Պարզվել են Սևան քաղաքի 25-ամյա բնակչի մահվան հանգամանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սևան քաղաքի 25-ամյա բնակչի մահվան հանգամանքները:

Ստացված ահազանգի համաձայն՝ երիտասարդի դիակը հայտնաբերվել է 2019թ. մայիսի 5-ին Սևանա լճի ափին գտնվող՝ չգործող հանգստյան գոտու քարե տնակի և պատի արանքում՝ ջրի մեջ: Դեպքի վայրի զննությամբ նշված քարե պատի վրա հայտնաբերվել է էլեկտրական հոսանքի կառավարման վահանակ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ երիտասարդի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից՝ տեխնիկական էլեկտրականությամբ էլեկտրահարվելու ֆոնի վրա:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 58-ամյա տղամարդը, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից երեք տարի ժամկետով վարձակալության պայմանագրով վարձակալած հանգստի գոտու տարածքում, պայմանագիրը խզելուց հետո, առանց ջրածածկ տարածքում շինություններ ունենալու, դրանց էլեկտրական սնուցման համար էլեկտրական հոսանք պահանջելու իրավունքի, իրականացրել է քարաշեն հանգստյան տնակների կառուցում, ինչպես նաև երկու հարկանի փայտաշեն տնակի տեղակայում, որն օգտագործ­ման համար հանձնել է 25-ամյա երիտասարդին:

Պարզվել է նաև, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ նշված տարածքը սպասարկող աշխատակիցը, տեղեկացված լինելով, որ հիշյալ տարածքում գտնվող փայտաշեն տնակում էլեկտրականությանհաղորդագծի միացումն իրականացվել է ՀՀ Կառավարության համապատասխան որոշման պահանջների խախտումներով, միջոցներ չի ձեռնարկել այն հոսանքազրկելու համար: Արդյունքում, 2019թ. մայիսի 5-ին 25-ամյա երիտասարդը, խափանված հոսանքը միացնելու համար վերոնշյալ քարաշեն տնակի պատի մոտ եղած վահանակի վրա աշխատանքներ կատարելիս, անզգուշությամբ էլեկտրահարվել և ընկնելով ջրի մեջ՝ մեխանիկական շնչահեղձությունից մահացել է։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 58-ամյա տղամարդուն և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:




Լրահոս