ՆԱԽԱԳԱՀԻ ՓՆՏՐՏՈՒՔԻ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո իշխանության անդամները ցայտնոտի մեջ են, չեն կողմնորոշվում՝ ում առաջադրել որպես նախագահի թեկնածու։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» թեեւ վաղուց էր ցանկանում յուրային նախագահ ունենալ ու, այսպես ասած, ազատվել Սարգսյանից, բայց չէին պատկերացնում, որ նոր նախագահ «նշանակելը» մեծ խնդիր կդառնա իրենց համար։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թե՛ իշխող ՔՊ-ն, թե՛ խորհրդարանական համանուն մեծամասնությունն այժմ սպասում են առաջիկայում սպասվող նիստերին, որին Նիկոլ Փաշինյանն է մասնակցելու։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս շաբաթվա վերջ հավանաբար կկայանա իշխանության՝ Դիլիջանի հետաձգված արտագնա նիստը: Հենց այդ ժամանակ էլ ներկաները կքննարկեն կամ, ավելի շուտ, կիմանան՝ ով է ՔՊ-ի թեկնածուն։ Բանն այն է, որ նախագահի թեկնածուին Փաշինյանն անձամբ է ընտրելու ու ներկայացնելու թիմակիցներին, ու այնպես չէ, որ կուսակցականներն առարկելու կամ քննարկելու են թեկնածուի ընտրության հարցը։ Թեեւ իշխանությունը նախագահի մի քանի թեկնածուների անուններ դիտարկել է, որոնց մասին նաեւ մամուլը գրեց, բայց չի բացառվում, որ վերջին պահին Փաշինյանը որոշի սեփական թիմից որեւէ մեկին նախագահ «կարգել»: Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ իր պատկերացումների նախագահի կերպարին: Նա ընդգծեց, որ նոր նախագահը պետք է ներդաշնակ աշխատի կառավարության եւ խորհրդարանական մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագրի» հետ՝ հիշեցնելով, որ Արմեն Սարգսյանը չստորագրեց Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության իր հրամանագիրը, երբ Օնիկ Գասպարյանը պահանջում էր վարչապետի հրաժարականը։ «Այդ ներդաշնակության սակավության պատճառով մենք շատ լուրջ մարտահրավերներ ենք ունեցել, որոնց խորությունը գուցե թե չենք էլ արձանագրել էդ պահին։ Մասնավորապես, նախորդ տարի Գլխավոր շտաբի հայտնի հայտարարության համատեքստում, էստեղ իշխանության խնդիր չէր բացարձակապես, կառավարության խնդիր չէր, գործադիր իշխանության խնդիր չէր, իմ գնահատականն այն է, որ մենք պետականության կորստի եզրին էինք գտնվում այդ ժամանակ», – հայտարարեց Փաշինյանը։

 

 

 

2008 թվականի մարտի 1-ի երեւանյան արյունալի իրադարձությունները բացահայտելու խոստումով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը չի կատարում նաեւ իր այդ խոստումը: Դեռ 2018-ից հետո ՀՀ հատուկ քննչական ծառայությունը «Մարտի 1»-ի գործով քրեական գործ հարուցեց նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնցից ոմանք կալանավորվեցին, ավելի ուշ ազատ արձակվեցին: Սակայն ինչպես 10 հոգու սպանությունները, այնպես էլ դրա հրամանը տվողները մինչ օրս չեն բացահայտվել եւ պատասխանատվության չեն ենթարկվել: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ այս օրերին Հակակոռուպցիոն կոմիտեում քննարկում են «Մարտի 1»-ի քրեական գործով անցնող նախկին պաշտոնատար անձանց ճակատագիրը, բայց ոչ թե մեղադրանքի, այլ վաղեմության ժամկետի հիմքով այդ քրեական գործերը կարճելու կամ դրանք դատարան ուղարկելու վերաբերյալ: Ասել է թե՝ առաջիկայում «Մարտի 1»-ի գործով նախկին պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրելու գործերով որոշումներ են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեին մեկնաբանության համար, որտեղից խոստացան պատասխանել մեր հարցին այսօր: Նկատենք, որ խիստ հավանական է՝ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալների գործերը նույն վաղեմության հիմքով կարճվեն դատարանում արդեն, այսինքն՝ ամեն դեպքում, «Մարտի 1»-ի գործը չի բացահայտվելու:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անպիտան հրթիռներ գնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով ուշագրավ զարգացումներ են սպասվում: Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով եւ այն ուղարկել է դատարան։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն որոշել է վերոնշյալ պաշտոնատար անձանց մասով գործն անջատել եւ դատարան ուղարկել, իսկ, ահա, բուն Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը ԱԱԾ-ում շարունակվում է։ Ստացվում է` քրեական գործով ուշագրավ զարգացումներ ու կալանավորումներ դեռ կլինեն:

 

 

 

Առաջիկայում հեղուկ գազի շուկայի նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվի: Նոր փոփոխություն՝ հեղուկ գազի լցակայաններում: «Ժողովուրդ» օրաթերը տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա հունիսի 1-ից հեղուկ վառելիքի վաճառքը իրականացվելու է ստուգաչափված տարաներով, այսինքն՝ հեղուկ վառելիքի մանրածախ առեւտրի կետերում վաճառողը ոչ միայն պետք է ունենա ստուգաչափված տարա, այլեւ սպառողի պահանջով այն վաճառվելու է այդ տարայի միջոցով: Ասել է թե՝ լցակայաններում տնտեսավարողը պարտավոր է ցուցադրել տեղեկատվություն հեղուկ գազի տեսակի վերաբերյալ: Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ այս ամենի արդյունքում կնվազեն եւ կբացառվեն հեղուկ վառելիքի մանրածախ առեւտրի կետերում վաճառողի կողմից թերլցումները: Ի դեպ, անհամապատասխանության դեպքում, սպառողի դիմումի համաձայն, տեսչական մարմինը տնտեսվարող սուբյեկտի մոտ կիրականացնի ստուգում, խախտումների դեպքում պատասխանատվության միջոցներ կկիրառվեն. եթե հեղուկ գազ վաճառող տնտեսվարողները խախտումներ թույլ տան, ապա կարող են տուգանվել մեկ միլիոն դրամի չափով։




Լրահոս