Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի գիտություն է ընդունել նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառները, սակայն չի մեկնաբանում դրանք։ Պատասխանելով լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների նախապես ուղարկված հարցերին՝ վարչապետ Փաշինյանը միաժամանակ հայտնեց, որ հրաժարականի տեքստի հրապարակումից ժամեր առաջ է տեղեկացել նախագահի մտադրության մասին: «Հրապարակումից երեքուկես ժամ առաջ մոտավորապես նա զանգահարել է ինձ, ու մենք խոսել ենք այդ մասին: Ես հանրապետության նախագահին հարցրել եմ, թե ինքն ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե՞ ինքն ինձ տեղեկացնում է, որ կայացրել է որոշում: Այսինքն՝ ես փորձել եմ հասկանալ այդ որոշումը քննարկման ենթակա է, թե քննարկման ենթակա չէ, որից հետո ինքն ասել է, որ կայացրել է որոշում», – ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետը:
Փաշինյանը միայն անդրադարձավ Արմեն Սարգսյանի բերած պատճառաբանությանը, թե, որպես նախագահ, Սահմանադրությամբ չունի անհրաժեշտ գործիքներ՝ այս բարդ ժամանակներում ազդելու ներքին եւ արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։ Վարչապետը շեշտեց, որ գալով իշխանության ՝ չի սահմանափակել նախագահի լիազորությունները, որոնք նա ստանձնել էր Սերժ Սարգսյանի օրոք? «Պատեհ չեմ համարում, որ ես մեկնաբանեմ՝ ինչն է բավարար, ինչը բավարար չէ, որովհետեւ յուրաքանչյուր անձ՝ պաշտոնյա, այդ թվում՝ պարձրաստիճան պետական պաշտոնյա, ինքն է որոշում, ի վերջո, այդ կարգի որոշումներն ինչ փաստարկների կշռելու մեթոդաբանությունը»։ Նախագահի թեկնածուի անուն նա չտվեց, սակայն ընդգծեց, որ նա պետք է ներդաշնակ աշխատի կառավարության եւ խորհրդարանական մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագրի» հետ՝ հիշեցնելով, որ Արմեն Սարգսյանը չստորագրեց գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության իր հրամանագիրը, երբ Օնիկ Գասպարյանը պահանջում էր վարչապետի հրաժարականը։ «Այդ ներդաշնակության սակավության պատճառով մենք շատ լուրջ մարտահրավերներ ենք ունեցել, որոնց խորությունը գուցե թե չենք էլ արձանագրել էդ պահին։ Մասնավորապես, նախորդ տարի Գլխավոր շտաբի հայտնի հայտարարության համատեքստում էստեղ իշխանության խնդիր չէր բացարձակապես, կառավարության խնդիր չէր, գործադիր իշխանության խնդիր չէր, իմ գնահատականն այն է, որ մենք պետականության կորստի եզրին էինք գտնվում այդ ժամանակ», – հայտարարեց Փաշինյանը։
Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ այլ հարցերի: «Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր, բայց այն պետք է բանակցվի Մինսկի խմբի շրջանակում»,- հայտարարեց Փաշինյանը՝ ըստ էության արձագանքելով Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններին, թե Բաքուն խոչընդոտելու է, որ եռանախագահները զբաղվեն Ղարաբաղի հարցով, որովհետեւ այդ խնդիրը լուծված է։ «Մենք էլ ենք կարծում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այո՛, պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի, բայց էդ փաստաթուղթը ստորագրվելուց առաջ պետք է ձեւավորվի, ձեւակերպվի, դա բանակցությունների արդյունք է, եւ մենք կարծում ենք, որ էդ բանակցությունները պետք է տեղի ունենան, այո՛, եւ Հայաստանը պատրաստ է այդ բանակցություններին։ Ընդ որում, բանակցային գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, որի մանդատն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, հենց էդ բանակցային գործընթացի ամբողջ նպատակը խաղաղության պայմանագրի ստորագրումն է եղել», – նշեց վարչապետը։ Ասուլիսի ժամանակ հնչած հիմնական հարցերը վերաբերում էին Հայաստանի ապագային, սահմանային իրավիճակին, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններին:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆՋԱՏՈՒՄՆԵՐ
Հունվարի 25-ին ԷլեկտրաԷներգիայի մատուցման ընդհատումներ են սկսվել Ղազախստանի խոշորագույն քաղաք Ալմաթիում եւ Ալմաթիի մարզում: Այդ մասին հաղորդել է zakon.kz նորությունների պորտալը: Ալմաթիի վարչակազմի տեղեկատվությամբ՝ անջատումը տեղի Է ունեցել Ղազախստանի «Կեգոկ» Էլեկտրացանցերի կառավարման ընկերության գծով: «Ցանցում ընկել Է լարումը, ենթակայաններում գործել են ավտոմատ բեռնաթափման համակարգերը: Սկսվել են վերամիացման աշխատանքները»,- պարզաբանել են քաղաքի իշխանությունները: Իր հերթին Ղրղզստանից ՏԱՍՍ-ը հաղորդում Է, որ Բիշքեկի մեծ մասը հոսանքազերծված Է, նաեւ Էլեկտրականությունը բացակայում Է մեծությամբ երկրորդ Օշ քաղաքում եւ մի քանի այլ քաղաքներում: Բիշքեկում անջատված է ջեռուցումը, որոշ շրջաններում ջուր չկա: Պատահարի պատճառները պետական մարմիններն առայժմ չեն պարզաբանել: Ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ-ը, Բիշքեկում դադարել են աշխատել բանկոմատները, խանութներում անկանխիկ վճարման տերմինալները: Նաեւ ինտերնետի բացակայության պատճառով բանկերը դադարեցրել են գործառնությունները: Ուզբեկստանի Էներգետիկայի նախարարությունը նույնպես հայտնել է էլեկտրաէներգիայի անջատման մասին երկրի մի քանի շրջաններում:
ԱՄՓՈՓԵԼ ԵՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Գեղարքունիքի մարզում 2021 թվականին գործել են 124 հանրակրթական դպրոցներ, որոնցից մարզային ենթակայության են 116, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության՝ 8 դպրոց։ Մարզում ներառական կրթություն են իրականացրել 124 դպրոց՝ 220 աշակերտով: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, Սեւանի N3 հիմնական դպրոցում գործել է ռուսերեն ուսուցմամբ 4 դասարան` 37 աշակերտով: 2021-2022 ուսումնական տարում մարզի Գեղարքունիք եւ Վարսեր համայնքներում հիմնվել է 2 մանկապարտեզ: 2021 թվականին մարզում գործող 53 մանկապարտեզի 150 խմբում հաճախել են 3 779 երեխա եւ 49 նախակրթարանի 68 խմբում՝ 1 290 երեխա: 2021-2022 ուսումնական տարվա սկզբին աշակերտների թիվը մարզային ենթակայության դպրոցներում կազմել է 28 877, որը, նախորդ ուստարվա համեմատ, 698 աշակերտով ավելի է եղել: 2021-2022 ուստարում 1-ին դասարան են հաճախել 2 899 աշակերտ, որը, նախորդ ուստարվա համեմատ, պակաս է 110 աշակերտով: Առաջին դասարան չի կոմպլեկտավորվել Տրետուք բնակավայրի դպրոցում: 2020-2021 ուսումնական տարվա ավարտին 9-րդ դասարանում սովորել է 2 374 աշակերտ, հիմնական կրթության վկայականներ է տրվել 2 359 աշակերտի, որոնցից 156 աշակերտի տրվել են գերազանցության նմուշի վկայականներ, իսկ 2 203-ին`
սովորական նմուշի վկայականներ: 2020-2021 ուսումնական տարվա ավարտին 12-րդ դասարանում սովորել են 1 298 աշակերտ: Պետական ավարտական քննությունների արդյունքում 12-րդ դասարան ավարտել եւ միջնակարգ կրթության ատեստատ են ստացել 1 295 աշակերտ, որոնցից 1-ն արժանացել է «Գերազանցության մեդալի»: Ընդհանուր թվաքանակի մեջ 2021 թվականին մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտների թիվը կազմել է 1 705 աշակերտ, որոնցից բուհեր են ընդունվել 599 աշակերտ:
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2021 թվականի համաթիվը, ըստ որի` 180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 58-րդ տեղը: Հայաստանի ԿԸՀ (խմբ. կոռուպցիայի ընկալման համաթիվ) 2021 թվականի արժեքը, նախորդ տարվա համեմատ, մնացել է անփոփոխ (49միավոր), իսկ ստանդարտ սխալի չափը հավասար է 3.76-ի (2020-ին այն հավասար էր 3.50-ի): Ինչպես եւ անցյալ տարի, Հայաստանի գրանցած արդյունքն ավելի բարձր է ԿԸՀ համաշխարհային միջինից, որը հավասար է 43-ի։ 180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման 2021 թվականի աղյուսակում Հայաստանը Հորդանանի, Հունաստանի եւ Նամիբիայի հետ կիսում է 58-ից 61-րդ տեղերը (2020թ.-ին Հայաստանը նույնքան միավորով 180 երկրների շարքում կիսում էր 60-ից 62-րդ տեղերը): Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի 19 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 2-րդ տեղը եւ զիջում է միայն իր հարեւան Վրաստանին: Նախորդ տարվա պես Հայաստանը, բացի Վրաստանից, առաջ է իր մյուս երեք հարեւաններից՝ Թուրքիայից (38 միավոր` 96-ից 101-րդ տեղեր), Ադրբեջանից (30 միավոր` 128-ից 135-րդ տեղեր) եւ Իրանից (25 միավոր` 150-ից 153-րդ տեղեր): Զեկույցում ասվում է, որ 180 երկրների շարքում 25 երկրներ էապես բարելավել են իրենց ԿԸՀ-ն՝ ներառյալ Հայաստանը (49 միավոր): Նշվում է, որ Հայաստանը վերջին 10 տարիներին էական առաջընթաց գրանցած երկրների շարքում է:
ՈՒՂԱՐԿԵԼ ԵՆ ԱԱԾ
Դատախազությունը Արմեն Սարգսյանի՝ մինչեւ նախագահ դառնալը այլ երկրի քաղաքացի լինելու մասին «Հետք» լրատվական կայքի հրապարակումն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին հայտնեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: Ըստ դատախազության` հրապարակումն ԱԱԾ է փոխանցվել՝ նկատի ունենալով, որ Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու դեպքի առթիվ դեռեւս 2021 թ.ապրիլին հարուցվել է քրեական գործ՝ փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով: Հրապարակումը հենց այս գործի շրջանակում կդառնա ստուգման առարկա: «Հետք»-ի տեղեկությանհամաձայն՝ ՀՀ նախագահն ուներ Սենթ Քիթս եւ Նեւիսի անձնագիր, ինչը հաստատվել է Սարգսյանի հետ նամակագրության ընթացքում: Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահին ներկայացվող պահանջներից է վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելն ու վերջին վեց տարում Հայաստանում մշտապես բնակվելը: