2020 թվականի հուլիսյան մարտերին զոհված ՀՀ ԶՈՒ կապիտան Սոս Էլբակյանն այսօր կդառնար 30 տարեկան։
Սոս Էլբակյանը ծնվել է Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում, ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, 7 տարի ծառայել է Տավուշի սահմանապահ զորամասում՝ զբաղեցնելով զորամասի հրետանու շտաբի պետի-հրետանու պետի տեղակալի պաշտոնը։
Իր գործի նվիրյալ կապիտանը ծառայության ընթացքում արժանացել է բազում պարգևների ու պատվոգրերի, այդ թվում «Անբասիր ծառայության համար» I աստիճանի մեդալով, հետմահու՝ «Արիության» մեդալով։ Պարտաճանաչ ու հայրենասեր սպայի ստորաբաժանումը լավագույնն է ճանաչվել մի շարք ստուգատեսներում:
2020թ․ հուլիսյան մարտերում կապիտան Սոս Էլբակյանը գրագետ և հմուտ ղեկավարմամբ կառավարել է հրետանու կրակը։ Նրա հմուտ գործողությունների արդյունքում՝ հրետանային մարտկոցների ճիշտ, նպատակային կրակով ճնշվել են հակառակորդի ականանետային մարտկոցների կրակները, ավերվել է ՀԴԿ-ն՝ ոչնչացնելով գրոհող հակառակորդի կենդանի ուժը։
Չկարողանալով հասնել առավելության ցամաքային զորքերի միջոցով՝ հակառակորդը սկսել է կիրառել անօդաչու սարքեր, որոնց հարվածից էլ հուլիսի 14-ին զոհվել է կապիտան Էլբակյանը՝ իր կյանքի գնով անառիկ պահելով Տավուշը։