Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգն ԱԳՆ-ում տեղի ունեցած առանձնազրույցի և ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկել են ե՛ւ հայ-ավստրիական հարաբերությունները, ե՛ւ տարածաշրջանային ու միջազգային զարգացումները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, արտգործնախարար Միրզոյանը նախարար Շալենբերգին հետ կիսվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ իր տեղեկություններով։
«Ուրախությամբ պիտի նկատեմ, որ պարոն Շալենբերգը, միանշանակ, ողջունում և սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը և համանախագահության ջանքերն` ուղղված Լեռնային Ղարաբաղի՝ դեռ չլուծված հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև՝ իր աջակցությունն է հայտնում գոյություն ունեցող բոլոր հումանիտար խնդիրների լուծմանը, ինչպիսիք են հայ ռազմագերիների հարցը և մշակութային հուշարձանների պահպանման և մատչելիության հարցերը», – լրագրողներին հայտնեց Հայաստանի ԱԳ նախարարը։