ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հրաժարական տվեց: Հրաժարականի հրապարակումից հետո՝ 1 շաբաթվա ընթացքում, Արմեն Սարգսյանը կարող է ետ վերցնել հրաժարականի դիմումը, իսկ եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ:
-Պարո՛ն Բադալյան, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել, եւ շատերն ասում են, որ սա ոչ թե քաղաքական վերադասավորումների պահ է, այլ այն խոսում է աշխարհաքաղաքական երեւույթներ տեղի ունենալու մասին եւ դրա մեջ է տեղավորվում: Դուք ի՞նչ կարծիք ունեք:
-Ենթադրում եմ, որ, բնականաբար, առողջության հետ կապված խնդիրներ չեն, ոչ էլ քաղաքական վերադասավորումների հետեւանք: Նախագահը չէր մտնում քաղաքական այս կամ այն շրջանակների կամ նրան հարակից խմբավորումների մեջ: Սա այն իրավիճակը չէր, որ որեւէ քաղաքական ուժ մեկ ուրիշին է փոխարինում: Մեկ հանգամանք կա, նշում են՝ Արմեն Սարգսյանը խանգարում էր, բացի այդ, խոսվում է սահմանադրական փոփոխությունների մասին, եւ հենց այդ հանգամանքից ելնելով են ասում, թե նա խանգարում էր: Սակայն դա իրականում այդպես չէ, քանի որ Արմեն Սարգսյանն արդեն չորս տարի է, ինչ նախագահ է:
-Բայց նա չէ՞ր խանգարում իշխող ուժի ծրագրերին:
-Արտաքին ոլորտում՝ ոչ, իսկ ներքին քաղաքականության մեջ Արմեն Սարգսյանը կամավորական հրաժարվել էր իր գործառույթների կատարումից, անգամ օրենքներ չէր ստորագրում, դրանք միայն ուղարկում էր Սահմանադրական դատարան, որպեսզի 21 օր անց արդեն ԱԺ նախագահը ստորագրի, այսինքն՝ ներքաղաքականն այնքան կարեւորություն չի ներկայացնում: Իսկ արտաքին քաղաքականության հետ կապված՝ եկեք հաշվի առնենք, թե նա որ երկրից է գալիս, այդ երկիրն այժմ ինչ դերակատարում ունի եւ կարող է ունենալ: Նախագահն իր հայտարարությունում նշում էր, թե չի կարող ազդել քաղաքական եւ արտաքին քաղաքական գործընթացների վրա, եւ հաշվի առնենք, որ նա այդ իր հայտարարությունն արել է Հայաստանից դուրս՝ Լոնդոնում: Սա նրա մեսսիջն էր, որ Հայաստանի իշխանությունները չեն կատարում այն պայմանավորվածությունը, որի պատճառով նրան տարիներ առաջ բերեցին որպես նախագահի թեկնածու: Սա է ամենը: Որովհետեւ արտաքին քաղաքականության խնդիրների, օրինակ, Ղազախստանի դեպքերն իրենց լուման ունեցան այդ դեպքերի մեջ: Այսինքն՝ այն խնդիրները, որ կան, չի կարողանում Արմեն Սարգսյանն ազդել: Սա չի վերաբերում հայ-թուրքական հարաբերություններին եւ այդ պայմանագրին, քանի որ այնպես չէ, որ նա հայրենասիրության մարմնացում է եւ խուսափում է այդ պայմանագրից: Եթե նա նոյեմբերյան կապիտուլյացիայից հետո մնաց, միայն հրաժարական պահանջեց եւ այլ որեւէ գործընթաց չարեց, ապա հասկանալի է, որ այդ պայմանագիրը նրա հրաժարականի գինը չէ: Պատճառն այն է, որ Հայաստանի իշխանությունները շեղվել են նախկին ծրագրերից:
Հ.Գ. Դատախազությունը Արմեն Սարգսյանի՝ մինչեւ նախագահ դառնալը այլ երկրի քաղաքացի լինելու մասին «Հետք» լրատվական կայքի հրապարակումն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն: «Հետք»-ի տեղեկության համաձայն՝ ՀՀ նախագահն ուներ Սենթ Քիթս եւ Նեւիսի անձնագիր, ինչը հաստատվել է Սարգսյանի հետ նամակագրության ընթացքում: Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահին ներկայացվող պահանջներից է վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելն ու վերջին վեց տարում Հայաստանում մշտապես բնակվելը:
ԵՎՍ ԵՐԿՈՒ ԴԻՄՈՒՄ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Սահմանադրական դատարան եւս երկու դիմում է ներկայացվել։ Այս մասին հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։ «Ցանկանում եմ տեղեկացնել այս ժամանակահատվածում իրականացված որոշ գործողությունների մասին.
1) Մեր կողմից ներկայացվել են եւս երկու դիմումներ Սահմանադրական դատարան: Առաջինը
վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածին՝ կալաանվորման ինստիտուտին, «հիմնավոր կասկած» հայտնի ձեւակերպման որոշակիության խնդիրին, ապացուցման շեմին, ԲԴԽ-ի կողմից դրա մեկնաբանման հանգամանքին: Նույն դիմումով վիճարկել ենք նաեւ կալանավորման հիմքերի վերացարկման անթույլատրելիության հարցը: Նշվածը կարող է նպաստել կալանավորման անընդունելի կիրառման պրակտիկայի զսպմանը:
Երկրորդ դիմումը վերաբերում է հենց ԶԼՄ ոլորտին: Վիճարկել ենք «Գնումների մասին» օրենքի հայտնի ձեւակերպումը, համաձայն որի՝ Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի եւ Վարչապետի, ի թիվս այլ ծախսերի, արարողակարգային, կեցության, սննդի ծախսերը համարվում են պետական գաղտնիք: Նշված կարգավորումը եւ դրա կիրառումը հատկապես վերջերս ապացուցում են, որ թվարկված պաշտոնատար անձինք դուրս են մնում հանրային վերահսկողությունից, ինչն անընդունելի է ժողովրդավարական հասարակությունում:
2) Մշակվել են մի քանի օրենսդրական նախաձեռնություններ, որոնցից ուզում եմ հատկապես նշել ցանկացած մեքենա վարողի համար հայտնի «բալային համակարգի» տուգանային միավորների վերացման նախագիծը: Վիաճակագրական տվյալները հիմնավորում են, որ նշված կարգավորումը դրական ազդեցություն ճանապարհային անվտանգության ոլորտում չի ունեցել: Ավելին՝ 2021 թվականի ընթացքում կայացվել են տուգանային միավոր նախատեսող 173189 որոշում: Այո, հենց 173189 որոշում:
3) ՊՇՌ թեստերի ծախսերի մասով եւս մեկ անգամ ուզում եմ բառացի մեջբերում կատարել ՍԴ որոշումից, որը մինչ օրս չի կատարվում կառավարության կողմից. «Համավարակի պայմաններում Հայաստանի Հանրապետությունում առաջացած իրավիճակը ենթադրում է կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը նաեւ հանրային աջակցություն՝ սոցիալական համերաշխության օրակարգով»: Որեւէ ՍԴ պահանջած հանրային աջակցություն մինչ օրս հակասահմանադրական եղանակով չի իրականացվում՝ այդ թվում անտեսելով նվազագույն աշխատավարձի չափը եւ ՊՇՌ թեստերի անհամաչափ բեռը: Այս մասով մեր հայրենակիցներին հավելյալ տեղեկություն եմ տրամադրելու առաջիկայում»,- նշել է Վարդեւանյանը։
Նյութերը՝ ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
ԱԱԾ-Ի ՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԵՐԸ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է նախորդ տարվա հազար խոշոր հարկատուների ցանկը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ցանկում տեղ են գտել նաեւ ՀՀ պետական գերատեսչությունները: Պետական բյուջե ավելի շատ հարկ վճարած գերատեսչությունը ՀՀ պաշտպանության նախարարությունն է: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարարության աշխատակազմը գլխավորում է ցանկի երրորդ տեղը եւ պետական բյուջե վճարել է 42 մլրդ 656 մլն 806 հազար դրամի հարկ ու տուրք: Պաշտպանության նախարարությանը հաջորդում է «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկը, որի կատարած հարկային վճարումները կազմել են 5 մլրդ 316 մլն 828 հազար դրամ է: Այս գերատեսչությունը զբաղեցնում է ցանկի 31-րդ տեղը: Քաղաքապետարանին հաջորդում է Պետական եկամուտների կոմիտեն, որը պետական բյուջե վճարել է 4 մլրդ 481 մլն 209 հազար դրամի հարկ ու տուրք: Ազգային անվտանգության ծառայությունը պետական բյուջե կատարել է 4 մլրդ 221 մլն 487 հազար դրամ եւ զբաղեցրել հազար խոշոր հարկատուների ցանկի 45-րդ տեղը։
ԹԵԿՆԱԾՈՒ Է
ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրվել է Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որի ժամանակ էլ թեկնածուին ներկայացրել է ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Ռուբիկ Հակոբյանն իր հերթին ներկայացրել է հանձնաժողովի աշխատանքների, հանձնաժողովի անդամներին տրված վերահսկողական լծակների, լիազորությունների, գործիքակազմի վեաբերյալ իր տեսլականը, անդրադարձել նաեւ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրարկելիությանը վերաբերող որոշ դրույթների։ Հանձնաժողովը, սակայն, վերջնական եզրակացություն չի ներկայացրել: Հավելենք, որ Ռուբիկ Հակոբյանը նախկին պատգամավոր է:
ՈՒՇԱԳՐԱՎ
Քաղաքական իշխանությունները շարունակում են դատական համակարգը ապահովել իրենց մտերիմ եւ ցանկալի մարդկանցով: Մասնավորապես, 2022թ. հունվարի 13-ին Արթուր Աթաբեկյանը ՀՀ նախագահի՝ ՆՀ-13-Ա որոշմամբ նշանակվել էր Սնանկության դատարանի նախագահ: Սակայն նկատենք, որ Աթաբեկյանը այդքան էլ պատահական մարդ չէ, որ դատական համակարգում ամեն ինչ արել են նրան այդ պաշտոնում նշանակելու համար: Մասնավորապես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արթուր Աթաբեկյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եւ Տավուշի ներկայիս մարզպետ Հայկ Ղալումյանի հորաքրոջ որդին է, իսկ, ահա, Ղալումյանները Նիկոլ Փաշինյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունեն։