2022 թվականի հունվարի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 683 զանգ:
Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 7 ելք, որից 3-ը տրանսպորտային միջոցներում, 3-ը աղբանոցներում, և 1-ը՝ էլեկտրալարերի կարճ միացման պատճառով:
Արձանագրված հրդեհները ժամանակին մարվել են: Տուժածներ չկան:
Նշված ժամանակահատվածում շարունակվել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնումները: Փրկարարական ջոկատները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք:
Արցախի օկուպացված հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից, հայտնաբերվել և տարհանվել է երկու աճյուն:
Որոտանում հայտնաբերված ևս մեկ հայ զինծառայողի աճյուն Շուշիում ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել ադրբեջանական կողմը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1709 աճյուն:
Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել են հետախուզական և կանխարգելիչ աշխատանքներ:
Ընդհանուր առմամբ այս շաբաթ Մարտակերտի և Մարտունու շրջաններից հայտնաբերվել և վնասազերծվել է գնդիկաբեկորային 1 ավիառումբ, 2 հրթիռ և 1 արկ:
Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 25, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 12 կանչ: Փրկարարները կատարել են դռան 2 բացում, առողջական խնդիր ունեցող 1 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 1 ելք։ Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի ևս 8 կանչի: