ՄԻՊ-Ը՝ ԱՌԱՆՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովը Մարդու իրավունքների պաշտպան ընտրեց Քրիստիննե Գրիգորյանին։ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։ Նրա թեկնածությանը «կողմ» է քվեարկել 68, «դեմ»՝ 0 պատգամավոր: Ընդդիմադիր խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել։

 

Համեմատության համար նշենք, որ ՀՀ Ազգային ժողովը ձայների 96 կողմ եւ 7 դեմ հարաբերակցությամբ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին ընտրել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան:

Օմբուդսմենի պաշտոնում Արման Թաթոյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀԿ խմբակցությունը, սակայն քվեարկությանը մասնակցեցին նաեւ ընդդիմադիրները:

Իսկ 2011 թվականին Հայաստանի Ազգային ժողովը ձայների 83 կողմ եւ 13 դեմ հարաբերակցությամբ Կարեն Անդրեասյանին ընտրեց Մարդու իրավունքների պաշտպան: Առաջադրված էր նա կոալիցիայի կողմից:

40-ամյա Գրիգորյանը 2019 թվականի հուլիսի 3-ից մինչ այս ամսվա 20-ը զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ Մինչ այդ էլ պետական համակարգում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։

Գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին։ Նա մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնել էր 2016 թվականի փետրվարի 23-ին։ Ըստ օրենքի՝ նոր պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում երդման արարողությունից հետո՝ նախորդ ՄԻՊ-ի պաշտոնավարման ժամկետի ավարտման հաջորդ օրը: Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր առաջադրել։ Իշխանականները համարում են, որ Գրիգորյանը պրոֆեսիոնալ է եւ համապատասխանում է այդ պաշտոնին, մինչդեռ ընդդիմադիրները քննադատության ենթարկեցին Գրիգորյանին՝ համարելով, որ նա դառնալու է իշխանության պաշտպանը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու, մինչեւ երեկ արդարադատության առաջին փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Քրիստինե Գրիգորյանը կտրականապես համաձայն չէ այն ձեւակերպումների հետ, թե ՄԻՊ-ի ինստիտուտը ընդդիմադիր է՝ հակադիր պետական իշխանության մարմիններին։

Գործող պաշտպան Արման Թաթոյանին ընդդիմադիր լինելու, քաղաքական հայտարարություններ անելու մեջ մեղադրել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Սահմանադրությամբ ու օրենքով [Մարդու իրավունքների] պաշտպանի ինստիտուտը լրացնում է պետական մարմինների համակարգը եւ որեւէ կերպ որեւէ դերակատարի կողմից չպետք է ընկալվի որպես պետությունից օտարացած եւ պետության դեմ պայքարի դուրս ելած մարմին։ Մանդատի նկատմամբ թյուր պատկերացումները շտկելը ընտրվելու դեպքում լինելու է իմ ուշադրության կենտրոնում», – երեկ Ազգային ժողովում հավաստիացրեց Գրիգորյանը։

Արման Թաթոյանը հայտնի է՝ պետական մարմիններին, պաշտոնյաներին հրապարակային քննադատելով։ Նրա հավանական փոխարինողը կարծում է, որ հայտարարություն անելը վերջին միջոցն է, որին պաշտպանը պետք է դիմի։ Չնայած այս դիրքորոշմանը՝ Գրիգորյանը խոստացավ գործող պաշտպան Թաթոյանի՝ ՍԴ-ում վիճարկող դիմումները հետ չվերցնել։

«Պատիվ ունեմ»-ից Աննա Մկրտչյանը նրան հարց էր ուղղել, թե արդյոք թեկնածուն օրինական է համարում դատարան, ԱԺ շենք շրջափակելը՝ ակնհայտորեն ակնարկելով թե՛ մեկը, թե՛ մյուսը շրջափակվելու՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչերը։

Քրիստինե Գրիգորյանը խուսափեց կոնկրետ պատասխանից՝ փոխարենն անդրադառնալով դատական իշխանության վստահության հարցերին. «Տիկի՛ն Մկրտչյան, ես հասկանում եմ, որ կարող է իմ պատասխանները Ձեր դուրը չգան, ես ներողություն եմ խնդրում, որ դրանք Ձեզ դուր չեն գալիս, բայց պիտի ասեմ, որ իմ խոսքի մեջ ես ասացի, որ եկեք տեսնենք, թե մենք ինչպես կարող ենք շտկել իրավիճակը, եւ կարծում եմ՝ էստեղ որեւէ վատ բան չկար այդ առումով»։

Ն.Հ.

 

 

 

ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆ

Երեկ Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը։ Քառօրյայի ընթացքում նախատեսվում է քննարկել նաեւ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը վերաբերող հարցեր։

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված մյուս հարցերի թվում Եվրամիության Միգրացիայի եւ ապաստանի մասին օրենքի շուրջ քննարկումներն են։ Հունվարի 25-ին պատգամավորների ուշադրությանը կներկայացվի Հարավային Կովկասում սեռական փոքրամասնությունների իրավունքների խախտումների վերաբերյալ հատուկ զեկույցը, որը հեղինակել է ԵԽԽՎ իրավահավասարության հարցերով հանձնակատար Հելենա Դալին։

 

 

 

ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՏՆՕՐԵՆ

Տավուշի նախկին մարզպետ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հայկ Չոբանյանը նշանակվել է ԱՏՁՄ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն եւ վաղը նա ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանի եւ նախկին գործադիր տնօրեն Րաֆֆի Քասսարջյանի հետ հանդես է գալու համատեղ ասուլիով, որտեղ ներկայացվելու է ԱՏՁՄ վարչության որոշումը՝ նրան տնօրեն նշանակելու մասին:

 

 

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Վերահսկողություն իրականացնելու ընթացքում նորմերի խախտում է արձանագրվել մարզասրահներից մեկում: Հարուցվել է վարչական վարույթ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից:

«Վերահսկողություն է իրականացվում հունվարի 22-ից ուժի մեջ մտած նոր կարգավորումների նկատմամբ: Մասնավորապես՝ մշակութային կառույցներ, մարզասրահներ, ժամանցի վայրեր այցելելիս հարկավոր է ցույց տալ Covid-19-ի դեմ պատվաստման կամ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Գործընթացը վերահսկում են Տեսչական մարմինները եւ ոստիկանությունը:

 

 

 

ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հրապարակեց  ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար, Պատրոն Դավիթ մականունով հայտնի Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Ավիացիոն սպառազինության պետ  Արտյոմ Համբարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Ըստ այդմ՝ որոշում կայացվեց ազատ չարձակել Դավիթ Տոնոյանին, իսկ, ահա, Արտյոմ Համբարյանն ազատ արձակվեց 5 մլն դրամ գրավի դիմաց: Հիշեցնենք, որ Տոնոյանի համար երաշխավորել էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանը եւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ Հիշեցնենք նաեւ, որ 2021-ի նոյեմբերի 23-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահ համակարգում ներքին քննարկում է եղել, որ նախկին պաշտոնյաները կմնան կալանքի տակ մինչեւ նրանց գործով նախաքննության ավարտը եւ նախաքննության ավարտից հետո: Մասնագիտական շրջանակներում հայտնում էին, որ այս որոշումը կապված է հայտնի փաստաթղթի ստորագրման հետ:

 

 

 

ԿԱՇԱՌՔ

Ոստիկանության պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հունվարի 22-ին՝ ժամը 03.50-ին, Աթոյան փողոցում ստուգելու նպատակով կանգնեցրել են «Հունդաի» մակնիշի ավտոմեքենա: Պարզվել է՝ վարորդը մեքենան վարում է ոչ սթափ վիճակում: Մեքենան հատուկ պահպանվող տարածք չտեղափոխելու համար վարորդը ոստիկանության ծառայողին կաշառք է առաջարկել: Պարեկները նրան բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Նախապատրաստվում են նյութեր:

 

 

 

ԱՌԱՋՆԱԿԱՐԳ

Վիրավոր զինվորներին վերականգնողական բժշկական օգնություն տրամադրելու համար 2021թ. նախատեսված ծրագրի շրջանակներում 3 միլիարդ 296 միլիոն դրամ հատկացումը տարվա ընթացքում անընդհատ վերանայվել է. պետական բյուջեից 2021 թվականին ծրագրի համար նախատեսված ընդհանուր գումարը կազմել է 6 միլիարդ 700 միլիոն դրամ: Նա շեշտեց, որ 2021թ. նախարարության ուշադրության կենտրոնում եղել է եւ շարունակելու է մնալ հետպատերազմական իրավիճակով պայմանավորված վիրավոր զինվորներին վերականգնողական բժշկական օգնության ամբողջական տրամադրումը: Տրամադրված գումարի չափը խոսում է այն մասին, որ զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին տրամադրվող բժշկական օգնության ծավալը մեծապես աճել է: «Պետք է ասեմ, որ այս ծրագիրը իր ֆինանսավորման մեխանիզմներով որոշակի առումով առանձնանում է մեր ընդհանուր ծրագրերից: Այն ֆինանսավորվում է օֆերտայի սկզբունքով, այսինքն՝ ծառայություները մատուցելու կատարողականի հիմքով, եւ, կարելի է ասել, սահմանափակված չէ տարեկան բյուջետային շրջանակներով»,- ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ ընտրել են ծրագրի ֆինանսավորման այդ մեխանիզմը՝ հասկանալով հարցի կարեւորությունը:




Լրահոս