ՖՈՏՈ. Նռնականետ ու դետալներ. ինչպես են Երևանում պայթեցրել տրակտորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն այսօր գրել էր, որ  գիշեր ուշագրավ դեպք է եղել Երեւանում. Շենգավիթում տրակտոր են պայթեցրել եւ մեկ այլ տեխնիկա եւս: Դեպքի առնչությամբ մանրամասներ է ներկայացրել Քննչական կոմիտեն:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի վարույթ է ընդունվել Արտաշատի խճուղում ասֆալտապատող մեքենան վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. հունվարի 26-ին՝ ժամը 05:00-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Նորագավիթում տրակտոր են պայթեցրել: Նույն օրը հաղորդում է ստացվել նաև ՍՊ ընկերության աշխատակցից այն մասին, որ ժամը 04:30-ի սահմաններում, պայթուցիկ առարկայի միջոցով, վնասել են «ԱՄՄ ԱՆՆ» մակնիշի ասֆալտապատող մեքենա:

Հաղորդումների հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, որի ընթացքում Արտաշատի խճուղում՝ տրանսպորտային միջոցների երթևեկելի հիմնական և երկրորդական գոտիների միջնամասում, հայտնաբերվել է ասֆալտապատող մեքենա՝ վնասված վիճակում, ինչպես նաև՝ նռնականետ և դետալներ:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ առգրավվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, նշանակվել են դատաապրանքագիտական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:




Լրահոս