ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Առևտրի և ծառայությունների մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքներում լրացումներ կկատարվեն: Այս մասին որոշման նախագիծը հանրային քննարկման է դրել Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Մեզ հայտնի դարձավ, որ այս նախագծերի ընդունման արդյունքում կկարգավորվի ակցիայի, զեղչի հասկացությունը, եղանակները, կիրառման պայմանները, այդ թվում՝ ժամկետային սահմանափակումը, ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջները:
Իսկ մինչ այդ, տեղեկանենք, որ մեր երկրում տնտեսվարողների գերակշիռ մասը ապրանքների գների նկատմամբ գործող զեղչերի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն են տրամադրում եւ սպառողներին մոլորեցնում են: Լինում են դեպքեր նաեւ, որ տնտեսվարողները հայտարարում են, որ իրենց մոտ գործում է զեղչ, մինչդեռ զեղչն իրականում չի կիրառվում կամ գործում է սահմանափակ կամ շատ քիչ քանակությամբ ապրանքների նկատմամբ կամ միայն որոշակի տեսականու համար: Ավելին, գործնականում հանդիպող խնդիրներից է նաեւ ակցիայի իրականացմանը նախորդող ժամանակահատվածում ապրանքի իրացման գնի կամ ծառայության մատուցման գնի կտրուկ բարձրացումը, որին հաջորդում է ակցիայի կիրառումը արդեն իսկ բարձրացված գնից: Մեզ մոտ ակտիվորեն գովազդում են 70-80 տոկոս զեղչերի մասին, բայց իրականությունն այլ է. գինն ուղղակի արհեստական բարձրացնում են, ապա չնչին տարբերությամբ իջեցնում:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս խնդիրների լուծման նպատակով նախատեսվել է օրենսդրական բարեփոխումներ իրականացնել: Ըստ այդմ՝ գնի իջեցման մասին ցանկացած հայտարարություն պետք է պարունակի նախորդ գինը: Իսկ նախորդ գինը ամենացածր գինն է, որը կիրառվում է վաճառողի կողմից գնի իջեցմանը նախորդող ոչ պակաս քան 30 օրվա ընթացքում։ Բացի այս, զեղչը յուրաքանչյուր դեպքում կարող է տևել ոչ ավել, քան մեկնարկի պահից հետո երեք ամիս անընդմեջ։
Ի դեպ, տեղեկացնենք, որ սեզոնային գնիջեցումը սեզոնի ավարտից հետո և առավելագույնը տարին երկու անգամ իջեցված գնով ապրանքների վաճառքն է։ Իսկ սեզոնային զեղչը կիրառվում է դեկտեմբերի 25-ից հունվարի 10-ը և հուլիսի 1-ից 15-ը։ Սեզոնային գնիջեցումը կարող է տևել առավելագույնը 60 օր: Այս փոփոխությունները կսթափեցնեն արդյոք անբարեխիղճ տնտեսվարողներին, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Բայց նկատենք, որ առջեւում սիրահարների տոնն է՝ փետրվարի 12-ը, փետրվարի 14-ը, որին հաջորդում է կանանց տոնը՝ մարտի 8-ը, եւ ինչպես հայտնի է՝ այս օրերին տնտեսվարողները մեծ զեղչեր են հայտարարում:
Ի դեպ, առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայության օբյեկտներում վաճառողի կողմից որոշված զեղչի վերաբերյալ տեղեկատվության մեջ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների նշումը ՝առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ 20.000 դրամից մինչեւ 30.000 դրամի չափով:
Սյունէ Համբարձումյան