաջողվել էր 10 տուփ հայթայթել, որը մի քանի ժամում կսպառվի:

Տեղեկացնենք, որ Հայաստանում տեւական ժամանակ է, ինչ շրջանառվում է H3N1 տիպի վիրուսը. հիվանդությունը սկսվում է հազով, մկանային ցավերով, կոկորդի չորությամբ եւ ջերմությամբ: Սա է պատճառը, որ դեղատներում «Պարացետամոլ»-ի գինը կտրուկ բարձրացել է, քանի որ այս դեղամիջոցի նկատմամբ պահանջարկը զգալի ավելացել է: Հուսանք՝ մեր այս հրապարակումը բավարար կլինի, որպեսզի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրություն անի դեղորայքի շուկան և կպարզի, թե ինչ պատճառով «Պարացետամոլի» գինն օրերի ընթացքում կտրուկ բարձրացավ և արդյոք դեֆիցիտը տնտեսվարողների կողմից է ստեղծվել:

Ի դեպ, ArmLur.am-ը քաղաքացիներից չի դադարում ահազանգ ստանալ նաև Դիկլոն մանկական մոմիկների մասին, որոնք նույնպես ջերմիջեցնող են համարվում և նույնպես դժվար է գտնել դեղատներում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս