Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը վերջին շրջանում հանրությանը ներկայացավ նոր կերպարով ամենառեյտինգային «Բլբուլյաններ» հեռուստասիթքոմում: ArmLur.am-ի հետ զրույցում Արաքսյան պատմել է Ջուլիկի կերպարի, ներքին հակասությունների մասին եւ ոչ միայն:
«Երբ «Բլբուլյաններ» սիթքոմում նկարահանվելու առաջարակ ստացա, ե՛ւ պլյուս ունեի, ե՛ւ մինուս: Ի՞նչ առումով. ես ինքս միշտ քննադատաբար եմ մոտեցել հեռուստատեսային այդ ժանրին, բայց նաեւ հասկացա, որ սա մարտահրավեր էր ինձ, իսկ ես սիրում եմ նման մարտահրավերները եւ որոշեցի, որ անպայման ինձ պետք է փորձեմ այդ ժանրում, եւ անկեղծ շատ սիրով եմ սկսել աշխատել: Անկեղծ կլինեմ. սկզբնական շրջանում կերպարիս հետ կապված հակասություններ ունեի: Երբ ինձ հրավիրեցին, ասացին, որ կա կնոջ երկու կերպար՝ մեկը՝ պճնամոլ, իսկ մյուսը՝ դրա հակառակը՝ գյուղացի, հասարակ կին: Անկեղծ ասացի, որ առաջին կերպարի հետ կապ չունեմ, իսկ երկրորդ կերպարի հետ՝ առավել եւս: Ռեժիսորը նույնպես համաձայնեց ինձ հետ, ասաց, որ կնախընտրեր մի քիչ ավելի վատ արտաքինով լինեի, իսկ ես պատասխանեցի, որ խնդիր չունեմ կերպարանափոխվելու, խնդրեմ, ինչպես կուզեք, կարող եք կերպարանափոխել ինձ»,-պատմեց դերասանուհին՝ կատակով նշելով, որ այսպես փոխադարձ միմյանց գովելով՝ մտել են նախագծի մեջ:
Արաքսյան, մեզ հետ զրույցում անկեղծանալով, ընդգծում է, որ սկզբնական նկարահանումներին մշտապես ներքին անհաշտության մեջ է եղել ինքն իր հետ, սակայն կարողացել է հաղթահարել այդ բարդ փուլը:
«Կարծում եմ ՝ նկարահանման առաջին երկու օրը ռեժիսորը «հիասթափություն» էր ապրում։ Առաջինը՝ չէի հաշտվում բառապաշարի, ժեստերի, Ջուլիկի խալաթի հետ եւ ներսից ինքս ինձ հետ կռվում էի: Եվ դա գալիս էր նրանից, որ ես իմ տեսակով բոլորովին կապ չունեի այդ կնոջ տեսակի հետ, դա փաստում են այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, եւ կարծում եմ՝ հենց դա է կոչվում ստեղծագործել, հավաքել կնոջ մեջ բոլոր գեղեցիկ կետերը եւ փորձել ամբողջացնել: Դա իրագործելուն ինձ շատ են օգնում իմ սիրելի թիմն ու գլխավորապես ռեժիսորը: Ի դեպ, շատերից եմ լսում, որ իսկապես շատ են սիրում իմ կերպարը, եւ օրինակ ունեմ իմ առջեւ Գալյա Նովենցին, ով սովորական կնոջ կերպար էր խաղում, բայց մարդկանց կողմից ընդունված եւ շատ սիրելի էր»,-մեզ հետ զրույցում եզրափակեց դերասանուհին:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿՅԱՆՔԸ ՔԱՂՑՐԱՑՆՈՒՄ Է». Լ. ՃԳՆԱՎՈՐՅԱՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հունվարի 24-ին ընդունել է իրանահայ կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: «Երաժշտական արվեստում Ձեր հեղինակած ժառանգությունն ու ավանդը անգնահատելի են բոլորիս համար: Ուրախ եմ հայրենիքում Ձեզ կրկին տեսնելու համար: Հույս ունեմ՝ կկարողանանք համատեղ ծրագրեր նախաձեռնել»,- ողջունելով մաեստրոյին՝ նշել է Վահրամ Դումանյանը: Նախարարը հետաքրքրվել է կոմպոզիտորի գործունեությամբ, ընթացիկ աշխատանքներով: «Աշխատանքը կյանքը քաղցրացնում է»,- ասել է մաեստրոն: Նրա տեղեկացմամբ՝ վերջին 2 տարում հեղինակել է ավելի քան 40 գործ. երկու մեծ ստեղծագործություն նվիրել է արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին, իսկ վերջին գործը ռեքվիեմ է՝ ի հիշատակ կորոնավիրուսի համավարակի զոհերի: Լորիս Ճգնավորյանը նշել է, որ ամեն անգամ մեծ սիրով եւ սպասումով է գալիս Հայաստան. «Հայրենիքի հետ ինձ կապում են նաեւ ամենախենթ հիշողությունները»: Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ նախաձեռնությունների, ծրագրերի մշակման եւ իրականացման, մաեստրոյի նոր ստեղծագործությունները հայրենիքում ներկայացնելու հնարավորություններն ու հեռանկարները: Վահրամ Դումանյանը կոմպոզիտորին հրավիրել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում հունվարի 25-ին կայանալիք «Հերոսներին. 44» խորագրով համերգին. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչելու է Արամ Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը: Համերգը նվիրված է 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին:
ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ԱԼԱՇԿԵՐՏ
Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել ռուսաստանցի կենտրոնական պաշտպան Դմիտրի Գուզի հետ. հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Փորձառու ֆուտբոլիստի նախորդ ակումբը ղազախական «Ատիրաուն» էր, որի կազմում Արամ Ոսկանյանի գլխավորությամբ նա 25 հանդիպման է մասնակցել Ղազախստանի ավարտված առաջնությունում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Հայաստանում «Արարատ-Արմենիա» եւ «Ուրարտու» ակումբներում հանդես եկած Գուզը խաղացել է նաեւ ռուսական մի շարք թիմերում:
ՆՈՐ ՄԱՐԶԻՉ
«Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Էդգար Թորոսյանը: 36-ամյա մասնագետը երեւանյան ակումբում աշխատում է 2017 թվականից: Այդ մրցաշրջանում Թորոսյանը եղել է Արկադի Անդրիասյանի օգնականը: 2019-ին գլխավորել է «Արարատ-2»-ը: 2020-21 մրցաշրջանից սկսած՝ ընդգրկված է եղել Վարդան Բիչախչյանի մարզչական շտաբում: 2020 թվականին Էդգար Թորոսյանը ստացել է ՈւԵՖԱ-ի Պրո կարգի մարզչական արտոնագիր:
ԸՆԿԵՐԱԿԱՆ
Նախապատրաստվելով ֆուտզալի աշխարհի առաջնության նախնական փուլին՝ Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսրայելի ազգային թիմի հետ։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հունվարի 25-29-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում. հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հունվարի 29-ին կմեկնի Իսրայել: Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետեւյալ ֆուտբոլիստներին՝
Լուան Բարբոսա «Ֆունդաո» (Պորտուգալիա)
Ալբերտ Աղաջանով – «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան)
Արթուր Մկրտչյան – «Երեւան»
Արթուր Մելքոնյան – «Ուխտա» (Ռուսաստան)
Ռոդրիգինյո – Նորիլսկի «Նիկել» (Ռուսաստան)
Ժուլիո Զանոտտո – Նորիլսկի «Նիկել» (Ռուսաստան)
Դենիս Նեւեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ – «Տորպեդո» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)
Դավիթ Ասլանյան – «Գոմել» (Բելառուս)
Սարգիս Մարգարյան – «Գոմել» (Բելառուս)
Վիտինյո – «Ֆորտունա Վիներ Նոյշտադտ» (Ավստրիա)
Լուկաս Ռոզենսկի – «Ալ-Թադամոն» (Քուվեյթ)
Սարո Գալստյան – «Երեըան»
Գարեգին Մաշումյան – «Երեւան»
Համլետ Մանուկյան – «Երեւան»
Գեղամ Թումբարյան – «Երեւան»
Միհրան Դերմենջյան – «Երեւան»
Արամ Սարգսյան – «Երեւան»
Ռաֆիկ Մելիքյան – «Երեւան»
Արմեն Դավիդյան – «Ալաշկերտ»