Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալական եւ ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը, Արցախի ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը եւ Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Մեծարգո՛ պարոն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Մենք Արցախի հետ մեր համագործակցության շատ կարեւոր փուլում ենք: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի կառավարությունը շատ ավելի մեծ ակտիվությամբ է մասնակցում Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Եվ եթե ես ճիշտ եմ հիշում, Արցախի՝ 2022 թվականի տարեկան բյուջեն աննախադեպ չափեր ունի, ինչն, ըստ էության, բնական է, որովհետեւ հետպատերազմական վերականգնումը, նախ, շատ կարեւոր է, եւ, բնականաբար, շատ ջանքեր պիտի մեզնից պահանջի: Եվ ես սա բնականոն եմ համարում:
Ուզում եմ ընդգծել, որ 2022 թվականին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին: 2021 թվականին այդ թիվը գերազանցել է 100 մլրդ դրամը: Շատ կարեւոր է, եւ մենք բազմիցս ենք քննարկել, որ հընթացս զուտ սոցիալական հնարավոր ճգնաժամի կառավարման փուլից անցնենք զարգացման տրամաբանության եւ փորձենք մեր համագործակցությունը տեղավորել հենց այս տրամաբանության մեջ, որ զարգացման ծրագրեր իրականացնենք Արցախում: Շատ ուրախ եմ այս քննարկման համար: Ի դեպ, այս թեմայով սա մեր առաջին այսպիսի քննարկումը չէ: Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, դրանց մի մասը զուտ աշխատանքային են եղել, չեն էլ լուսաբանվել, մյուս հատվածը նաեւ լուսաբանվել է: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ ծրագրերն արդյունավետ են իրականացվում: Ուզում եմ հիշեցնել նաեւ, որ պատերազմից հետո, բնականաբար, շատ մեծ մտավախություններ ունեինք՝ կապված սոցիալական վիճակի, մնացած ամեն ինչի հետ: Իհարկե, պարզ է, որ սոցիալական իրավիճակը ոչ միայն Արցախում, Հայաստանում մեր երազածի նման չէ, բայց խոսքը գնում է ընդհանուր առմամբ իրադրության կառավարելիության մասին: Մանավանդ այսօր շատ է քննարկվում նաեւ սոցիալական իրավիճակը, գնաճը. քովիդով պայմանավորված, ըստ էության, գլոբալ երեւույթ է, եւ մենք չենք կարող առանձին վերցրած դիտարկել խնդիրը: Մեր այս ամեն ինչին ավելացան նաեւ պատերազմը, պատերազմի հետեւանքները: Եվ այդ առումով կարող ենք արձանագրել, որ առնվազն մենք իրադրությունը համատեղ ջանքերով կարողացել ենք որոշակի կառավարելիության տիրույթում պահել, որպեսզի հետպատերազմական իրավիճակում հումանիտար ճգնաժամեր չառաջանան»:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշել է. «Պարո՛ն վարչապետ, նախ ուզում եմ նորից իմ շնորհակալությունը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ պատերազմի օրերին եւ հետպատերազմյան ժամանակահատվածում սոցիալական խնդիրների լուծման համար: Որեւէ խնդիր չի եղել առողջապահական, տեղավորման եւ հետագա մնացյալ հարցերի լուծման առումով՝ անկախ տրամադրվող նպաստներից եւ ծավալներից: Մենք միշտ զգացել ենք, որ Հայաստանի կառավարության, նրա անդամների, ընդհանուր առմամբ՝ բոլոր պաշտոնյաների կողմից վերաբերմունքը եղել է միշտ այնպիսին, որ այդ ծանր ժամանակահատվածում ղարաբաղցիները միշտ տեսել են այդ աջակցությունը: Եվ հետպատերազմյան ժամանակահատվածում ամեն ինչ արել ենք, որպեսզի կարողանանք լուծել մեր ամենածանր խնդիրը՝ տեղահանված բնակչությանը հնարավորություն տալ առաջին հերթին Արցախում եւ Հայաստանում ժամանակավոր ապաստան գտնել եւ, իհարկե, հետո արմատական լուծումներ տալ:
Պարո՛ն վարչապետ, նշեմ, որ 2022 թվականին ավելի հստակ 140 մլրդ դրամ միայն միջպետական վարկ եւ ուղղակի դրամաշնորհ է տրամադրվել Արցախի բյուջեին: Բացի դրանից, Հայաստանի կառավարությունը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ծրագրերով, բազմաթիվ սոցիալական ծրագրեր իրականացրել է ուղղակի: Դրա համար թիվը շատ մեծ է, դրանց շնորհիվ մեզ հաջողվել է արտագաղթը կանխել եւ արդեն այսօր լուծել ավելի կարեւոր խնդիրներ:
Արդեն 300 բնակարան ավարտված է եւ հանձնված է հիմնականում տեղահանված զոհվածների ընտանիքներին, եւ երկրորդը՝ կարիքավոր, առաջին հերթին՝ այն ընտանիքներին, որոնք ավելի սուղ վիճակում են: Բնակարանաշինությունն սկսված է 3000 տների շինարարության առումով. մոտ 500 բնակարան մենք հին ֆոնդից՝ գյուղերում առկա ազատ ֆոնդից, վերանորոգել ենք, տրամադրել, մոտ 2000 բնակարան արդեն նախագծվում է, որոնք պետք է սկսենք 2022 թվականին: Այսինքն՝ այդ 5000 բնակարանային շինարարության ծրագրով մենք հիմնականում նաեւ հին ֆոնդերում, որտեղ չեն ապրում, դրանք էլ վերագործարկելով՝ լուծելու ենք այն խնդիրը, որը մեր առջեւ դրել ենք:
Ի դեպ, նշեմ նաեւ, որ, այո, 144 մլրդ դրամի պարագայում մեզ հաջողվելու է լուծել առկա խնդիրները եւ ոչ միայն բնակարանաշինության: Մենք շատ հավակնոտ ծրագրեր ենք սկսել. կառուցվում է արդեն Բադարա-Ստեփանակերտ խողովակաշարը, որն ամբողջությամբ լուծելու է ոչ միայն Ստեփանակերտի որակյալ խմելու ջրի հարցը, այլ նաեւ այդ կառուցվող բնակավայրերի, որոնց մի մասը գտնվում է Ստեփանակերտի հարակից տարածքներում: Զուգահեռ արդեն սկսված են Բադարայի ջրամբարի աշխատանքները:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատուների ցանկը, որտեղ հետաքրքիր վերադասավորումներ են տեղի ունեցել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ցանկում տեղ են գտել նաեւ ՀՀ պետական գերատեսչությունները:
Պետական բյուջե ավելի շատ հարկ վճարած գերատեսչությունը ՀՀ պաշտպանության նախարարությունն է: Մեզ հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարարության աշխատակազմը գլխավորում է ցանկի երրորդ տեղը եւ պետական բյուջե վճարել է 42 մլրդ 656 մլն 806 հազար դրամի հարկ ու տուրք: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ նախորդ տարի ցանկի առաջատարը խոշոր հանքարդյունահանող «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատն» էր, որի 15 տոկոս բաժնետերն, ի դեպ, կառավարությունն է: Նշված ընկերության հարկային վճարումները կազմել են 48 մլրդ 842 մլն դրամ: Ցանկի երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 47 մլրդ 825 մլն 132 հազար դրամ հարկ ու տուրքով: ՊՆ-ին հաջորդում է ծխախոտի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը պետական բյուջե կատարել է 42 մլրդ 157 մլն դրամ: Հազար խոշոր հարկատուների ցանկի 5-րդ տեղում է հանքարդյունաբերությամբ զբաղվող «Գեոպրոմյանինգ Գոլդ» ընկերությունը, որի կողմից կատարվել է 20 մլրդ 839 մլն 147 հազար դրամ: Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. 12 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 206 մլրդ դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 989 մլրդ 980 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 216 մլրդ 881 մլն դրամ։ 1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում: Ցանկը հրապարակվել է՝ հիմք ընդունելով ներկայումս գործող ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես` ցանկում ներառվել են պետական եւ համայնքային կառավարչական հիմնարկները:
- «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»
- «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»
- «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ»
- «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ»
5.«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ»
- «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ»
- «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ»
- «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ»
- «ՖԼԵՇ»
- «ԹԵՂՈՒՏ»
- «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ»
- «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ»
- «ՅՈՒՔՈՄ»
- «ԱԼԵՔՍ ԷՆԴ ՀՈԼԴԻՆԳ»
- «ՄԱՔՍ ՕԻԼ»
- «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ»
- «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»
- «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ»
- «ՍԻԹԻ»
- «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ»
Ս.Հ.
ԴԱՏԸ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿՈՎ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Հունվարի 21-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացավ Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի դատավարության հերթական նիստը։ Այդ նիստում նախատեսվում էր քննարկել դատավոր Սամվել Մարդանյանին ինքնաբացարկի եւ Հ. Մանուչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու, այն լուծելու հարցերը, սակայն դատավոր Մարդանյանն իրեն ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը լսելուց հետո որոշում կայացնելու համար հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատը հետաձգելով անորոշ ժամանակով։ 2012 թվականից Բերդի քաղաքապետ, 2017 թվականից Բերդ խոշոր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին կալանավորելու որոշում էր կայացվել՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ մասին 1-ի մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը) առաջադրված մեղադրանքի հիմքով։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Հարություն Մանուչարյանի որդին՝ Անուշավան Մանուչարյանը, 5500 մետր սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի հենապատ կառուցելու ընթացքում հենապատը մի քանի մետր հայտնվել է համայնքային հողում, որի մասին Բերդ համայնքի ղեկավարը տեղեկացել է 2020 օգոստոսի 27-ին: 2020 թվականին Մանուչարյանի դեմ հարուցվել է վարչական վարույթ, սակայն պատերազմի հետեւանքով այն կասեցվել է, եւ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրացել են, սակայն վարույթն իրականացնող մարմինը Մանուչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Մանուչարյանի փաստաբան Արման Թամարզյանը քրեական գործը ապօրինի է համարում: Բերդի տարաշրջանում խոսակցություններ կան, որ Տավուշի մարզից սերված, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտերիմ ընկեր բարձրաստիճան մի պաշտոնյա Հարություն Մանուչարյանին առաջարկել է ինքնակամ թողնել պաշտոնը, սակայն վերջինս հրաժարվել է։
ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
Հունվարի 20-ին Բերդ համայնքի զորակոչիկների մեկ խումբ մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Առաջին խումբը մեկնել էր հունվարի 10-ին: Հունվարի 20-ին Նոյեմբերյան քաղաքից 23 նորակոչիկներ մեկնեցին հայրենիքը պաշպանելու։ Հունվարի 14-ից Դիլիջան խոշոր համայնքի 14 նորակոչիկներ մեկնեցին զինվորական ծառայության։ Նորակոչիկներին ծառայության են ճանապարհում հանդիսավոր կերպով, նրանք վճռական են հայրենիքը պաշտպանելու։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ