ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱԼԻՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կորոնավիրուսային հերթական ալիքն է բարձրանում, գերակշռողը լինելու է բարձր վարակելիությամբ Օմիկրոն շտամը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում վարակաբան, «Առողջապահության ազգային ինստիտուտ»-ի ինֆեկցիոն հիվանդությունների եւ համաճարակաբանության ամբիոնի վարիչ Նարինա Սարգսյանցը նշեց, որ ինչպես շատ այլ երկրներում, Հայաստանում եւս սպասվում է, որ ավելի մեծ քանակությամբ մարդիկ են վարակվելու:

 

«Կլինի դեպքերի կտրուկ բարձրացում, եւ դա տեղի կունենա կարճ ժամանակում: Հաշվի առնելով, որ նոր դեպքերի աճով պայմանավորված՝ հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների թիվը նույնպես ավելանալու է, հետեւաբար դա մեծ բեռ կլինի առողջապահական համակարգի համար»,-ասաց Նարինե Սարգսյանցը:

Մասնագետի խոսքով՝ օմիկրոնի հետ կապված նշվում է հիմնականում մի քանի ախտանիշ՝ գերարտահայտված թուլություն, կոկորդում՝ ցավ, հարբուխ, գլխացավեր եւ այլն: Կան ախտանիշներ, որոնք կարող են երկար պահպանվել՝ մինչեւ երեք ամիս, մասնավորապես՝ թուլությունը, հազը:

Հայաստանում ներկայում տարածված են նաեւ գրիպի տեսակները, որոնց ախտանշաները նման են Օմիկրոնի ախտանշաններին: ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանը նշեց, որ կա մտավախություն դրանք շփոթելու տեսանկյունից: Չի բացառվում, որ շատերը մտածեն՝ իրենց մոտ գրիպ է, սակայն իրականում կորոնավիրուսի Օմիկրոն շտամը լինի:

«Անհրաժեշտ է դիմել բժշկին, թեստավորվել, լինել հսկողության տակ: Վերջին շաբաթներին մենք քիչ ունեինք կորոնավիրուսով հիվանդներ, սակայն հիմա արդեն իրավիճակն այլ է, նկատվում է հիվանդացության աճ: Օմիկրոնն ավելի մեծ վարակելիություն ունի, նաեւ երեխաներն են ավելի հաճախ վարակվում: Իհարկե, նշվում է, որ հիմնականում վերին շնչուղիներն են ախտահարվում, թոքաբորբերի թիվը քիչ է լինում, սակայն ոչինչ բացառել հնարավոր չէ»,- ասաց Սամվել Հայրումյանը: Նրա խոսքով՝ այն երկրները, որոնք ունեն պատվաստման գործընթացի բարձր տոկոս, օգնում է, որ Օմիկրոն շտամով պայմանավորված հետեւանքները հաղթահարեն:

Ինչպես կորոնավիրուսի տարածման բոլոր ալիքների դեպքում, այս անգամ եւս կարեւորվում  է պատվաստվելն ու հակահամաճարակային կանոններին հետեւելը: Գործընթացն ավելի հասանելի դարձնելու համար դեռ նախորդ տարվանից բացվեցին շարժական պատվաստումային կետեր: «Առողջապահության ազգային ինստիտուտ»-ի էլեկտրոնային առողջապահության բաժնի մասնագետ Անդրանիկ Հարոյանը նշեց, որ այն ցուցաբերեց իր արդյունավետությունը:

«Նախ պոլիկլինիկաներում հերթերը համեմատաբար թեթեւացան, դրանից բացի շատերի համար ավելի հարմար դարձավ պատվաստվելը: Աշխատանքի հետ կապված, նաեւ ժամերով պայմանավորված՝ շատերին հարմար չէր պոլիկլինիկա հասնելը: Շրջիկ կետերի շնորհիվ շատերը կարողացան պատվաստումը ստանալ առավել հասանելի տարբերակով»,-ասաց Անդրանիկ Հարոյանը: Նրա խոսքով՝ շրջիկ պատվաստումային կետերում մշտապես դիմելիության կայուն դինամիկա է եղել: Վերջին օրերին աճ է նկատվում: Երեւանում գործում է պատվաստումային 6 շարժական կետ, օրվա կտրվածքով կատարվում է 200-250 պատվաստում:

Մասնագետները հորդորում են անպայման պատվաստվել, պահպանել հակահամաճարակային կանոնները: Կոլեկտիվ իմունիտետի համար անհրաժեշտ է պատվաստման 70 եւ ավելի տոկոս մակարդակ:

Ն.Պ.

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ

Հունվարի 21-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը կազմակերպել էր հանդիպում՝ նվիրված Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցման ծրագրի քննարկմանը, որին մասնակցում էին տեքստիլի ոլորտի զարգացման փորձագետ Տիգրան Ջրբաշյանը, Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Հովսեփ Պատվականյանը, ոլորտում գործող մի շարք կազմակերպությունների եւ նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

 

Նախարարությունից հայտնում են, որ ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ եւ Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ռաֆայել Գեւորգյանը նշել է, որ ծրագրի նպատակն է մշակել առաջարկություններ Հայաստանում արտադրվող տեքստիլ արտադրանքի հավելյալ արժեքը բարձրացնելու եւ ավելի մրցունակ դարձնելու ուղիների վերաբերյալ՝ հաշվի առնելով առկա խնդիրները եւ տվյալ ապրանքային կատեգորիայի համար GSP+ ռեժիմի դադարեցման հանգամանքը։

Փոխնախարարի խոսքով՝ ծրագրի մշակման արդյունքում նախագծվելու է ճանապարհային քարտեզ՝ մանրամասն գործողությունների ծրագիր, գնահատման արդյունքների եւ առաջարկությունների հիման վրա մշակվելու է ռազմավարության պլան։

Այնուհետեւ փորձագետ Տիգրան Ջրբաշյանը գործարարներին համառոտ ներկայացրել է Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման հիմնական միտումները, այս ոլորտում իրականացված փորձագիտական վերլուծություններն ու ծրագրի աշխատանքային փուլերը։

Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց խնդիրները, քննարկել դրանց լուծման հնարավոր եղանակները։

Հետագա քայլերի շուրջ քննարկումներն ավելի առարկայական շարունակելու համար կկազմակերպվեն ծրագրի պատասխանատուների այցեր ոլորտում գործող մի շարք ընկերություններ:s

 




Լրահոս